Թուրքիան, հատկապես պատերազմից հետո, «միջնորդել» է հայ-ադրբեջանական գործընթացին, սակայն ընդդեմ Հայաստանի․ Վիկտոր Նադեին-Ռաևսկի

Նախօրեին Կառավարության նիստի ժամանակ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան ուշադիր հետևում է խաղաղության հասնելու Բաքվի և Երևանի ջանքերին։

Նա նշել է, որ Անկարան կշարունակի «համակարգված աշխատել ադրբեջանցի եղբայրների հետ՝ կայուն խաղաղության հասնելու համար»։

«Մենք ուզում ենք, որքան հնարավոր է՝ շուտ լավ լուր ստանալ այս ուղղությամբ, նախքան ինչ-որ մեկը կփորձի սաբոտաժի ենթարկել գործընթացը»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ չհստակեցնելով, թե ինչ սաբոտաժի մասին է խոսքը։

Հիշեցնելով, որ հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կայացել է «3+3» ձևաչափով Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպում, Էրդողանը շեշտել է, որ այն կարևոր կարիքներ է բավարարում։

Կարդացեք նաև

«44-օրյա պատերազմից հետո և Ղարաբաղի 30-ամյա օկուպացիայի ավարտով տարածաշրջանում մշտական խաղաղություն հաստատելու բացառիկ հնարավորություն է ստեղծվել։ Այժմ խաղաղության քամի է փչում այս տարածաշրջանում, որը ժամանակին հայտնի էր ցավով և հակամարտությամբ»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Վերջերս Թուրքիայում անցկացված Անվտանգության խորհրդի նիստի օրակարգում ևս հայ-ադրբեջանական թեմատիկան ներառվել էր։ Հարցը քննարկվել էր օրերս Կազանում Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ ևս։

Վերջին երկու ամսվա ընթացքում հայ-թուրքական շփումներն ակտիվացան, սակայն առանց էական առաջընթացի։ Նյու Յորքի Թուրքական տանը սեպտեմբերի 25-ին կայացավ Էրդողան-Փաշինյան հանդիպում, որի ընթացքում, ըստ թուրքական կողմի, Փաշինյանը Թուրքիային է դիմել հայ-ադրբեջանական գործընթացին և խաղաղության ձեռքբերմանը նպաստելու խնդրանքով։ Այնուհետև Ստամբուլում անցկացվող «3+3» խորհրդակցական հարթակի հանդիպման շրջանակում հոկտեմբերի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում ունեցավ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ:

ՀՀ արտգործնախարարության հաղորդման համաձայն՝ զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգային և Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը միտված երկխոսության շարունակականությանն առնչվող հարցեր։

Նշվում է, որ նախարար Միրզոյանը վերահաստատել է գործընթացում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման կարևորությունը։ Կողմերը մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ:

Ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին 168.am-ի հետ զրույցում ասաց, որ հայկական կողմը, չնայած այս տարիների ընթացքում ակնհայտորեն նկատեց, որ Թուրքիան երբեք թեկուզ մի փոքր հայամետ դիրքորոշում չի ունենալու Ադրբեջանի դեմ, դեռևս հույս ունի, որ Թուրքիան Հայաստանի որոշակի դրական քայլերի պարագայում Ադրբեջանի նկատմամբ ճնշումներ կկիրառի հօգուտ Հայաստանի։

Նրա խոսքով, ՀՀ իշխանությունների հաշվարկը սա է, իսկ Թուրքիայի իշխանությունների մոտեցումը սրա հետ հակադրության մեջ է։

«Թուրքիան երբևէ չի դադարելու գործել այդ դիրքորոշումից անկախ, ինչպես նաև չի դադարելու հայտարարել, որ ռեգիոնում համագործակցում է Ադրբեջանի հետ, ելնում Ադրբեջանի դիրքորոշումներից։ Թուրքիան հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում առաջնորդվում է Ադրբեջանի դիրքորոշումներով, քանի որ շահերն են այդպիսին պատմականորեն։ Թուրքիան կառուցում է Մեծ Թուրան, ձգտում է հասնել թուրանական միջանցքի, որն էլ մասամբ իրականացնում է Ադրբեջանը»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին։

Նա գտնում է, որ Թուրքիան չի միջամտելու և միջնորդություն չի նախաձեռնի այն տեսքով, ինչ ակնկալում է Երևանը։

