Տիկին գլխավոր դատախազն աշխատելու տեղ ունի. «կռուտիտներն» էլ համոզիչ չեն

Ուժային բլոկին ղեկավարների մասնակցությամբ խորհրդարանական լսումների ժամանակ, պայմանավորված Քննչական կոմիտեի (ՔԿ) նախագահի ու ՔՊ-ական պատգամավորների միջև տեղի ունեցած, մեղմ ասած, տհաճ միջադեպով, մի տեսակ ստվերում մնաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ավելի ճիշտ՝ նրա պատասխաններն ընդդիմադիր պատգամավորների կողմից տրված հարցերին:

2024թ. հոկտեմբերի 15

Այսպես՝ Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Աննա Վարդապետյանին հարց ուղղեց Պաշտպանության բանակի (ՊԲ) նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի կալանքի ժամկետի մասին. վերջինս այդ պահի դրությամբ կալանավորված էր արդեն 2 տարի 45 օր:

«Խոսեցիք դատավարությունների ողջամիտ ժամկետների մասին: Այսօր 2 տարի 45 օր է՝ կալանքի տակ է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը: Դանդաղ ընթացող դատավարությունների ժամանակ ամեն անգամ նրա խափանման միջոցը փոխելու միջնորդություններին ի պատասխան՝ պետական մեղադրողը պատասխանում է, որ միայն վկաների հարցաքննությունն ավարտելուց հետո հնարավոր կլինի անդրադառնալ խափանման միջոցի փոփոխությանը… Դեռ մոտավորապես 160 վկա կա: Այս տեմպերով եթե դատաքննությունը գնա, 13 տարի կշարունակվի: Որպես իրավաբանի, գլխավոր դատախազի եմ հարցնում՝ որքանո՞վ է իրավաբանորեն և բարոյապես նորմալ՝ ՀՀ Զինված ուժերում ծառայություն անցած, 16 տարեկանից Արցախյան ազատամարտին մասնակցություն ունեցած, բարձր պաշտոններ զբաղեցրած, ճակատագրական պահին պատասխանատվություն ստանձնած զինվորականին քաղաքական նպատակով, լոկ Նիկոլ Փաշինյանի կամքով 2 տարի 45 օր և չգիտեմ՝ դեռ ինչքան պահել անազատության մեջ»,- ասաց Գեղամ Մանուկյանը:

Կարդացեք նաև

Վերջինս զուգահեռ անցկացրեց Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից մահացու վրաերթի զոհ դարձած Սոնա Մնացականյանի գործով դատաքննության հետ, որտեղ, չնայած բողոքներին, որևէ մեկը ոչ միայն մեկ օր անգամ չի կալանավորվել, այլև քննությունն էլ ընթանում է կանխատեսելի սցենարով:

«Մեր դիրքորոշումը մեղադրանքի վերաբերյալ արձանագրված է մեղադրանքի մեջ: Ձեր դիրքորոշումը քաղաքական է, մենք քաղաքական զսպվածություն ունենք: Մենք մեղադրանք ենք պաշտպանում: ԱԺ դահլիճը, նիստերի ամբիոնը դատական նիստերի դահլիճ չէ, որպեսզի ես որպես մեղադրող՝ ներկայացնեմ Արեգասարի կամ մյուս դրվագները, որոնք ամրագրված են մեղադրական եզրակացության մեջ: Դատավարությունն էլ հրապարակային է, ոչ մեկին ոչ մեկը չի արգելում գնալ, նստել և լսել դատավարությունը: Ինչ վերաբերում է խափանման միջոցին, այո՛, քանի դեռ վկաների վրա անօրինական ազդեցություն գործադրելու թեկուզ աննշան վտանգ լինի, դատախազությունը յուրաքանչյուր մեղադրյալի դեպքում դեմ է լինելու խափանման միջոցի փոփոխությանը, որովհետև դա վտանգելու է գործի վարույթին»,- ասաց Աննա Վարդապետյանը:

Վերջինս, բնականաբար, արդարացրեց այն հանգամանքը, որ Սոնա Մնացականյանի ու նրա չծնված երեխայի մահվան համար ըստ էության ոչ ոք այդպես էլ պատասխան չի տա:

«Դատախազությունը հիմնվում է փաստերի վրա»,- խրոխտ արտաբերեց գլխավոր դատախազը՝ մոռանալով, որ գլխավոր փաստն այն է, որ երիտասարդ կինն իր շեֆի ավտոշարասյան կոնկրետ զոհն է, որ վրաերթ կատարողն ունի անուն-ազգանուն, ու սա էլ է փաստ:

Ու ամենակարևորը, Ազգային ժողով եկած Գլխավոր դատախազն անտեղյակ էր, որ Միքայել Արզումանյանի գործը քննվում է դռնփակ ռեժիմով, ամենևին էլ հրապարակային չէ, և ոչ ոք չի կարող տեսնել՝ ինչ է կատարվում այնտեղ: Ու երբ Գեղամ Մանուկյանը նրան այդ մասին տեղեկացրեց, վերջինս գտավ «կռուտիտի» ձևը՝ ուրեմն գաղտնիության էլեմենտներ կան, դատարանն է այդպես որոշել:

Ոչ ոք չի վիճում այդ ակնհայտ ճշմարտության վերաբերյալ, բայց այս դրվագը բացահայտեց՝ որքան անտեղյակ է Աննա Վարդապետյանն իր հսկողության ներքո գտնվող հնչեղ գործերից, իսկ վերը բերված, որպես պատասխան ներկայացրած «լոլոն էլ» սոսկ հերթապահ տեքստ էր, որը կարելի է դնել այդ բնույթի ցանկացած հարցի տակ:

