Բաժիններ՝

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց վեճերի խաղաղ կարգավորման կոնվենցիաների վավերացմանը

Հաագայում ընդունված «Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» կոնվենցիաները վավերացնելու մասին նախագիծն այսօր հավանության արժանացավ ՀՀ կառավարության նիստի ժամանակ։

Կոնվենցիաներն ընդունվել են 1899 թ. հուլիսի 29–ին և 1907 թ. հոկտեմբերի 18–ին։ Դրանք հիմք են հանդիսացել Մշտական արբիտրաժային դատարանի (Permanent Court of Arbitration–PCA) ստեղծման համար։ 122 պետություններ հանդիսանում են կոնվենցիաներից մեկի կամ երկուսի մասնակից (այդ թվում՝ Կոսովոն և Պաղեստինը):

«Դատարանն ընձեռում է միջազգային համագործակցության, միջազգային իրավունքի պահպանման և զարգացման, ինչպես նաև սահմանված իրավական նորմերի շրջանակներում վեճերի խաղաղ կարգավորման մեխանիզմների հասանելիություն, ուստի անհրաժեշտ է ընթացք տալ Հայաստանի Հանրապետության` Մշտական արբիտրաժային դատարանին անդամակցելու գործընթացին»,- ասված է որոշման հիմնավորման մեջ։

Դատարանին անդամակցելը կարևորվում է նաև Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային գրավչության բարձրացման համատեքստում՝ հնարավոր ներդրողներին տալով լրացուցիչ իրավական երաշխիքներ:

ՀՀ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով ՀՀ կառավարությունը նախագիծը կներկայացնի ՀՀ սահմանադրական դատարան, որից հետո այն կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։

ՍԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ է նշանակել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս