Վրաստանում կա խոշոր խաղացողների շահերի բախում. ցանկացած ապակայունացնող միջադեպ բացասական կազդի հայ-վրացական համագործակցության վրա. Հասմիկ Մելիքսեթյան
Երկու օրից՝ հոկտեմբերի 26-ին, Վրաստանում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ, որոնք, ինչպես փորձագետներն են հայտարարում՝ վճռորոշ ազդեցություն է ունենալու՝ ինչպես տարածաշրջանի, այնպես էլ՝ Հայաստանի վրա։
168.am-ը Վրաստանի ընտրությունների, դրանց ընթացքի, ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի հնարավորությունների և հետընտրական հնարավոր զարգացումների շուրջ զրուցել է Վրաստանի հարցերով փորձագետ Հասմիկ Մելիքսեթյանի հետ։
– Հոկտեմբերի 26-ին Վրաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունները որքանո՞վ կարող են վճռորոշ լինել տարածաշրջանի և, մասնավորապես, Հայաստանի համար։
– Հայաստանը մշտապես կարողացել է աշխատել և համագործակցության եզրեր գտնել Վրաստանի բոլոր իշխանությունների հետ։ Այս պարագայում ևս շարունակելու է աշխատել, այլ հարց է, թե ինչպիսի զարգացումներ կլինեն և ինչ ազդեցություն կթողնեն արդեն իրականացվող նախագծերի, համագործակցության վրա։ Այնուամենայնիվ, ուզում եմ շեշտել, որ առաջին հերթին՝ Վրաստանի, և հետո նաև՝ Հայաստանի համար չափազանց կարևոր է ներքին և տարածաշրջանում կայունությունը, և ցանկացած ապակայունացնող գործողություն կամ միջադեպ իր բացասական ազդեցությունը կունենա թե՛ ընթացիկ նախագծերի շարունակականության ապահովման, թե՛ հետագա համագործակցության վրա։
– Ինչո՞վ է պայմանավորված, որ Վրաստանում այս ընտրությունները տարածաշրջանի խաղացողների ուշադրության կենտրոնում են։
– Հարավային Կովկասը միշտ էլ արտատարածաշրջանային տերությունների ուշադրության կենտրոնում է եղել։ Հիմա, երբ հատկապես լարված են Վրաստան-Արևմուտք հարաբերությունները, բոլորն ուշի-ուշով հետևում են զարգացումներին։ Արևմտյան գործիչները, ինչպես նաև Ռուսաստանն ակտիվ մեկնաբանում և հայտարարություններ են տարածում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ։
– Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն ի՞նչ շանսեր ունեն, իշխանությունը վերընտրվելու հնարավորություններ ունի՞։
– Նախընտրական պայքարն իրականում ընթանում է մի քանի խոշոր ուժերի միջև, որոնցից մեկն իշխող կուսակցությունն է, մյուս 4-ը՝ ընդդիմադիր ուժերը՝ իրենց կազմած կոալիցիաներով, և նախկին վարչապետ Գիորգի Գախարիան՝ իր կուսակցությունով։ Ընդամենը երեկ հրապարակված 3 տարբեր հետազոտություններով (բացի իշխանամետ հարցման) իշխող կուսակցության համար պատրաստ է քվեարկել հարցվածների 30%-ից ավելին։ Միայն իշխանամետ «Իմեդի» ՀԸ պատվերով արված հետազոտությամբ է, որ «Վրացական երազանքը» սահմանադրական մեծամասնություն կարող է ստանալ։ Մնացած դեպքերում, թեև ընդդիմադիր կուսակցություններն առանձին էականորեն զիջում են իշխող ուժին, այնուամենայնիվ, ուժերի միավորման դեպքում կկարողանան խորհրդարանում մեծամասնություն ձևավորել։ Ամեն դեպքում, սրանք հարցման արդյունքներ են և վճռորոշ վերջին 2 օրը դեռ կարող է հասարակական կարծիքը որոշակիորեն փոխվել։
– Վրացի ժողովուրդը կո՞ղմ է երկրի արտաքին քաղաքական վեկտորը փոխելուն, այսինքն՝ հնարավո՞ր է՝ ընդդիմությունն ընտրությունների արդյունքում վերցնի իշխանությունը և փոխի արտաքին քաղաքական վեկտորը։