Բայց Աննա Վարդապետյանն իր ողջ պերճանքով հանդես եկավ, երբ Գեղամ Մանուկյանը, այնուամենայնիվ, հարցրեց՝ պատրաստվո՞ւմ է արդյոք ՔՊ-ական Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով ԱԺ մտնել, քանի որ մամուլում տեղեկություններ կան վերջինիս կողմից կաշառք պահանջելու վերաբերյալ:

Պատգամավորի հարցին ամենասկզբից «ըհը, ըհը»,-ով պատասխանող գլխավոր դատախազը, գլխավոր դատախազի կեցվածք ընդունեց և «Ես Ձեզ չէի ընդհատում» ասելով՝ հատ-հատ արտաբերեց՝ դատախազությունը կքննարկի հարցը և որոշում կկայացնի:

Շատ ավելի ուշագրավ էր Ագնեսա Խամոյանի հարցին գլխավոր դատախազի տված պատասխանը, ով նախ հիշեցրեց, որ ողջ ուժային ռեսուրսը ծառայեցվում է ընդդիմադիրների դեմ ու որպես օրինակ՝ բերեց պատգամավոր Աշոտ Սիմոնյանի գործը, որին մոտ 40 տասնյակ կարմիրբերետավորներ այս տարվա մայիսի 27-ին ՀՅԴ գրասենյակի մոտ ծեծի էին ենթարկել:

«Ինչո՞ւ մինչ այսօր չի հարուցվել հանրային քրեական հետապնդում: Իհարկե, ես վստահ եմ, որ իշխանական պատգամավորի վրա ոստիկանները չէին հարձակվի, բայց եթե լիներ նման բան, ընդամենը րոպեների ընթացքում ծեփելով պատերին, պառկեցնելով պոլերին, այդ ոստիկաններին կձերբակալեին, կկալանավորեին: Ամբողջ հանրապետությունն այդ տեսանյութերը տեսել է՝ ոնց են խմբով հարձակվում մեկի վրա, և չկա որևէ ոստիկան, որի նկատմամբ հարուցված է հանրային քրեական հետապնդում»,- գլխավոր դատախազին հարցրեց Ագնեսա Խամոյանը՝ ևս մեկ անգամ համենայն դեպս ճշտելով՝ արդյո՞ք գլխավոր դատախազի համար արժանապատվության իրավունքը շարունակում է գլխավորը լինել:

Աննա Վարդապետյանի պատասխանը, ինչ խոսք, ցնցող էր

«Երբ ապացույցները բավարար կլինեն, որոշումը կկայացվի: Յուրաքանչյուր որոշում կայացվում է փաստերի բավարարության հիման վրա»,- ասաց գլխավոր դատախազը, իսկ Ագնեսա Խամոյանի ճշգրտող հարցին՝ տեսանյութը բավարար ապացույց չէ՞, պատասխանեց՝ տեսանյութը ապացույց չէ:

Այսինքն՝ երբ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի ու Սամվել Վարդանյանի միջև ավտոբուսում տեղի ունեցավ հայտնի միջադեպը, մինչև պատգամավորի հաղորդում տալը, միայն տեսանյութի հիման վրա, ակնթարթորեն Սամվել Վարդանյանին տանից ձերբակալեցին, տարան, կալանքի միջնորդություն ներկայացրեցին, խոշտանգեցին, հետո տնային կալանքի տարան, նրան զրկեցին ապրուստի միջոցներից, տեսանյութն ապացույց էր, բայց երբ 40 ոստիկան հարձակվում է պատգամավորի վրա, ու տասնյակ տեսանյութեր կան դա փաստող, տեսանյութն ապացույց չէ:

Ու գլխավոր դատախազ, ՔՊ-ում որակյալ իրավաբանի համբավ վաստակած Աննա Վարդապետյանը սա ասում էր անվրդով տեսքով, առանց ամաչելու: Եվ իսկապես, ինչո՞ւ ամաչի, եթե Նիկոլ Փաշինյանն ու իր ընկերուհի վերջինիս կինը՝ Աննա Հակոբյանը, հաստատ գոհ են:

Ինչ խոսք, Նիկոլ Փաշինյանի օգնականի պաշտոնում Աննա Վարդապետյանի նշանակման պատմությունը սկզբից մինչև վերջ իմացող մարդիկ հասկանում են Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգի նկատմամբ Աննա Վարդապետյանի ողջ երախտագիտության ու պարտավորվածության անքակտելի կապը:

Ճիշտ է, հետո Աննա Վարդապետյանի ոխերիմ բարեկամ, Քննչական կոմիտեի (ՔԿ) նախագահ Արգիշտի Քյարամյանը  փորձեց փրկել իրավիճակը, ասել, որ գլխավոր դատախազը հավանաբար այլ բան նկատի ուներ, բայց դա արդեն այլ ֆիլմից է:

Նույն օրը, երբ Աննա Վարդապետյանը Խորհրդարանում հայտարարում էր, որ տեսանյութն ապացույց չէ՝ շատ լավ հասկանալով՝ հարց տվողն ինչ նկատի ուներ, Երևանի ավտոլվացման կետերից մեկում դանակահարության դեպք էր տեղի ունեցել: Դեպքի վայրում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ով նաև տեսանյութ էր հրապարակել՝ ինչպես է տեղի ունեցել դանակահարության դեպքը:

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ Սուրեն Հ․-ին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Հիմա երևի արդեն հայտնաբերած կլինեն: Ու ի գիտություն Աննա Վարդապետյանի՝ այդ գործողություններն արվում էին դանակահարության տեսանյութի հիման վրա:

Այնպես որ, տիկին գլխավոր դատախազն աշխատելու տեղ ունի. «կռուտիտներն» էլ պետք է համոզիչ լինեն:

Տեսանյութեր

Լրահոս