Զինվորականների անմեղության կանխավարկածը խախտող թիվ մեկ անձի բարոյախրատական ճառերն ԱԺ-ում. Ո՞ւմ է այն ուղղված
Հոկտեմբերի 23-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե քրեական գործ հարուցելը և նույնիսկ մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելն արդյունք չէ, որովհետև հնարավոր է՝ դատարանն արդարացնի տվյալ մարդուն, կամ էլ գործը կարճվի, ինչը կարող է լեգիտիմ տարբեր հիմքեր ունենալ:
«Մենք ասում ենք՝ քանի դեռ չկա մեղադրական դատավճիռ, մարդը համարվում է անմեղ, բայց հետո ինչ-որ մի բան, քրեական գործ հարուցվեց, ասում ենք՝ էս է մեղսագրվում, էն է մեղսագրվում, տասը հոդված կապում ենք էդ մարդու վզին, ուղարկում լրատվամիջոցներ, առաջին էջերում են հայտնվում, հետո մանր տառերով տակը գրում են՝ էդ գործը կարճվեց: Սենց չեղավ: Հետո էս մարդը ստիպված է լինելու ևս 5 տարի բացատրել, որ իր գործը կարճվել է, բայց դա ոչ ոք չի հիշում: Բոլորը հիշում են էն առաջին ալիքի վրա եղած տեսարանները»,- շարունակել է Փաշինյանը, ում իշխանության օրոք մարդկանց ցուցադրական թևերը ոլորելով, գետնին քարշ տալով՝ բերման են ենթարկել՝ ամենատարբեր մեղադրանքներով, այդ թվում՝ պետական դավաճանության, ընդ որում, նաև զինվորականների, որոնք հետո արդարացվել են, բայց, այո, շատերի մոտ մնացել է առաջին տեղեկությունն ու տպավորությունը:
Ինչո՞ւ առաջին իսկ դեպքից հետո Փաշինյանը չի կանխել ԱԱԾ ցուցադրական շոուները, եթե անգամ մեղադրանքը շատ հիմնավոր է եղել: Չի իմացե՞լ, թե՞ չի տեսել այդ տեսանյութերը: Բնականաբար, գիտի, տեսել է, գուցե թույլատրել է, և նման դեպքերը բազմաթիվ են: Բայց որպեսզի Նիկոլ Փաշինյանը մանևրելու հնարավորություն չունենա, բերենք մի քանի օրինակ, երբ անձամբ ինքն է մարդկանց մեղադրել «մահացու մեղքերի մեջ» և խախտել անմեղության կանխավարկածը:
Առաջին, 2023 թվականի ապրիլին Փաշինյանը Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ դարձյալ մեղադրանքներ էր հնչեցրել գեներալների հասցեին: Խոսքը, մասնավորապես, ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին է վերաբերում, ով մեղադրվում է «Արեգա» բարձունքից նահանջի հրաման տալու և Շուշիի պաշտպանությունը պատշաճ չկազմակերպելու համար:
Մասնավորապես, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանին հարցրել էր՝ արդյո՞ք 5-րդ շարասյան վերաբերյալ նրա արած հայտարարությունը փաստերի վրա էր հիմնված, ինչին Փաշինյանը պատասխանել էր.
«Համընկնումը պատահական է, բայց 2 օր առաջ հեռուստատեսությամբ մի ռեպորտաժ տեսա մի քրեական գործի մասին, որը, ինչքան հասկացա՝ ուղարկվել է կամ պետք է ուղարկվի դատարան, որը հետևյալի մասին է, որ ադրբեջանական կողմը գրոհել և գրավել է բարձունք, հայկական կողմը հակագրոհել է և հետ է գրավել բարձունքը:
Հիմա քրեական գործով մեղադրվող բարձրաստիճան զինվորականը մեղադրվում է ինչի՞ համար, որ գնացել է, ընդ որում, իր լիազորությունները զանցառելով, ըստ էության գնացել, ասել է՝ հետ իջեք հետ գրաված բարձունքից, թողե՛ք այդ բարձունքը: Սա չի պրոբլեմը, ամենամեծ պրոբլեմն այն է, որ ցանկացած գործողություն պետք է ունենա պատճառաբանություն, պետք է ունենա բացատրություն: Որովհետև ենթադրենք՝ Պաշտպանության բանակը հաջող հակագրոհ է արել և բարձունքը հետ է գրավել, և մեր բարձրաստիճան զինվորականը գնում հրամայում է, ասում է՝ հետ իջեք, թողեք բարձունքը, այսինքն՝ ըստ էության բարձունքը նորից հանձնեք թշնամուն: Ընդ որում, այդ մարդիկ դիմադրում են, բայց ինքը պնդում է՝ չէ որ չէ, բարձունքը հետ է հանձնում: Ու պրոբլեմն այն է, որ չկա բացատրությունը, ինչո՞ւ, ինչո՞ւ է հետ հանձնվում: Պայմաններ է ապահովում, որպեսզի հակառակորդն առանց որևէ բարդության՝ գրավի տարածքներ, հետո, երբ փաստերը դրվում են, ինքն ասում է՝ հա, մեղավոր եմ, ընդունում եմ իմ մեղքը, բայց սա ամբողջ պատմությունը չի, բայց ինչի՞ ես արել դա, լավ, ինչի՞ ես արել:
Հասկանո՞ւմ եք, ոչ մի հանցագործություն բացահայտված չի, մինչև իր մոտիվացիան չի բացատրվել: Օրինակ՝ եթե ինձնից փորձագիտական կարծիք հարցնեք, որը դե յուրե ոչ մի նշանակություն չունի, ասեք՝ բա ձեր վերսիան ո՞րն է, ինչի՞ են արել, ես կանեմ գուցե ավելի աղմկոտ բացատրություն կամ աղմկոտ հայտարարություն: Օրինակ, ես մտածում եմ՝ կարո՞ղ է ուրիշ երկրի գործակալներ են էդ մարդիկ, հավաքագրվա՛ծ գործակալներ:
Ես, օրինակ՝ էնքան մտածում եմ ինքս իմ մեջ, ես սա չեմ պնդում, անում եմ իմ վերլուծական հետևությունը, որովհետև ես ուզում եմ բացատրություն գտնեմ: Այսինքն՝ կամ ինքը պետք է վերևից հրաման ստացած լինի, ե՞ս պտի տված լինեմ էդ հրամանը, ես գիտեմ, որ ես էդ հրամանը չե՛մ տվել, ուրեմն ինքն ուրիշ տեղ ունի վերև, որտեղից ստացել է հրամաններ և կատարել է, որովհետև, եթե ես տված լինեի էդ հրամանը, էդ մարդը պրոբլեմ չուներ, կասեր՝ վարչապետը հրամայել է, կատարել եմ, ես զինվորական մարդ եմ, բայց քանի որ ենթադրում եմ՝ ինքը մի տեղից է հրաման ստացել, որտեղից հրաման ստացած լինելու փաստը խոստովանելու պարագայում ինքն ավելի լուրջ մեղադրանք կստանա, այսինքն՝ լրտեսի, հայրենիքի դավաճանի մեղադրանք, ինքն ասում է՝ մեղավոր եմ, ինձ անփութության համար դատեք, ինչքա՞ն է հասնում, 7 տարի՞ է հասնում, դատեք, որովհետև էն մյուս խոստովանության դեպքում իրեն ոչ միայն կդատեն, այլև իր ապրած առոք-փառոք կյանքը, կպարզվի՝ 0 արժեք ունի, որովհետև ինքը շարքային գործակալ է, օրինակ»:
Նշենք, որ Միքայել Արզումանյանի գործը դեռ դատարանում է, նրա նկատմամբ մեղադրանքներն ապացուցված չեն, բայց երկրի ղեկավարն արդեն որոշել էր դատավճիռը՝ նրան համարելով գործակալ, հայրենիքի դավաճան:
Երկրորդ, 2020 թվականի նոյեմբերի 10-ին կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր, թե «Հայրենիք» զորախումբը դիրքը թողել, փախել է ու դասալքության համար պետք է դատվի։
Ավելի ուշ Փաշինյանի մեղադրանքը հերքել էր ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը, ավելի ուշ՝ նաև Գլխավոր դատախազությունից էին լրատվամիջոցներին հայտնել, որ քննությամբ ապացույցներ ձեռք չեն բերվել «Հայրենիք» զորախմբի անդամների կողմից ենթադրյալ դասալքության վերաբերյալ, հետևապես՝ որևէ մեկի նման մեղադրանք չի առաջադրվել։
Երրորդ, 2021 թվականի հունիսին էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Օնիկ Գասպարյանը դեռ Շուշիի համար պատասխան պետք է տա:
«Օնիկ Գասպարյանը դեռ դատարանում պետք է բացատրի, թե Շուշիին օգնության հասնող խումբն ինչու է 1.5-2 օր ուշացումով տեղ հասել»,- ընդգծել էր Փաշինյանը և խոստացել, որ այս պատմությունը մինչև վերջին դետալը պետք է բացվի:
Այս հայտարարությունից որոշ ժամանակ անց Շուշիի պաշտպանությունը պատշաճ չկազմակերպելու համար մեղադրանք առաջադրվեց ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին, ով ավելի քան երկու տարի է՝ գտնվում է անազատության մեջ, իսկ Շուշիի հետ կապված ոչ մի դետալ հանրությանը հայտնի չէ, և չի բացառվում, որ մի օր Միքայել Արզումանյանն արդարացվի:
Այսինքն, Նիկոլ Փաշինյանն առանց դատարանի դատավճռի՝ Օնիկ Գասպարյանին մեղադրում էր Շուշին հանձնելու մեջ, դրանից առաջ Շուշիի կորուստը փորձել էր գցել Արթուր Վանեցյանի, այսպես ասած՝ «գրպանը», նման փորձ եղել է նաև Սեյրան Օհանյանի, անգամ՝ ԲՀԿ-ի հետ կապված, բայց այսօր Շուշին հանձնելու մեջ մեղադրվում է միայն Միքայել Արզումանյանը, ինչը դեռ պետք է ապացուցվի, գործը դեռ դատարանում է, իսկ «Արեգասարի» դրվագով մեղադրանքը, տարբեր տեղեկություններով՝ փլվում է:
Դեռ մի կողմ ենք դնում բանակին և բարձրաստիճան զինվորականությանն ուղղված 44-օրյային առնչվող ընդհանրական մեղադրանքները՝ 5-րդ շարասյան առկայություն, գծած սցենարով պարտության տանելու, փախուստ, նահանջ, տեղանքում չկողմնորոշվել և այլն:
Վերադառնալով Օնիկ Գասպարյանին, նշենք, որ նրան և ՀՀ զինված ուժերին ռազմական հեղաշրջման մեջ մեղադրող Նիկոլ Փաշինյանն Օնիկ Գասպարյանի ազատման հրամանագրում չի նշել այն պատճառը, որում Փաշինյանը մեղադրում էր նրան:
Չորրորդ, 2020թ. հոկտեմբերի 8-ին Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
«Մի քանի օր առաջ ահազանգ ստացա, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել, կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերևա, դիրքերը պահելը իմաստ չունի»:
Ըստ որոշ տեղեկությունների՝ զինվորներին համոզելով, նույնիսկ հրամայելով ստիպել են որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն: Իմ հանձնարարությամբ ԱԱԾ-ում սկսվել է հետաքննություն և գործող գլխավոր անձանցից մեկը, որ Ստեփանակերտի բնակիչ է, հայտնաբերվել և ձերբակալվել է Երևանում:
Հարուցված քրեական գործի շրջանակներում տեղի է ունենում քննություն, որի արդյունքում կպարզվի, թե վերը նշված տեղեկություններից որն է իրական, որը՝ մտացածին: Այս պահին քննվում են տարբեր վարկածներ, ներառյալ՝ քաղաքական ուղղորդման վարկածը, բայց դեռևս շատ բան պարզված չէ:
Մեր այն հայրենակիցներին, ովքեր ունեն համանման տեղեկություններ, կոչ եմ անում դիմել Ազգային անվտանգության ծառայություն:
Ամենավատն այն է, որ տեղեկություններ կան, թե նման գործունեություն ծավալողներ կան առաջնագծի այլ հատվածներում: Բոլորը պետք է հայտնաբերվեն և պատասխանատվության կանչվեն:
Դավաճանները չպետք է տեղ ունենան մեր շարքերում և մեր հերոսական գեներալների, սպաների, զինվորների, կամավորների, ազատամարտիկների թիկունքը պետք է մաքրել համանման տարրերից»:
Ի դեպ, գրառման այն հատվածը, թե՝ «տեղեկություններ կան, թե նման գործունեություն ծավալողներ կան առաջնագծի այլ հատվածներում», Փաշինյանը հետո է ավելացրել:
Ավելի ուշ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որ զինծառայողների շրջանում կեղծ, խուճապ առաջացնող լուրեր տարածողը սպա է՝ նշելով նրա անվան և ազգանվան սկզբնատառերը` Ն.Մ., և նրա ու այս գործի ճակատագիրը հայտնի չէ:
Հինգերորդ, 2022թ. հոկտեմբերի 24-ին Նիկոլ Փաշինյանը Հակակոռուպցիոն կոմիտե այցի ընթացքում հայտարարել էր, թե «ահասարսուռ անուններով հրթիռների միջից պլատաներ են հանել, որոնց մեջ ոսկի կա»:
Ավելի վաղ նման հայտարարություն Փաշինյանն արել էր 2021թ. մայիսի վերջին՝ Աջափնյակ վարչական շրջանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբում տեղի ունեցած հանդիպման ժամանակ՝ ասելով. «ՀՀ-ում կան մարդիկ՝ սպա, ով Ս-300-ի վրայից պլատա ա հանում, որ տանի մեջի ոսկին ծախի՝ 30-40 հազար դրամով»:
2022-ի հոկտեմբերին 168.am-ը հարցում էր ուղարկել Գլխավոր դատախազություն՝ ներառելով Նիկոլ Փաշինյանի 2 հայտարարությունները և փորձելով պարզել՝ ի՞նչ փուլում է գործի քննությունը, կա՞ մեղադրյալ կամ մեղադրյալներ:
Մեր հարցմանն ի պատասխան՝ դատախազությունից հայտնել էին, որ, այսպես ասած, գողի ինքնությունը պարզել չեն կարողացել, ուստի այս դրվագով վարույթը կասեցվել է:
Վեցերորդ, 2020թ. մարտի 11-ին՝ Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրում բնակիչների հետ հանդիպման ժամանակ՝ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե՝ «Սերժ Սարգսյանի իշխանությունը 42 մլն դոլար տվել է, զենք են առել, այդ զենքը չի աշխատում, ընդհանրապես ոչ մի բանի պիտանի չի, ընդամենը մետաղի ջարդոն է»:
Ավելի ուշ այլ լրատվամիջոցներում տեղեկություններ շրջանառվեցին, թե խոսքը 2016-2017թթ. ձեռք բերված ռադիոէլեկտրոնային միջոցների մասին է, որի բացահայտումն արել է Ազգային անվտանգության ծառայությունը:
2022-ի հոկտեմբերին ԱԱԾ-ից 168.am-ին հայտնել էին, որ 42 մլն դոլարի զենքի գործն ԱԱԾ-ն ուղարկել է ՀՀ քննչական կոմիտե։
ՔԿ-ից էլ մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ նշել էին.
«Հայտնում ենք, որ 2017թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՀՀ զինված ուժերի կարիքների համար սպառազինության միջոցների ձեռքբերման գործընթացում ՀՀ պաշտպանության նախարարության մի շարք պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական վարույթի նախաքննությունը 2022 թվականի փետրվարի 15-ից շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում»:
Զավեշտալին այն էր, որ և՛ ԱԱԾ-ն, և՛ Քննչական կոմիտեն հրապարակման ենթակա չէին համարել տեղեկատվության տրամադրումը, թե արդյոք այս պահի դրությամբ կա՞ն մեղադրյալներ, գործում ընդգրկված բարձրաստիճան պաշտոնյաներ, թե՞ ոչ:
Բայց փաստ է, որ Նիկոլ Փաշինյանը փորձել էր հանրության զայրույթը սրել ընդդեմ նախկին իշխանությունների:
Ի դեպ, 2020թ. մարտին ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից «Ազատությանն» ասել էին, որ 42 միլիոն դոլարի զենքի գործով մինչև այդ պահը Սերժ Սարգսյանին իրավապահները չեն դիմել։
Ավելին, այս գործով կալանավորված և հետո ազատ արձակված ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի Ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի բաժնի նախկին պետ Վահան Ավետիսյանը որպես փորձագետ ընդգրկվել էր Ապրիլյան քննիչ հանձնաժողովում:
Եվ հիմա, երբ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում բարոյախրատական ճառեր է ասում, ո՞ւմ նկատի ունի՝ ինքն իրե՞ն, թե՞ իրավապահ և քննչական մարմիններին:
Բայց փաստ է՝ մասնավորապես զինվորականների անմեղության կանխավարկածի գլխավոր խախտողներից մեկը հենց Նիկոլ Փաշինյանն է: