Միակ ելքը թուրքի ոտքերին փաթաթվելը չէ․ թուրքագետ
«Պատմության ողբերգական անցքերը՝ Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրելը կամ դա թիվ մեկ առաջնահերթություն դարձնելը, անշուշտ, արտաքին գործերի նախարարության օրակարգը չէ»՝ Ազգային ժողովում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի կողմից արված այս հայտարարությունը մեծ արձագանք է գտել թուրքական լրատվամիջոցներում. թուրքական լրատվամիջոցների մի մասն այս լուրը ներկայացրել են «անսպասելի», «զարմանալի» և նմանատիպ այլ ածականներով։
Բայց Արարատ Միրզոյանի հայտարարություններն անակնկալ չեն եղել թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանի համար․ ըստ նրա, այս կառավարության դեպքում մարգարե լինելը բարդ չէ։
«Մի քանի տարի է՝ այս կառավարությունը ոչ թե թուրքերի պահանջներն է կատարում, այլ նրանցից նույնիսկ մի քայլ առաջ է անում միշտ։ Թշնամական կողմը, օրինակ, ասում է՝ «խոստացել եք՝ տվեք»․ այդ խոսքն իմիջիայլոց հենց այդպես էլ հնչեց։ Սա այդ քայլերից մեկն է․ ճիշտ է, Ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարվելու պահանջը եղել է մշտապես թուրքական կողմից, սակայն Ցեղասպանությունից հրաժարվելու պահանջն այս կառավարության առջև չէր դրվել, ու նրանք մի քայլ առաջ գնացին։
Ի դեպ, ես տեղեկացա, որ Ցեղասպանության թանգարանը նորոգելու որոշում կա, ինչը ենթադրում է նաև՝ փակում․ նման բաներ անում են նաև Թուրքիայում, երբ նորոգության անվան տակ փակվում է հիմնարկն ու այլևս չի բացվում»,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց նա՝ մտահոգությամբ, թե հայտնի չէ՝ հետո ինչ է լինելու ցուցադրված ու չցուցադրված էքսպոնատների, փաստաթղթերի ու անգամ հուշակոթողի ճակատագիրը։
Հարցին՝ եթե Հայաստանն այսօր օբյեկտիվորեն թույլ է, պարտված կողմ, ապա տարածաշրջանում թշնամիների հետ ստիպված երկխոսելու այլընտրանքը ո՞րն է, թուրքագետը պատասխանեց՝ վստահեցնելով, թե այդ քայլերը չեն արվում ելք չլինելու պատճառով։
«Թուրքերի մոտ ստորաքարշորեն գնացող կառավարությունը չի ասում, որ ելք չկա․ իրենք ասում են՝ այս բաները պետք է անենք, որովհետև միջազգային հանրությունն է ուզում։ Եվ հետո՝ ելքեր շատ կան, իսկ դրանցից գլխավորն այն է, որ պարտված ու ամեն ինչ հանձնելու շատ մեծ ցանկություն ունեցող այս կառավարությունը փոխվի։ Միայն դրանից հետո նոր կառավարությունը պետք է սկսի նախկինում եղած հարաբերությունների, դաշնակցային կապերի վերականգնումը։ Այստեղ մեր սահմանի վրա մինչ օրս կանգնած է ռուս զինվորը, ու մինչ օրս այդ սահմանն ապահով էր։ Մյուս կողմից՝ եթե Իրանն այդպես ջանասիրաբար չփորձեր պաշտպանել իր ելքը դեպի հյուսիս, մեր ելքը դեպի հարավ, մենք վաղուց այդ տարածքները հանձնել էինք»,- հավելեց նա։
Դիտարկմանը, թե իշխանություններն ու հանրային շրջանակները հիշեցնում են նաև, որ այդ նույն ռուս զինվորի աչքի առջև հայաթափվեց Արցախը, թուրքագետն արձագանքեց․
«Եթե անգամ այնպես է, որ մեր դաշնակիցը մեզ չի օգնել (ինչի հետ ես համամիտ չեմ՝ հաշվի առնելով գործող իշխանության կողմից վարվող քաղաքականությունն այդ օրերին ու դրանից առաջ), ինչո՞ւ պետք է ստորաքարշորեն խնդրել թուրքին․ իրականում պետք չէ խնդրել ոչ մեկին, բայց եթե թուրքին պետք է խնդրեն, թող պարսիկին ու ռուսին խնդրեն։ Դեռ Ցեղասպանության օրերին տեսել ենք, երբ թուրքին խնդրում են, նա ավելի վայրագ է դառնում»։
Ամփոփելով՝ Տիրան Լոքմագյոզյանը վստահեցրեց՝ իրավիճակն այնպես չէ, ինչպես իշխանությունը փորձում է ներկայացնել ժողովրդին, թե մենք խեղճ, պատերազմը տանուլ տված պետություն ենք, որի միակ ելքը ստորաքարշորեն թուրքի ոտքերին փաթաթվելն է։