Սև-սպիտակը չի բերում թե՛ ներդրում, թե՛ խաղաղություն

Հայաստանում կա համոզում, որ կայուն խաղաղության հեռանկարի բացակայությունն էապես ազդում է երկրի ներդրումային գրավչության վրա, քանի որ ներդրումները հոսում են այնտեղ, որտեղ կա խաղաղության և կայունության հուսալի հեռանկար: «Ներդրողները հերթ չեն կանգնած մեր դռանը»,- հաճախ հնարավոր է լսել ի պատասխան, երբ փորձ է արվում քննական հայացք գցել Հայաստանի տնտեսական քաղաքականության տրամաբանությանն ու կառուցվածքին:

Տեսականում դա գրեթե անվիճելի դիտարկում է: Որևէ ներդրող իր փողը չի ենթարկի ռիսկի: Սակայն ամբողջ հարցն այն է, որ ներդրումային պորտֆելները չեն ենթադրում «սև ու սպիտակ» բաղադրիչներ: Իհարկե, Հայաստանի հանրային գիտակցության մեջ շատ վաղուց, տարիներով, գուցե տասնամյակով հետևողականորեն ներդրվել է իրողությունների չափման հենց այդ տրամաբանությունը կամ «բանաձևը», բայց կյանքը դրանից չի դադարում լինել բազմերանգ, այլ հանրություններն են դադարում ունենալ կյանքի ադեկվատ ընկալում:

Ներդրումային պորտֆելները ձևավորվում են բազմաթիվ՝ թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ հանգամանքների բերումով, որոնց շարքում՝ խաղաղության հեռանկարի հուսալիության աստիճանը կարևոր, բայց բաղադրիչներից ընդամենը մեկն է:

Ընդ որում, ոչ ամենակարևորը: Որովհետև հաճախ նաև հենց ներդրումային, տնտեսական շահերն են խաղաղություն ձևավորող կարևոր գործոն: Կյանքին սև-սպիտակ նայող հանրությունների համար գուցե լինի զարմանալի, բայց պատահում է նաև, որ խաղաղությունն է գնում ներդրումների հետևից, այլ ոչ հակառակը: Տնտեսական շահերը ձևավորում են քաղաքական հոսանքներ, կառավարում դրանք:

Կարդացեք նաև

Որովհետև, եթե, օրինակ, դիտարկենք պարզ տեսականությունը՝ թե խաղաղության բացակայությունը ներդրումների բացակայություն է, ապա Իսրայելը, օրինակ, պետք է լիներ ներդրումային անապատ, բայց այդպես չէ: Ներդրումային անապատ պետք է լինեին Մերձավոր Արևելքի շատ երկրներ, բայց այդպես չէ:

Ինչ խոսք, գուցե համեմատության մեջ կան ներդրումային «դրախտներ», ի տարբերություն այդ ռեգիոնի: Բայց այս դեպքում համեմատությունը չէ խնդիրը: Որովհետև, եթե գնահատում ենք, օրինակ, Հայաստանի հանդեպ արտաքին ներդրումային հետաքրքրության և ներդրումային գրավչության աստիճանը, հարաբերակցությունը, ապա պնդումն այն չէ, թե Հայաստանը, օրինակ, ինչո՞ւ չունի նույնքան արտաքին ներդրումային պորտֆելներ, որքան եվրոպական կամ նույնիսկ կենտրոնասիական որևէ երկիր: Պարզապես, չափվում է հայաստանյան պոտենցիալի և իրականության հարաբերակցությունը, և այդտեղ է արձանագրվում լրջագույն բացը:

Ի վերջո, Հայաստանի անկախ պետականության երեք տասնամյակի ընթացքում եղել է արտաքին ներդրումային հետաքրքրություն, եղել են խոշոր ներդրումային պորտֆելներ, առաջարկներ, անգամ իրականություն դարձած ծրագրեր: Դրանց մեծամասնությունը չեն դարձել հետագա ներդրումային վերնաշենքի ամուր հիմք ոչ թե այն պատճառով, որ ամուր չի եղել խաղաղության հեռանկարը, այլ, որովհետև բավարար չի եղել ներդրողի հետ աշխատանքը, աշխատանքը ներդրողին պահող ներքին՝ թե տնտեսաքաղաքական, թե սոցիալ-հոգեբանական միջավայր ձևավորելու ուղղությամբ:

Ի դեպ, անվտանգության առումով ոչ պակաս ռիսկային է նաև Կենտրոնական Ասիան, բայց այնտեղ հոսում են միլիարդներ: Նույնը գուցե նաև հակառակորդ հարևանի՝ Ադրբեջանի առնչությամբ, որի պարագայում էլ, Հայաստանի հետ չավարտված պատերազմը երեք տասնամյակի ընթացքում չի խանգարել աշխատել արտաքին ներդրողների հետ, գալ փոխադարձ պայմանավորվածությունների, ձևավորել փոխադարձ, սերտաճած տնտեսաքաղաքական շահեր, և այդ ամենը դնել հավակնոտ ու ագրեսիվ ռազմաքաղաքականության հիմքում:

Եթե մենք, որպես պետականություն ունեցող հանրություն, փորձենք փնտրել ոչ թե Հայաստանով հետաքրքրված արտաքին ներդրողներ, փնտրել ոչ թե ներդրողներին հետաքրքրելու, գրավելու հավելյալ միջոցներ, որ պահանջվում են զգայունությամբ աչքի ընկնող բոլոր ռեգիոններում, փնտրել ոչ թե առաջարկներ, ընդհանուր տնտեսական շահեր, այլ այդ ամենի բացակայության «օբյեկտիվ» արդարացումներ, ապա Հայաստանը չի տեսնի շոշափելի ներդրում, այլ նաև՝ խաղաղություն:

Առավել ևս, որ, «հերթ չեն կանգնած» նաև խաղաղություն բերողները: Հետևաբար, այո, չունենալով մեր դռանը ներդրողների հերթ, մենք ունենք հենց անվտանգությունից բխող էական կարիք՝ ինքներս հերթ կանգնել արտաքին ներդրողների դռանը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող շահավետ առաջարկներով:

Հայաստանի միջազգային ներդրումային գրավչության ցածր գործակցի պատճառը խաղաղության ռիսկայնությունը չէ, այլ կառավարման կանխատեսելիության, կառավարման կոմպետենտության ռիսկայնությունը, նաև «արտաքին ներդրող» հասկացության հանդեպ հանրային նախապաշարումների, անգամ դավադրապաշտական ընկալումների առատությունը:

Այդ ամենի հետևանքով խաղաղության ռիսկերը չեն նվազում, փոխարենը՝ գումարվում են տնտեսական անվտանգության ռիսկերը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս