Խոստացել ենք, հեռացնելո՛ւ ենք. հանգի՛ստ եղեք. Աղվան Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանն իր սոցիալ-հոգեբանությամբ և ենթագիտակցությամբ մնացել է նույնը, ինչ եղել է փոքր ժամանակ, և այդպես էլ չի մեծացել:
«Փորձում է զրո կետից սկսել, բայց երբ նա զրո կետից է սկսում, տեսել ենք՝ ինչ հետևանքներ է դա ունենում»,- այսօր ԱԺ ճեպազրույցում անդրադառնալով պաշտոնանկություններին՝ ասաց նա:
«Մի ափսոսացեք, շատ բան չենք կորցրել: Այդ պաշտոնյաները եղած թե չեղած մեկ բռնապետիկի որոշման արդյունք է, և նրանք իրենցից որևէ բան չէին ներկայացնում, ինչպես որևէ բան չեն ներկայացնում այստեղ ԱԺ-ում: Նրանց մեջ չկա մի ինքնուրույն, մի ազատ մարդ, որը կարողանա Նիկոլի տեսակետներին, կարծիքներին հակադրվող մի բան ասել: Փողոցում լիքը նման պաշտոնյաներ կգտնվեն: Որ նրանց գործունեության արդյունքում է մեր պետությունը, մեր հասարակությունն այս վիճակում՝ ակնհայտ է, չէ՞: Ի՞նչ խնդիրներ կան իրենց ներսում, Աստված իրենց հետ, դա ինձ քիչ է հետաքրքրում: Բայց որ այս մարդու ղեկավարությամբ Հայաստանը հեռանկար չունի, և այս մարդը չարիք է մեր ամբողջ ժողովրդի համար, այլևս կարծում եմ՝ մեր հասարակության բացարձակ մեծամասնությունն այդ կարծիքին է»,- ասաց նա:
Հարցին՝ «Հայաստան» դաշինքը, երբ ընտրություններին քվե էր խնդրում, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնի, ինչո՞ւ չի կատարել խոստումը, և եթե մարդը չի կատարում իր խոստումը, ինչո՞ւ քաղաքական պատասխանատվության չի ենթարկվում, նա պատասխանեց.
«Ձեր բոլոր երգերը նույն բանի մասին են, արջ էլ չեք, որ ասեմ՝ արջի երգը միշտ մեղրի կամ տանձի մասին է: Այդ ամեն գործընթացին դուք լավապես տեղյակ եք: Խոստացել ենք, առայժմ չենք կարողացել, բայց հեռացնելու ենք, հանգիստ եղեք»:
Մանրամասները՝ տեսանյութում