Հենց խոսում ենք այս իշխանությունների կոռուպցիոն սկանդալների մասին, ջղաձգվում են. Գառնիկ Դանիելյան

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը և ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանն այսօր ասուլիս էին հրավիրել՝ վերջին ամիսներին իրավապահ մարմինների կողմից քաղաքական դրդապատճառներով «Սրբազան պայքարի» աջակիցների իրավունքների զանգվածային խախտումների բարձրաձայնման համար։

Ի թիվս այլ հարցադրումների՝ 168.am-ը Գառնիկ Դանիելյանից հետաքրքրվեց նաև Սրբազան պայքարի հեռանկարի, խոստացված վճռական փուլի, ինչպես նաև` նախօրեին ԱԺ-ի այն դրվագի մասին, երբ Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, թե պատգամավորը Կիրանցի մասին այլևս ասելիք չունի։

Ի պատասխան՝ Գառնիկ Դանիելյանը նախ նկատեց. «Մենք ԱԺ այս քառօրյայի ընթացքում բազմաթիվ խնդիրներ ենք բարձրաձայնել՝ ոստիկանության ապօրինություններ, մարդու իրավունքների խախտումներ, ինչպես նաև՝ ԱԺ էր բերվել սահմանազատման, սահմանագծման կանոնակարգը, որն ապօրինի էր, ինչին մենք արդեն հանձնաժողովի նիստին կետ առ կետ նշել ենք այն վտանգները, որը պարունակում է այն։

Արդեն երբ այդ հարցերին զուգահեռ՝ խոսվում է այս իշխանություների կոռուպցիոն սկանդալների մասին, այս իշխանությունները ջղաձգվում են»։

Կարդացեք նաև

Անդրադառնալով պայքարի հեռանկարին՝ Գառնիկ Դանիելյանը վստահեցրեց՝ այն հասնելու է իր նպատակին, իսկ մինչ այդ՝ արձանագրում է, որ շարժումը կարողացել է հանրությանն արթնացնել, իսկ այժմ «սրբազան պայքարը կանգնել է բոլորի կոկորդին»։

«Մենք այս շարժումը սկսել ենք, երբ ապօրինի գործընթաց է սկսվել Տավուշում․ այն, ինչ կատարվել է Տավուշում, պետական դավաճանություն ու հանցագործություն է,- հիշեցրեց նա՝ հավելելով,- Նիկոլ Փաշինյանի հեռանալը ժամանակի հարց է․ ինքն իր իշխանությունը պահում է ռեպրեսիաների և միջազգային տարբեր հովանավորների կողմից, ինչն անսահմանափակ չէ։ Մեր տեղեկություններով՝ այս իշխանություններին ազդակ է եկել. այդ բռնությունները շարունակելու դեպքում՝ կենթարկվեն պատժամիջոցների։ Այսինքն՝ այդ միջազգային հանրություն կոչվածի աջակցությունն էլ անսահմանափակ չէ։ Մենք նաև տեսնում ենք օր օրի նվազող իր վարկանիշը․ ֆեյք էջերով երկիրը չեն կառավարում»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս