Գյուղատնտեսությունն ազատ անկման մեջ է, արդյունաբերությունը զրոյին մոտ աճ ունի… Թադևոս Ավետիսյան
2025թ. գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախագծի քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում շարունակվում են։
Հիշեցնենք, որ պետական բյուջեի նախագծի հիմքում 2025թ. ՀՆԱ-ն կանխատեսվել է 11,050.1 մլրդ դրամ, տնտեսական աճը՝ 5.6%, ՀՆԱ-ի դեֆլյատորը՝ 3.5%, միջին գնաճը՝ 3.5%, պետական բյուջեի եկամուտները՝ 2,873.1 մլրդ դրամ, որից հարկային եկամուտները՝ 2,759.9 մլրդ դրամ:
Նշվում է, որ հարկային վարչարարության բարելավման, ստվերի դեմ պայքարի, ինչպես նաև հարկային քաղաքականության միջոցառումների արդյունքում ակնկալվում է ապահովել հարկեր՝ հասնելով կառավարության ծրագրով սահմանված 25% թիրախին։ Պետական բյուջեի ծախսերը նախատեսվում են 3,482.4 մլրդ դրամ, պակասուրդը՝ 609.4 մլրդ դրամ:
Բյուջե 2025-ը, ըստ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի, անիրատեսական է հենց 5,6 տոկոս տնտեսական աճի կանխատեսումից սկսած։
168․am-ի հետ զրույցում Թադևոս Ավետիսյանը մանրամասնեց իր համոզման պատճառները՝ ուշադրություն հրավիրելով նախ արտաքին գործոնների դրական ազդեցության թուլացման և հարկային մուտքերի հավաքագրման ենթադրվող էական դժվարությունների վրա։
«Մենք արդեն իսկ այս տարի ծրագրվածից էապես ցածր հարկային մուտքեր ունենք, և նույն այդ գործոնի դանդաղման պատճառով։ Այսինքն՝ հարկային մուտքերը փաստացի չեն կարողանում ապահովել, իսկ հարկային մուտքերի հաջորդ տարվա աճն էլ ավելի անիրատեսական է դառնում, ու բնական է, որ ինչպես այս տարի, այնպես էլ հաջորդ տարի ծրագրված մի շարք ծախսեր, այդ թվում՝ կապիտալ ծախսերը, հնարավոր չի լինելու պլանավորվածի համապատասխան իրականացնել։ Այս հարցում էլ են մանիպուլացնում՝ նկարելով ծախսեր, որոնք, իրենք էլ գիտեն՝ չեն կարողանալու անել, որովհետև ասելու են՝ փող չկա, հետևաբար՝ ծախս էլ չկա»,- նշեց տնտեսագետը։
Ըստ նրա՝ 2025 թվականին պետք է սպասել նաև պետական բյուջեի դեֆիցիտի էական ավելացման։
Մասնագետի համոզմամբ՝ նաև վերջին տարիներին տնտեսական կառուցվածքի վատթարացումն է բացասական ազդեցություն թողել և թողնելու տարբեր՝ մասնավորապես տնտեսության իրական հատվածի ցուցանիշների վրա։
«Եթե այս տարի մենք արտահանման ցուցանիշից հանում ենք «ոսկու տենդը»՝ վերաարտահանումը, տեսնում ենք, որ այդ ցուցանիշն իրականում նվազել է։ Հաջորդ տարի այս առումով ևս խնդիրներ են լինելու, քանի որ, առհասարակ, թուլանալու է դեպի ՌԴ վերաարտահանումների գործոնը։
Գյուղատնտեսությունն ազատ անկման մեջ է, եթե արդյունաբերության ցուցանիշից հանում ենք վերաարտահանման մանիպուլյացիան, այն զրոյականին մոտ աճ ունի, իսկ ՏՏ ոլորտն արդեն իսկ էական անկում ունի, շինարարական «փուչիկն» էլ մոտ է պայթյունի․ եթե սա նկատի առնենք, կարելի է ասել, որ հաջորդ տարի իրական հատվածում ոչ միայն աճի ապահովման, այլև նույնիսկ եղած ցուցանիշը պահպանելու դժվարություններ ենք ունենալու,- հավելեց պատգամավորը՝ արձանագրելով նաև, որ հաջորդ տարվա բյուջեում իրական հատվածի ֆինանսավորման աջակցության ծրագրերն էլ աճելու փոխարեն՝ նվազում են,-
Մեկնարկում են ծրագրերը, հետո չեն կարողանում կամ չեն ուզում վերահսկել, առաջանում են կոռուպցիոն ռիսկեր, ապա այդ ծրագրերը կրճատում են»։
Թադևոս Ավետիսյանը շեշտեց՝ այս իրավիճակում արդեն բնական է դառնում պետական պարտքի ավելացմանը զարկ տալը։
«Հաջորդ տարի մենք ոչ միայն պետական պարտքի, այլև դրա սպասարկման աճ ունենք։ Իսկ պարտքն անշեղորեն աճում է, և մատնանշածս ենթադրվող գործոնների պարագայում՝ կբախվենք պետական պարտքի ավելի մեծ աճի, քան նույնիսկ բյուջեով է նախատեսված»,- ամփոփեց նա։