Նուբարաշենում նոր աղբավայր կառուցել դեռ չի ստացվում, բայց ամանորյա տոներն արագ-արագ կազմակերպում են
Երևանի քաղաքապետարանն արդեն սկսել է հոգալ ամանորյա ծախսերը․ թեև Ամանորին 2 ամիս ու ավելի կա, բայց քաղաքային գերատեսչությունն անցել է գործի ու էլեկտրոնային աճուրդ ընթացակարգով ընտրել Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանում ամանորյա միջոցառումների կազմակերպման ծառայությունները կազմակերպող մատակարարին։
Իսկ այդ մատակարարը պետգնումներում 2019 թվականից բավականին ակտիվ ու տարբեր գերատեսչությունների՝ հիմնականում Երևանի քաղաապետարանի հետ միլիոնավոր դրամների տասնյակ պայմանագրեր կնքած «Լիլանարմ» ՍՊԸ-ն է։ 2000 թվականից գրանցված ընկերությունը 2014 թվականից պատկանում է Հարություն Օհանյանին։
Ըստ պայմանագրի՝ ՍՊԸ-ն քաղաքապետարանի հետ կնքված հերթական պայմանագրով 5 միլիոն 615.800 դրամով պետք է Նուբարաշեն վարչական շրջանի կենտրոնական զբոսայգում տեղադրված տոնածառի շուրջ կազմակերպի տոնական միջոցառում՝ պրոֆեսիոնալ հանդիսավարի և հայկական էստրադայի հայտնի, ճանաչված, սիրված, միջազգային բեմերում համերգային ծրագրեր ունեցած առնվազն 3 երգիչների մասնակցությամբ, ինչպես նաև՝ ապահովի հարակից այլ ամանորյա կերպարների ներկայությունն ու միջոցառման տեխնիկական հարցերի կազմակերպումը։
Իսկ մինչ քաղաքային իշխանությունները տոնից տոնի են անցնում, Նուբարաշենի գործող աղբավայրի փակման և հարակից տարածքում միջազգային չափանիշներին համապատասխան նոր աղբավայրի կառուցման ոդիսականը շարունակվում է։ Ինչպես ասում են՝ տոնը՝ տոն, իսկ ո՞վ պետք է հոգա այդ վարչական շրջանի բնակչի իրական խնդիրների լուծումը։
Հիշեցնենք՝ Երևան քաղաքի զարգացման 2023 թվականի ծրագրով նախատեսվել էր «Նուբարաշենի խճուղուն հարող և Աջափնյակի աղբավայրերի փակում և նոր քաղաքային աղբավայրի կառուցում»-ը։