«Գործը վերաբերում է ՔՊ անդամին, իսկ դատավորի նախկին կապն այդ կուսակցության հետ ակնհայտ է». Սամվել Վարդանյանի տնային կալանքը երկարաձգվել է

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ նախօրեից մեկնարկել են հանրային տրանսպորտում «ՔՊ»-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին հանրային պարսավանքի ենթարկելու համար մեղադրվող Սամվել Վարդանյանի գործով նախնական դատալսումները։

Այսօր կայացած դատական նիստի ընթացքում դատարանը քննել է  Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը:

168.am-ի հետ զրույցում Սամվել Վարդանյանի պաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրեց՝ դատարանը Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ տնային կալանքը, երեք ամսով երկարացրել է:

«Դատարանի այսօրվա որոշումը մեզ համար որոշակի առումով անսպասելի էր. մենք հիմքեր չէինք տեսնում տնային կալանք խափանման միջոցը երկարացնելու համար (առավել ևս՝ առկա խստագույն սահմանափակումները երկարացնելու համար):

Կարդացեք նաև

Դատարանն անգամ քննարկման առարկա դարձրեց տուժողի վրա հնարավոր ազդեցության հարցը՝ այն դեպքում, երբ անգամ մեղադրանքի կողմը՝ դատախազը,  այդ հարցը չէր էլ բարձրացրել: Թե ինչպես է հնարավոր ազդել տուժողի վրա, երբ նա պաշտպանված է ՀՀ իրավապահ մարմինների, նույնիսկ խոշտանգումներով զբաղվող բանդաների խմբերով, դժվար է ասել: Բայց ամեն դեպքում, դատարանն այդ հանգամանքը նույնպես հաշվի առավ՝ միաժամանակ նշեց, որ դրանք ամբողջական չեն, ուստի մենք անհամբերությամբ կսպասենք: Բայց այս պահին արդեն կարելի է ասել, որ առնվազն սահմանափակումների մասով մեզ համար անհասկանալի են դատարանի նկատառումները:

Նաև կարևոր է նշել, որ դատարանը  բանավոր պարզաբանեց, որ նույնիսկ այս պայմաններում կտեսներ բանտային կալանքի հիմքեր, ինչը չսահմանելու միակ պատճառն այն է, որ Սամվել Վարդանյանն առերևույթ ենթարկվել է խոշտանգման: Սա նույնպես կարող է վկայել հանգամանքի մասին, որ այստեղ գործ ունենք գուցե նաև անկողմնակալության պակասի հետ, որովհետև գործը վերաբերում է ՔՊ անդամին, իսկ դատավորի նախկին կապն այդ կուսակցության հետ ակնհայտ է»,- մանրամասնեց փաստաբանը:

Ռուբեն Մելիքյանը հավելեց՝ սպասում են դատավորի որոշման գրավոր տարբերակին, որը պատրաստվում են բողոքարկել: Խոսելով իր պաշտպանյալի մասին՝ նա նշեց նաև, որ Սամվել Վարդանյանի համար եկամտի աղբյուր է իրենց տան որոշակի հատվածներ վարձով տալը, ինչի մասին տեղեկացրել են նաև դատարանին:

Ըստ նրա, սակայն, այս որոշմամբ  դատարանը կարծեք պատժողական գործողություն է իրականացնում իր պաշտպանյալի նկատմամբ՝ զրկելով նրան եկամտի աղբյուրից:

Հիշեցնենք՝ Սամվել Վարդանյանի և Հակոբ Ասլանյանի մասնակցությամբ միջադեպը հանրային տրանսպորտում տեղի է ունեցել 2024թ. ապրիլի 15-ն։ Հիշեցնենք նաև, որ Սամվել Վարդանյանը ձերբակալվածի կարգավիճակում խոշտանգվել է դիմակավորված անձանց կողմից։ Այդ գործով ձերբակալվածներ չկան, թեև Քննչական կոմիտեն հայտնել էր՝ Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող:

Սամվել Վարդանյանը 44-օրյա պատերազմի մասնակից է:

Տեսանյութեր

Լրահոս