Վերլուծաբանի դիտարկումների համաձայն, Թուրքիան մշտապես ունեցել է առանձնահատուկ միջնորդություն, այդ թվում՝ պատերազմի ժամանակ։

«Այդ միջնորդություն-ազդեցությունն ավելի շեշտակի է եղել պատերազմից հետո, երբ Հայաստանի բազմաթիվ քայլեր Թուրքիայի կողմից անպատասխան մնացին՝ այն պնդումով, որ հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը զուգահեռ։ Պետք է նաև խոստովանել, որ այդ միջնորդություն-ազդեցությունը եղել է Հայաստանի դեմ։ Պարզապես Թուրքիայի իշխանությունները ներկայումս առանձնապես չեն քննադատում ՀՀ իշխանություններին, քանի որ տեսնում են, որ վերջիններս բարյացակամ են տրամադրված, հրաժարվել են բոլոր պատմական խնդիրներից, անցյալից, ինչը եղել է Թուրքիայի տասնամյակների ցանկությունը։ Սակայն ՀՀ նման ծանրակշիռ քայլի դիմաց Թուրքիան նույնիսկ սահմանը չի բացում, սա կրում է դեմոնստրատիվ բնույթ, որպես ճնշման լծակ Հայաստանի նկատմամբ»,- նման տեսակետ հայտնեց ռուս թուրքագետը։

Նա նշեց, որ Թուրքիայի այս դիրքորոշումն է նաև պատճառը, որ թուրքական կողմն ակտիվորեն չի անդրադառնում ՀՀ այդ խնդրանքին։

«Եթե Թուրքիան նպատակ ունենար նման արդար նախաձեռնություններով հանդես գալ, դրա շուրջ գոնե ներկայումս քարոզչական աշխատանք կտարվեր, սակայն Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումները չեն փոխվել, Թուրքիան սպասում է հայ-ադրբեջանական կարգավորմանը, ակնկալում համաձայնություն կողմերի միջև»,- նկատեց Վիկտոր Նադեին-Ռաևսկին։

Ուստի, նրա կարծիքով, անկախ շփումների հաճախականությունից, որակից, կան ռազմավարական, սկզբունքային դիրքորոշումներ, որոնք չեն փոխվելու։

«Թուրքիան չի ձևավորելու Հայաստանի հետ Ադրբեջանից անկախ օրակարգ, և դա Ադրբեջանի պահանջն է, որը Թուրքիան կատարում է և կատարելու է»,- ասաց նա։

Խոսելով ռուս-թուրքական հարաբերությունների, ԲՐԻԿՍ գագաթնաժողովին Թուրքիայի մասնակցության, կազմակերպությանը միանալու հայտի մասին՝ վերլուծաբանն ասաց, որ չնայած վերջերս ռուս-թուրքական հարաբերություններում որոշակի թույլ խնդիրներ էին նկատվում, ՌԴ նախագահը երկար ժամանակ հայտարարել է Թուրքիայի այցի մասին, սակայն այդ այցը տեղի չի ունենում, թեև այդ խնդիրները ներկայումս կայունանում են։

Նրա դիտարկումների համաձայն, Թուրքիան այլընտրանքային միջազգային հարթակներ է փնտրում։

Ըստ նրա, նախ Թուրքիան տասնամյակներ շարունակ սպասում էր ԵՄ անդամակցությանը, սակայն ապարդյուն, միևնույն ժամանակ աճում է ԲՐԻԿՍ-ի նշանակությունը։

«Այդ բևեռն ամրապնդվում է, կասկածի տակ է դնում արևմտյան աշխարհակարգը։ Դա արտահայտվում է Թուրքիայի տրամադրությունների վրա, ի դեպ, թե իշխանության, թե ընդդիմության հիասթափությունը ԵՄ-ից և Արևմուտքից մեծ է, թեև Արևմուտքը փորձում է Թուրքիայի հետ սերտ համագործակցել։ Սակայն այստեղ ևս անընդհատ խնդիրներ են առաջանում»,- բացատրեց Նադեին-Ռաևսկին։

Նա պնդեց, որ Ադրբեջանը ևս նմանատիպ արտաքին քաղաքականություն է փորձում վարել։

Տեսանյութեր

Լրահոս