Բադասյանը, Գալյանը, Դադունցն ու Պետիկը. արդարադատության նախարարի անհասկանալի կադրային քաղաքականությունը

Երեկ երեկոյան, 168.am-ի տեղեկություններով` արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի առաջարկությամբ Նիկոլ Փաշինյանը արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում նշանակել է Տիգրան Դադունցին:

Վերջինս մինչ այս նշանակումը զբաղեցրել է Արդարադատության նախարարության Օրենսդրության զարգացման հիմնադրամի տնօրենի պաշտոնը:

Կառավարության` մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանի աշխատակազմում քննարկվել է նաև Ռուստամ Բադասյանի մտերիմ Պետիկ Մկրտչյանի հավանական թեկնածությունը արդարադատության փոխնախարարի պաշտոնում, ում մասով, ի դեպ, կառավարությունում ձևավորված է խիստ բացասական դիրքորոշում:

Այս թեկնածուի, ինչպես նաև արդեն նշանակված Ներսես Զեյնալյանի մասին 168.am-ն ավելի վաղ գրել էր։

Կարդացեք նաև

Նշենք, որ Պետիկ Մկրտչյանի աշխատանքային կենսագրությունը սերտորեն կապված է Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Ռուստամ Բադասյանի հետ։ Նա մշտապես ուղեկցել է Բադասյանին թե՛ Արդարադատության նախարարությունում՝ որպես նախարարի խորհրդական, թե՛ ՊԵԿ-ում՝ նախ որպես ՊԵԿ նախագահի խորհրդական, ապա՝ ՊԵԿ իրավաբանական վարչության պետի տեղակալ:

Պետիկ Մկրտչյանի քեռին՝ Արսեն Սիմոնյանը, ևս աշխատում է համակարգում: Նա Քննչական կոմիտեի` արդեն նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի մտերիմներից է:

Ներկայում զբաղեցնում է Քննչական կոմիտեի Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետի պաշտոնը:

Պետիկ Մկրտչյանի մյուս մորեղբայրը նախկին դատավոր, Վերաքննիչ քրեական դատարան երկու անգամ տարած-հետ բերած Տիգրան Սիմոնյանն է, ով դատավոր աշխատելու կարճ ժամանակում աչքի ընկավ Փաշինյանի իշխանությանը հնազանդորեն ծառայելու խորը պատրաստակամությամբ, բազմաթիվ քաղաքական գործերով պատրաստակամորեն կալանավորեց ընդդիմադիր գործիչների, սակայն, ի վերջո աշխատանքից ազատման դիմում գրեց, հենց հասկացավ, որ իր օրերը համակարգում հաշված են։

Պետիկ Մկրտչյանը մտերիմ է նաև Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանի և նրա տեղակալ Հրանտ Ջիլավյանի հետ: Ինչ խոսք, սա ևս ուշագրավ հանգամանք է կոնկրետ կառույցի համար:

Նշենք նաև, որ Սրբուհի Գալյանն իր խորհրդականի պաշտոնում նոյեմբերի 14-ին նշանակել է Ռուստամ Բադասյանի մեկ այլ մտերմի՝ Ներսես Զեյնալյանին։

Ընդ որում, Կառավարությունում ևս արդեն սկսել են քննարկել, որ Գալյանն իր մոտ է տեղավորում Բադասյանի մտերիմներին:

Տեսանյութեր

Լրահոս