– Իրականում արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն, որպես այդպիսին, չի էլ քննարկվում։ Այսինքն՝ իշխող կուսակցությունը շարունակում է պնդել, որ Արևմուտքի և իր ռազմավարական գործընկերներ ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ հարաբերությունները շարունակում են առաջնահերթ լինել։ Այլ հարց է, որ քննարկվում է այդ հարաբերությունների վերագործարկման հարցը, որի նախաձեռնողը վրացական կողմը չի լինելու։ Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա ընդդիմության համար Արևմուտքի հետ հարաբերությունները և եվրաինտեգրացիան ամենակարևոր գործընթացն է, որը, ընտրվելու դեպքում, հնարավորինս շուտ վերսկսելու են։ Ի տարբերություն «Վրացական երազանքի»՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորմանը, կան որոշ ընդդիմադիր ուժեր, որ կատեգորիկ են այս հարցում։
– Նախընտրական քարոզարշավը, Ձեր գնահատմամբ՝ հավասար պայմաններո՞ւմ է անցել, ընտրություններին մասնակցող ուժերը կարողացե՞լ են ժողովրդին հասցնել իրենց խոսքը։
– Բոլոր կողմերն էլ ունեն իրենց գործունեությունը և քարոզարշավը լայնորեն լուսաբանող լրատվամիջոցներ, և թեև օրենքը պահանջում է, որ բոլոր լրատվամիջոցները մասնակից ուժերին հավասար լուսաբանեն, այնուամենայնիվ, վրացական ընդդիմադիր մի շարք լրատվամիջոցներ տուգանվել են՝ «Վրացական երազանքի» նախընտրական հոլովակները չտարածելու համար։ Խոսքը ռուս-ուկրաինական պատերազմի առաջացրած ավերածությունների և վրացական կանգուն ենթակառուցվածքների համեմատության և ընդդիմադիր գործիչների՝ օտարերկրյա գործակալ լինելու մասին հոլովակներին է վերաբերում։
– Իշխող թիմի՝ «Վրացական երազանքի» նախընտրական կարգախոսն է՝ «Ընտրիր խաղաղություն, ոչ թե պատերազմ», սա զուտ տեխնոլոգիա՞ է, որը կիրառում է իշխանությունը, թե՞ պարզապես ընտրությունների արդյունքներով պայմանավորված՝ երկիրը կարող է հայտնվել պատերազմի մեջ։
– «Վրացական երազանքը» համարում է, որ իրենց ուժը խաղաղություն բերող, պահպանող և երկիրը պատերազմի մեջ չներքաշող ուժ է։ Հաշվի առնելով նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի նախագահության օրոք վրաց-ռուսական պատերազմը, ինչպես նաև ռուս-ուկրաինական պատերազմում ներկայիս իշխանության չեզոքությունը, իշխող կուսակցությունը, այսպես կոչված, հավաքական ընդդիմությանն անվանում է պատերազմի կողմնակիցներ և պնդում, թե ընդդիմադիր գործիչներից ոմանք փորձել են երկիրը ներքաշել պատերազմի մեջ։ Ամեն դեպքում «Վրացական երազանքն» իր ամբողջ քարոզարշավը կառուցել է հենց խաղաղություն կամ պատերազմ, ընտանեկան արժեքներ կամ այլասերվածության քարոզչություն բաժանումների շուրջ։ Չպետք է մոռանանք նաև, որ պատերազմի վախը, հոգեբանական ազդեցությունը մեծ դեր կարող է ունենալ մարդու ընտրության վրա, հատկապես, երբ երկիրն արդեն պատերազմի փորձ ունեցել է ոչ վաղ անցյալում։
– Ի վերջո, այս ընտրություններում Ռուսաստանը կարո՞ղ է թաքնված որևէ ազդեցություն ունենալ։
– Ինչպես բոլոր ընտրություններում՝ այդ խոսակցությունները մշտապես եղել են, կան ու, կարծում եմ, կլինեն։ Որոշ խմբերի համար արևմտյան թաքնված ազդեցությունն է ուսումնասիրության առարկա, որոշների համար՝ ռուսական։ Փաստն այն է, որ Վրաստանում եղել է և կա խոշոր խաղացողների շահերի բախում, ու իմ նշած ուժերը՝ բացահայտ կամ թաքնված, փորձելու են ազդեցության լծակներ գտնել ինչ-որ շրջանակների կամ խմբերի համար։
– Հետընտրական ի՞նչ զարգացումներ կարող են սպասվել Վրաստանում։
– Ամեն ինչ կախված է հոկտեմբերի 26-ի քվեարկության արդյունքներից, թե ինչպիսի պատկեր կունենան ընդդիմադիր ուժերը, և ինչպես կորոշեն դիրքավորվել։ Մինչ այս պահը, ընդդիմադիր ուժերը, որոնք ստորագրել են նախագահի նախաձեռնած «Վրացական խարտիան», միասնական են, բայց չպետք է մոռանալ, որ կոալիցիաներ կազմած, ինչպես նաև առանձին հանդես եկող ուժերը նույնպես տարատեսակ հակասություններ ունեն։ Մեծ նշանակություն ունի նաև, թե իշխանությունը և հատկապես՝ ուժային համակարգը, ինչպես կարձագանքեն տարատեսակ հետընտրական զարգացումներին։