Իշխանության երեք մանեթանոց «քաղաքագետները»
Վերջին տարիներն աչքի են ընկնում նաև նրանով, որ «փաթեթով» ու միանգամից հանրային ասպարեզ են բաց թողնվում անհայտ, որևէ ոլորտում երբեք ոչ մի բանով աչքի չընկած «քաղաքագետներ», որոք իշխանությանը պետք եկած պահին անցնում են լրատվամիջոցից լրատվամիջոց (ավելի շուտ՝ քարոզչամիջոց), հիմնականում՝ «Հայկական ժամանակից»՝ 1in.am, այստեղից՝ civic.am, հետո Հ1-ում հյուրընկալվում են Պետրոս Ղազարյանին ու սկսում թութակի պես կրկնել ստացված թեզերը, որոնք հեռու են ոչ միայն քաղաքագիտությունից, այլև պարզ տրամաբանությունից: Այս ֆեյք փորձագետների հիմնական նպատակն է կոնկրետ թեմայի վերաբերյալ մանիպուլացնել լայն հասարակությանը՝ ոչ մի պատասխանատվություն չկրելով իրենց անհեթեթությունների համար:
Իրենց վարքագծով սրանք նաև արժեզրկում են իրական մասնագետների աշխատանքը, որոնք շատ պատասխանատու են վերաբերվում իրենց խոսքին, իրենց հայտնած տեսակետները հիմնավորում են վերլուծություններով, հետազոտություններով, տարիների փորձով:
Ասվածը հիմնավորենք փոքր, բայց կոնկրետ օրինակով, քանի որ մասնագիտության բերումով հետևում ենք այս թեմային:
Մի քանի օր առաջ Բաքվի դատարանը ևս մեկ անգամ երկարաձգեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը: COP 29-ից առաջ թեև ադրբեջանցիներն աշխատում են մաքսիմալ ծածկադմփոց անել ու կալանքի երկարացման որևէ ժամկետ չհրապարակել, ինչը միջազգային իրավունքի հերթական աղաղակող խախտումն է, բայց մեզ հասած տարբեր տեղեկություններով, կալանքի ժամկետները երկարաձգվել են ոչ պակաս, քան 5 ամսով:
Հենց այս տեղեկությունից հետո էլ հիշեցինք մի քանի «փորձագետների» գնահատականները, որոնք «կանխատեսում էին», որ «աշնանը Գալստանյանի շարժումը գլխավորելու է Ռուբեն Վարդանյանը»:
«Ես դեռ հուլիսին եմ ասել, որ Գալստանյանի գլխավորած շարժումը սեպտեմբերին թափ է հավաքելու, առաջնորդը փոխվելու է, կրկին խաղարկվելու է ԼՂ հարցը, որի ամենավառ դեմքերից կարող է լինել Ռուբեն Վարդանյանը: Փաստորեն դա իրականություն է դառնում»,- «Հայկական ժամանակին» ասել էր նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի «քաղաքագետ» դարձած դուստրը:
«Աշնանը ընդդիմության շարքերում գուցե փոխատեղումներ լինեն. կարող են Ռուբեն Վարդանյանին Բաքվից Հայաստան բերել, ինչը Ռուսաստանի համար ժամերի հարց է»,- փաշինյանական քարոզչական civic.am-ում հայտարարել էր ոմն Ռոբերտ Ղևոնդյան՝ ընդ որում նույն բանը կրկնելով թե՛ Փաշինյանի ընտանեկան թերթում՝ «Հայկական ժամանակում», թե՛ 1in.am-ում, թե՛ Հ1-ում:
Հիմա շուտով արդեն նոյեմբերն է, իսկ Ռուբեն Վարդանյանը ոչ միայն շարունակում է պահվել Բաքվի բանտում, այլև կալանքը երկարաձգվում է ևս մի քանի ամսով, իսկ այս իշխանության «քաղաքագետները», բնականաբար, ոչ մի պատասխանատվություն չեն կրում իրենց կեղծ վերլուծությունների, իրենց տարածած կեղծիքների համար:
Դե, իսկ երեկ էլ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, հանդիպել էր «հասարակական կարծիք ձևավորող» Ռոման Բաղդասարյանի հետ. այն նույն ադրբեջանամետ քարոզիչ Ռոման Բաղդասարյանի, ով Ադրբեջանին շնորհակալություն է հայտնում Ռուբեն Վարդանյանին գերեվարելու համար ու հույս հայտնում, որ նա այնտեղ «կմահանա»։