Պատերազմ, հրաժարականներ, անկում. Հայաստանի Առաջին Հանրապետության վերջին նոյեմբեր ամսվա իրադարձությունները

Հայաստանի Առաջին Հանրապետությունն ունեցավ երկու տարվա կյանք, սակայն այդ երկու տարիների մեջ խտացած պատմությունն այնքան խորն է, բովանդակ, լիարժեք չվերլուծված, որ յուրաքանչյուր ընթերցողի համար այն ամեն անգամ բերում է նոր շերտեր, ընկալումներ, խորհրդանիշներ և գաղափարներ:

Մյուս կողմից հարկ է նշել, որ զուգահեռներ տանելով Հայաստանի վերջին տարիների իրադարձությունների և Հայաստանի Առաջին Հանրապետության պատմության հետ, տեսնում ենք, որ շատ իրողություններ գրեթե նույնությամբ կրկնվում են: Թշնամիները շարունակում են առաջ շարժվել նույն գաղափարներով, իրենց գաղափարներն իրագործում են նույն մեթոդներով, ամեն ինչ նույնն է և ցավալիորեն նույնն է նաև մեր դիրքորոշումն ու ընկալումները ներքին և արտաքին թշնամիների վարած քաղաքականության շուրջ:

Առաջին Հանրապետության ամենաբարդ էտապներից մեկն իր գոյության վերջին ամիսն էր՝ 1920 թվականի նոյեմբերը: Այդ ամսին տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնք հարկ է հիշել, ինչո՞ւ չէ՝ նաև տանել զուգահեռներ մեր օրերում տեղի ունեցող իրադարձությունների հետ:

Կարդացեք նաև

1920 թվականին շատ բարդ իրավիճակում էր գտնվում Հայաստանը: Հայաստանի համար ծանր իրավիճակ սկսվեց հատկապես նույն թվականի հոկտեմբերի 14-ից: Հենց այդ օրը որոշում կայացվեց Խորհրդային Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանը խորհրդայնացնելու մասին: Սեպտեմբերին սկսվեց հայթուրքական երկրորդ պատերազմը: Այդ բարդ պայմաններում հոկտեմբերի 30-ին թուրքերը գրավեցին Կարսը: Թուրքական զորքերը Կարսում զբաղված էին վայրագություններով, որոնց զոհ գնաց մոտ 6000 մարդ: Գերեվարեցին մոտ 3000 մարդու: Կարսի արյունահեղ իրադարձություններից հետո՝ նոյեմբերի 18-ին, կնքվեց զինադադարի համաձայնագիր, ինչը շատ ծանր պայմաններ ունեցավ Հայաստանի համար:

Պատերազմում պարտությունը, ստեղծված բարդ իրավիճակը դրդեցին, որպեսզի նոյեմբերի 23-ին հրաժարական տա Հայաստանի Առաջին Հանրապետության երրորդ վարչապետ Համո Օհանջանյանը և իր կառավարությունը:

Այդ առիթով Սիմոն Վրացյանը հետագայում գրում է. «Զինադադարի դաժան պայմանների կնքումով Օհանջանյանի կառավարությունն այլևս հեղինակությունը կորցրել էր ժողովրդի աչքին: Ամեն կողմից պահանջում էին նրա հրաժարականը: Եվ կառավարությունն ինքն էլ, մասնավորապես՝ վարչապետը և զինվորական նախարարը, աշխատում էին օր առաջ ազատվել իրենց ուսերի վրա ծանրացած պարտականություններից»: (Սիմոն Վրացյան, «Հայաստանի Հանրապետություն», Երևան, 1993, էջ 517):

Նոյեմբերի 23-ին հրաժարական տվեց Համո Օհանջանյանի կառավարությունը, ով խորհրդարանին ուղղված իր տեքստում մասնավորապես նշեց.

«Բացվում է նոր շրջան, քաղաքական ուժերի նոր սիտուացիա… իմ կառավարությունը ներկայացրեց իր հրաժարականը՝ նկատի ունենալով հանրապետության շահերը»: (Տե՛ս՝ Պատմական ակնարկ – Նախկին վարչապետեր – Հայաստանի Հանրապետության Կառավարություն):

Նույն օրը խորհրդարանում առաջարկվում է վարչապետի նոր թեկնածու և կատարվում է նոր նախարարների ընտրություն: Վարչապետի թեկնածու է առաջարկվում նախկին գյուղատնտեսության, պետական գույքերի և աշխատանքի նախարար Սիմոն Վրացյանը, ով ընտրվում է վարչապետի պաշտոնում և անում այս հայտարարությունը.

«Ես գիտակցում եմ, թե քաղաքական այս բացառիկ պայմաններում խորհրդարանն ինչպիսի ծանր բեռ է դնում իմ ուսերին: Իմ կազմելիք կառավարությունը հաջողություն կունենա, եթե երկիրը և Հայաստանի գերագույն օրենսդրական մարմինը լինեն նրա հետ: Ես հավատացած եմ, որ ձեր և երկրի աջակցությամբ կհաջողվի մեզ տագնապալի այս վիճակից դուրս գալ պատվով»: (Սիմոն Վրացյան, «Հայաստանի Հանրապետություն», էջ 520):

Վարչապետ ընտրվելուց ուղիղ 24 ժամ անց Սիմոն Վրացյանը ներկայացնում է կառավարության կազմը և հանդես գալիս հայտարարությամբ:

Այդ հայտարարության մեջ նկատում ենք ժամանակի բարդ վիճակը, Հայաստանի առաջ ծառացած ծանրագույն խնդիրները և, որ ամենակարևորն է՝ այդ խնդիրների հիմքում աշխարհաքաղաքական ուժերի գործոնը: Պատմությունը նույնությամբ կրկնվում է նաև այսօր.

«Վերջին տարիների ընթացքում անդրկովկասյան ժողովուրդներին հասած բոլոր աղետների և դժբախտությունների պատճառը աշխարհի հզորների վարած իմպերիալիստական քաղաքականությունն է, որի հետևանքով անվերջ և արյունահեղ կռիվների և ավերածությունների թատերաբեմ է դարձել նաև Հայաստանը: Այդ քաղաքականությունը սպառել է Հայաստանի դեմոկրատիայի շինարարական եռանդը: Այսպիսի քաղաքականության հետևանքներից մեկն է նաև վերջին պատերազմը իր բոլոր արհավիրքներով: Ներկա կառավարության առաջին և գլխավոր նպատակն է լինելու հանել մեր երկիրը քաղաքական այս շրջապտույտից և ազատել նրան օտար ուժերի քայքայիչ ազդեցությունից»: (Նույն տեղում՝ էջ 522):

Սակայն, ինչպես պատմությունը ցույց տվեց, Համո Օհանջանյանի կառավարությունը չկարողացավ ազատել երկիրն ՕՏԱՐ ՈՒԺԵՐԻ ՔԱՅՔԱՅԻՉ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԻՑ: Նույն օրն Ալեքսանդրապոլում սկսվեցին հայ-թուրքական հաշտության բանակցությունները: Արդեն իսկ նոյեմբերի 29-ին խորհրդային բանակը և Բաքվում կազմավորված Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն Սարգիս Կասյանի նախագահությամբ մտան Իջևան և հայտարարեցին, որ կառավարությունը տապալված է, և Հայաստանը խորհրդայնացել է:

Դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերն Ալեքսանդրապոլում ավարտվեցին հայ-թուրքական բանակցությունները: Կնքվեց Ալեքսանդրապոլի ստորացուցիչ պայմանագիրը:

Դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրվեց Հայաստանի խորհրդայնացման համաձայնագիրը, որով դադարեց գոյություն ունենալ Հայաստանի Առաջին Հանրապետությունը:

Զ. Շուշեցի

Տեսանյութեր

Լրահոս