Ադրբեջանը ՀՀ-ի հետ համաձայնությունների ճակատագիրը կապում է ՀՀ Սահմանադրության փոփոխության հետ, դա ներկայացվում է՝ որպես նախապայման․ Լուկիանով
Երևան-Բաքու, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրի ողջ տեքստը վերջնականացնելու մասին պաշտոնական Երևանի հայտարարություններից հետո Ադրբեջանը շարունակում է պնդել իր նախապայմանները։
Հոկտեմբերի 31-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամով-Մեծ Բրիտանիայի Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և անդրծովյան հարցերով պետնախարար Սթիվեն Դոութի հեռախոսազրույցի ընթացքում ադրբեջանական կողմը բրիտանացի պաշտոնյային մանրամասնորեն ներկայացրել է գործընթացի մանրամասները։
Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ, զրույցի ընթացքում Բայրամովն իր զրուցակցին տեղեկացրել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման Ադրբեջանի տեսլականի, այդ ուղղությամբ գործնական քայլերի, ինչպես նաև Հայաստանի հետ խաղաղ գործընթացի մասին։
Նա նշել է, որ խաղաղության համաձայնագրի բանակցային գործընթացում լուրջ առաջընթաց է գրանցվել, աշխատանքներ են տարվում ամբողջ նախագծի համաձայնեցման ուղղությամբ, մինչդեռ «Հայաստանի Սահմանադրությունում առկա տարածքային պահանջներն Ադրբեջանի նկատմամբ հանդիսանում են գործընթացի հիմնական խոչընդոտը»։
Ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ շատ կարևոր է, որպեսզի բանակցող կողմերը ճիշտ հասկանան այն ուղերձները, հայտարարությունները, պահանջները, որոնք միմյանց ներկայացնում են։ Ըստ նրա, կարևոր է նաև, որպեսզի կողմերը հասկանան, թե գործընթացը որքանո՞վ է լուրջ և որքանո՞վ է ծանրաբեռնվում արհեստական պահանջներով՝ ինչ-որ այլ նպատակներ հետապնդելով։
«Այս դեպքում մշակված խաղաղության համաձայնագրի բովանդակությունից դուրս, կարծես, բանակցությունների ընթացքում նոր պահանջ է դրվել, որը ձևակերպվում է՝ որպես այս համաձայնագրի ստորագրման նախապայման։
Եթե սա իսկապես այդպես է, ապա համաձայնագիրը չի ստորագրվի ոչ մեկ, ոչ էլ երկու և չորս ամիսներ անց, քանի որ սահմանադրական փոփոխությունները ենթադրում են տևական աշխատանք։ Հայկական կողմին, կարծում եմ, թվում է, որ վերջնականացնելով փաստաթուղթը՝ կշահագրգռի Ադրբեջանին հրաժարվել այդ պահանջից, սակայն դա տեղի չի ունենում։
Ըստ ամենայնի, ի տարբերություն Երևանի՝ Ադրբեջանը չի շտապում ստորագրել այդ համաձայնագիրը։ Հենց այս պատճառով է կարևոր ճիշտ գնահատել իրավիճակը, հասկանալ, թե որ հարցն իրականում ինչու է բարձրացվում, ինչ թիրախ է հետապնդում և ինչու»,- նման տեսակետ հայտնեց Լուկիանովը։
Նրա դիտարկմամբ՝ չի բացառվում, որ այս հարցը երկկողմ բանակցության առարկա չէ, և այս մասին միայն հրապարակային մտահոգություններ են հնչում, և այդ հանգամանքը որոշակի թյուրընկալումներ է առաջացնում։
«Սակայն, եթե նշվում է, որ այս կամ այն հարցը հիմնական խոչընդոտ է, դա նշանակում է, որ այն տվյալ երկրի համար իր բնույթով շատ ավելի առանցքային ու հիմնական է, դրանից են կախված Ադրբեջանի մյուս բոլոր մոտեցումները։ Սա, թերևս, նշանակում է, որ մոտ ապագայում համաձայնագիր չի ստորագրվելու կողմերի միջև»,- ասաց նա։
Նա ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ Ստամբուլում կայացած 3+3 ձևաչափով հավաքի ընթացքում Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկ է արվել նպաստել գործընթացին այդ հարթակի միջոցով։
«Սրան զուգահեռ՝ Բայդենն է առաջարկներով հանդես եկել, կողմերն ընդհանրապես երկար չհանդիպելուց հետո, հանդիպեցին Կազանում, գործընթացը շատ տարերային է և անկանխատեսելի։ Չի բացառվում նաև, որ շատ կարճ ժամանակում կողմերը համաձայնեն ստորագրել համաձայնագիրը որոշակի իրավիճակում, սակայն հակված եմ կարծել, որ առավելապես գործընթացը բարդանում ու ձգձգվում է»,- նշեց փորձագետը։