«Երբ Բայդենն ինձ նամակ ուղարկի՝ կասեմ. այդ նամակն ինձ չի ուղղել». Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ չի կարող ասել, թե ինչ է գրված եղել Բայդենի նամակում, որը նրա հատուկ օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերը փոխանցել է Նիկոլ Փաշինյանին։
«Նամակն ինձ չի եղել, չեմ կարող հարցին պատախանել։ Հենց Բայդենն ինձ նամակ գրի, այդ հարցին կպատասխանեմ։ Այսօր Նիկոլ Փաշինյանը գալու է ԱԺ, հուսանք` մեր ընդդիմադիր պատգամավոներրը կհարցնեն, կամ գուցե դուք հարցնեք, ես չեմ կարող պատասխանել»,- նշեց Ալեն Սիմոնյանը։
Նա նաև ասաց, որ որևէ գաղտնի բան չկա, ինչ կա՝ բարձրաձայնում են, ամեն ինչ պատմում են։
«Սա մի կողմից՝ մեր թուլությունն է այն առումով, որ հնարավորություն է տալիս որոշ շրջանակների շահարկել, աճպարարություններ անել, նաև հակառակ կողմին՝ ինչ-որ շատ տեղեկատվություն ստանալ։ Բայց մյուս կողմից՝ մեր առավելությունն է, որը շատ կարևոր է։ Որևէ նոր բան չկա»,- հավելեց Ալեն Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերին և Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին:
Մայքլ Քարփենթերը նախ Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակը: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին վերաբերող հարցեր:
Ամերիկացի պաշտոնյան ընդգծել է, որ ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի նպատակադրումն ու քայլերը՝ ի նպաստ խաղաղության ու կայունության հաստատման, կարևորել սահմանազատման գործընթացն ու կանոնակարգի ստորագրումը, շեշտել Միացյալ Նահանգների պատրաստակամությունը՝ հետագայում ևս նպաստելու տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում