Պարոն Փաշինյան, Կիրանցում ձեր կառուցած պատը լացի պատ են ասում. գյուղացիները հեռադիտակով են շրջում. Գառնիկ Դանիելյան
ԱԺ-ում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը նախ հայտարարեց, որ ՔՊ-ական պատգամավորներից ոմանք չգիտեն, որ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ իրավիճակ է փոխվել, և հորդորեց՝ եթե ընդդիմադիր պատգամավորներին չեն լսում, կարող են գոնե ՔՊ-ական Խաչատուր Սուքիասյանին մոտենալ, և նա կբացատրի:
Գառնիկ Դանիելյանն անդրադարձավ նաև ՔՊ-ական պատգամավորներից մեկի՝ Կարեն Համբարձումյանի հայտարարությանը, որ եթե պատերազմ սկսվի, ընտանիքը կվերցնի և կգնա հենակետեր, քանի որ այսօր հզոր հենակետեր են կառուցվում։ Խոսքն ամրացված շրջանների մասին է:
«Բա սիսիանցի տղա ես, բա չե՞ս մտածում, որ բացի քեզնից ու քո ընտանիքից, ուրիշ ընտանիքներ էլ կան»,- շեշտեց ընդդիմադիր պատգամավորը:
Այսինքն, պատերազմի դեպքում ՔՊ-ականները միայն իրենց ընտանիքների անվտանգության մասին են մտածելու, թե որտեղ ապահով թաքնվեն:
Իսկ Գառնիկ Դանիելյանն այս համատեքստում անդրադարձավ նաև Տավուշում տեղի ունեցած սահմանազատման և սահմանագծման գործընթացին:
«Էլի հայտնի Կիրանցի թեման: Պարոն Փաշինյան, Դուք ասում եք, որ այնտեղ անվտանգ է, և որևէ խնդիր չկա, էդ ձեր կառուցած պատը Կիրանցում համարում են լացի պատ: Լացի պատ է էդ պատը: Ի զարմանս ինձ, գյուղացիների մեծ մասի մոտ կա հեռադիտակ: Զարմացա, ասեցի՝ էս հեռադիտակն ի՞նչ է անում էս ժողովուրդը, ասում են՝ նայում ենք, որ անասունը սահմանը չանցնի: Այնտեղ անասնապահությունն էլ է կրճատվել, էն մարդիկ էլ, որ էդ դաշտերում ցորեն, գարի էին ցանում, հիմա զրկված են դրանից: Գնացեք և հարցրեք էդ մարդկանց՝ էդ ձմեռվա պաշարը, որ ունեին, հիմա կա՞, թե՞ չկա»,- ասաց Դանիելյանը:
Ընդդիմադիր պատգամավորը խոսեց նաև բնակարանաշինության 16 միլիոն արժողությամբ ծրագրի մասին։
Մանրամասները՝ տեսանյութում