Ադրբեջանցիները գերիներին ստիպել են փորել իրենց գերեզմանը, ուր պիտի ողջ-ողջ թաղվեին. Սիրանուշ Սահակյան

«Ադրբեջանի ագրեսիան մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության դեմ» թեմայով համաժողովում «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը նշեց, որ հայ-ադրբեջանական հակամարտությունն առանձնահատուկ է նրանով, որ հայերի ճակատագիրը վճռելը միջպետական հարաբերություններում դարձել է գերիշխանության դրսևորման, ցուցադրման եղանակներից մեկը, և այս պայմաններում անազատության մեջ գտնվող հայերի կալանավորումը և անազատության մեջ շարունակական պահելը պետական քաղաքականության մաս է, որը շահարկվում է բանակցային գործընթացում:

Սիրանուշ Սահակյանի խոսքով, վաղ փուլում մեծաթիվ գերիների վերաբերյալ տեսանյութեր ցուցադրվեցին, ադրբեջանական կողմը հրաժարվում էր հաստատում տալ, տևական ժամանակ ընտանիքները գտնվում էին անորոշության մեջ, ինչը հավելյալ հոգեկան տառապանքներ պատճառելու միտում ուներ: Բայց, ըստ նրա, բարեբախտաբար դատական գործընթացների և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գործունեության շնորհիվ գերեվարման դեպքերը սկսվեցին հաստատվել, իսկ ավելի ուշ նաև գերեվարվածների հետ տեսակցություն ապահովվեց:

«2020 թվականի պատերազմից ի վեր հարյուրավոր հայեր գերեվարվել են, դրանց թիվը գերազանցում է 300-ը: Բազմաթիվ ջանքերի շնորհիվ շուրջ 210 գերի հայրենադարձվել են, բայց նրանց մեջ առկա էին անձինք, ովքեր սահմանային միջադեպերի կամ տարածքում մոլորվելու արդյունքում էին հայտնվել ադրբեջանական վերահսկողության ներքո, և կրկին երկար ժամանակ չէին հայրենադարձվում: Եվ այս պահին պաշտոնապես հաստատված 23 հայեր այս պահին գտնվում են անազատության մեջ, նրանց կարգավիճակը բնութագրելիս, մենք տարբեր եզրույթներ ենք օգտագործում. հիմնականում գերիներ, բայց հաճախ գործածության մեջ է դրվում պատանդ տերմինը, որը, կարծում եմ, ճիշտ է նկարագրում երևույթը, հաշվի առնելով, որ նրանց ազատ արձակման հարցը ոչ թե կապված էր բուն կոնֆլիկտի հետ, այլ քաղաքական պահանջների բավարարման:

23 անձանց պարագայում մենք ունենք 5 անձ, ովքեր գերեվարվել են 2020 թվականին, իսկ մնացյալ 18 դեպքերը տեղի են ունեցել 2023 թվականին, նշված 23 թիվը ներառում է նաև Արցախի ղեկավարությանը: Այսինքն, մենք ունենք 8 քաղաքական բանտարկյալ ի դեմս Արցախի նախկին ղեկավարության, և 15 անձինք, որոնց գերեվարումը կապված է Լաչինի միջանցքի փակման և պատերազմական գործողությունների հետ»,- մանրամասնեց Սիրանուշ Սահակյանը:

Կարդացեք նաև

Անդրադառնալով խոշտանգումներին, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավարը նշեց, որ խոշտանգումների դեմ պայքարի որևէ միջազգային մեխանիզմ երբևէ ի վիճակի չի եղել տեսակցել Ադրբեջանում պահվող հայ գերիներին, այն դեպքում, երբ ադրբեջանցիները գերիներին ստիպել են փորել իրենց գերեզմանը, ուր պիտի ողջ-ողջ թաղվեին:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս