Փաշինյանի սափրվելն արարի մի մասն է, իսկ հրաժարական տվողները պատասխանատվությունից չեն խուսափի
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու հարցին և դրա վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագծին, որին ՔՊ-ն չմիացավ:
«Հաշվի առնելով, որ Բաքվում հայտնի կլիմայական համաժողովն էր ընթանում, և, բնականաբար, արտաքին լսարանին ուղղելու հստակ մեսիջներ կային, ողջ գործընթացն ընթացակարգային առումով՝ դիմումը, հայտարարության տեքստը, և իմ ելույթը՝ որպես հիմնական զեկուցողի, կազմված էր իրավաքաղաքական գնահատականների վրա՝ հանրածանոթ միջազգային իրավունքից և կոնվեցիաներից հղումներով: Նպատակ կար այդ օրերին ընթացող որոշակի պրոցեսներին զուգահեռ, երբ եվրոպական խորհրդարանը, տարբեր երկրների խորհրդարաններ կոչ էին անում անհապաղ ազատ արձակել գերիներին, Հայաստանը ևս կարողանար պատշաճ գնահատական տալ: Կարծում ենք, որ այդ փուլում կարևոր էր խորհրդարանի կողմից հայտարարության տարածումը: Բայց իշխող քաղաքական ուժը, ինչպես շատ նախաձեռնությունների դեպքում, վիժեցրեց գործընթացը, չքվեարկությամբ, ըստ էության, տապալեց գործընթացը և հնարավորություն չտվեց խորհրդարանին հայտարարության տեսքով դիմելու միջազգային ատյաններին»,- նշել է նա՝ հավելելով, որ խաղաղության գործընթացն իր հիմքում պետք է ունենա նաև գերիների, ռազմագերիների ազատ արձակման գործընթացը:
Այնուհետև Տիգրան Աբրահամյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի՝ բանակի վերաբերյալ հայտարարությունների մասին, որ չպետք է այն սրբագործել:
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, ցանկացած նման հայտարարություն, այն էլ՝ քաղաքական իշխանության կողմից, ծանր հետևանքներ են թողնում զինված ուժերում՝ բարոյահոգեբանականից մինչև մարտունակություն:
«Իսկ սրբագործման հանրային ընկալումը հիմնված է այն գաղափարի վրա, որ 3-րդ Հանրապետության զինված ուժերը բավականին ծանր իրավիճակում են ստեղծվել, կազմավորվել: Այն եղել է բազմաթիվ նահատակների արյան գնով: Բայց Զինված ուժերում այսօր էլ, մեկ օր առաջ էլ, երեք տասնամյակ առաջ էլ իրենց լուման, ներդրումն ունեցել են մեծ թվով կամավորներ, զինծառայողներ, սպաներ, որոնց առաքելությունը պետք է ճշգրիտ գնահատել»,- շեշտեց Տիգրան Աբրահամյանը:
Լրագրողների խնդրանքով «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարն անդրադարձավ նաև կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որին հաջորդեցին մի շարք պաշտոնանկություններ, այդ թվում՝ ուժային կառույցների և իրավապահ համակարգի: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի, Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանի, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի ազատումներին:
«Այս քայլը ես ավելի շատ դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո: Խոսքս, իհարկե, ուղիղ առումով նրա մասին չէ, որ հնարավոր է՝ 3-5 ամիս հետո ընտրական գործընթաց լինի, նույնիսկ հերթական ընտրությունները սարերի հետևում չեն, և իշխանությունը փորձում է նոր դեմքով հանդես գալ: Որոշակիորեն փորձում է փաթեթավորել բոլոր այն խնդիրները, որոնք տարիների ընթացքում կուտակվել են: Սափրման գործընթացն այս ընդհանուր արարի մի մասն է, դա պատահական համընկնում չէ»,- նշել է Աբրահամյանը:
Մանրամասները՝ տեսանյութում