«Խաչը տվել ա ձեռքը, ղրկել». ինչպես են ՔՊ-ականները հունից հանել Արգիշտի Քյարամյանին
Երեկ Ազգային ժողովում Քննչական կոմիտեի (ՔԿ) նախագահ Արգիշտի Քյարամյանի ու ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի, ինչպես նաև մյուս ՔՊ-ականների միջև տեղի ունեցած խայտառակ սկանդալից հետո, ինչպես և ակնկալվում էր, իրադարձությունները զարգացան կանխատեսելի սցենարով:
Ակնհայտ էր, որ ՔՊ-ականներն Արգիշտի Քյարամյանին սադրեցին, ու վերջինս տեղի տվեց այդ սադրանքներին:
Բայց տեսանելի մասը՝ հերթով:
Երեկ Ազգային ժողովում (ԱԺ) էին ուժային բլոկի ղեկավարները, ու քանի ՔՊ-ականներին ինչ-որ մեկը հավատացրել էր, որ նրանք հաշվետու են իրենց, ՔՊ-ականները որոշել էին ինքնահաստատվել նրանցից, մասնավորապես, Արգիշտի Քյարամյանի վրա, ով Գրիգոր Մինասյանից հետո հաջորդ թիրախն էր «Անդրանիկ Քոչարյան & Co»-ի համար:
Նախ, չգիտես ինչու, հանկարծ ՔՊ-ական Հովիկ Աղազարյանին սկսեց հետաքրքրել տնտեսվարողների խնդիրը, բայց ինչպես հետո պիտի պարզվեր, պատգամավորն իր փորացավն ուներ. որդին այդ հարցի ուղիղ շահառուն ու հասցեատերն էր:
Այդ հարցին պատասխանելու ժամանակ էլ հենց տեղի ունեցավ տեսանելի առաջին սադրանքը: Դահլիճից ինչ-որ մեկն ինչ-որ բան ասաց Քյարամյանի հասցեին, որը վերջինս ակնհայտորեն լսել էր ու արձագանքեց վայրկենաբար:
«Բան ասեցի՞ք Դուք, սև շորերով պատգամավորը, խոսքը Ձեզ է վերաբերում»,- ասաց Արգիշտի Քյարամյանը:
Ավելի ուշ իմացանք, որ սև շորերով պատգամավորը ՔՊ-ական չկայացած նախարար Արփի Դավոյանի օգնականն է, որը, չգիտես ինչու, նիստերի դահլիճում էր, ու այնքան ՔՊ-ական «դուխ» ուներ, որ ՔԿ նախագահի հասցեին կարող է նետել՝ «համբալի «կուռաժիտ» լինելը նայեք»:
Հետո եղավ այն, ինչ եղավ… Հերթական կսմիթը Քյարամյանը կուլ չտվեց, ու վերջինս ԱԺ նիստերի դահլիճում Հովիկ Աղազարյանին չծեծեց միայն այն պատճառով, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը Քյարամյանին հեռացրեց Աղազարյանի կողքից:
Ակնհայտ էր, որ ՔՊ-ական «սերուցքը» հասել էր իր նպատակին. գոհ էին բոլորը՝ Արփի Դավոյանն ու նրա մտերիմ գլխավոր դատախազը, ով վաղեմի թշնամություն ունի Արգիշտի Քյարամյանի հետ, գոհ էին Անդրանիկ Քոչարյանն ու Հովիկ Աղազարյանը, գոհ էին այդ ներկայացման էպիզոդներում խաղացողներն ու ֆոն ապահովողները, և, ի վերջո, գոհ էին դահլիճից բացակայող, էժանագին այդ շոուի գործադիր պրոդյուսեր Ալեն Սիմոնյանն ու շեֆը՝ Նիկոլ Փաշինյանը, առանց որի ուղիղ հրահանգի կամ գոնե «դաբրոյի»՝ այդ ներկայացումը, բնականաբար, չէր բեմադրվի:
Միջադեպը տարբեր տեսանյութերի ռակուրսներից ուսումնասիրելը շատ օգտակար բան է. բոլորն իրենց դեմքը ցույց են տալիս:
Նիկոլ Փաշինյանի հլու-հնազանդ կամակատար, նրա բոլոր հրահանգները կատարող, ընդդիմադիրների դեմ գործեր կարող Արգիշտի Քյարամյանն իր երիտասարդական անփորձությամբ կուլ տվեց խայծը և թերևս երևի իր սրընթաց կարիերայի մեջ առաջին անգամ զգաց դիրքի ու պաշտոնի դառը հաբի համն ու Նիկոլ Փաշինյանին անվերապահորեն ծառայելու գինը: ՔՊ-ականները, թերևս, ոչ միայն չեն հանդուրժում իրենց միջի քիչ թե շատ կրթվածներին, այլև առավել ևս մինչև 2018թ. հեղափոխություն կոչվածը բարեկեցիկ կյանքով ապրածներին:
Եվ այսօր Անդրանիկ Քոչարյանն այնպիսի անմեղ անտեղյակությամբ էր պատասխանում լրագրողների հարցերին ու նրանց մեղադրում 7 ժամ տևած քննարկումից միայն այդ հատվածը լուսաբանելու համար՝ շատ լավ իմանալով, որ լրատվամիջոցները լուսաբանել են լսումներն ամբողջությամբ, կարծես ինքը չէր երեկ Քյարամյանին զրկում արձագանքի հնարավորությունից ու նրան կոչ անում վերլուծություն կատարել տեղի ունեցածի վերաբերյալ:
Սա՝ տեսանելի մասի մասին:
Իսկ անտեսանելի, մինչդահլիճային հատվածում ՔՊ-ականներն այնպես էին կազմակերպված ձևով հունից հանել Արգիշտի Քյարամյանին, որ վերջինս արդեն, ինչպես ասում են՝ պայթյունից 5 պակաս մտել էր լիագումար նիստերի դահլիճ: Մնացածը, ինչպես ասում են, տեխնիկայի հարց էր, ինչն էլ կատարյալ արեցին ՔՊ-ականները:
168.am-ի տեղեկություններով, մասնավորապես, երբ Արգիշտի Քյարամյանը, խաչը ձեռքում պահած, անցնելիս է եղել ԱԺ միջանցքներով, ՔՊ-ականներն այնպես, որ նրա համար լսելի լինի, միմյանց ասել են՝ «խաչը տվել ա ձեռքը, ղրկել ա»: Բացի դրանից, բացահայտ արհամարհել են, չեն բարևել, ռեպլիկներ են թողել նրա հասցեին:
Խաչը, ի դեպ, Քյարամյանի մոտ էր նաև լիագումար նիստերի դահլիճում:
Իսկ հետո Քյարամյանին Նիկոլ Փաշինյանը պետք է կանչեր Կառավարություն, և ներկուլիսային ինտրիգների մեծ գիտակ պետք չէ՝ կռահելու համար՝ ինչ են խոսել նրանք երեկ: Հետո պետք է Անդրանիկ Քոչարյանն ու Հովիկ Աղազարյանը Նիկոլ Փաշինյանին նամակ գրեին, թեման սրեին՝ հորդորելով Քյարամյանի հետագա պաշտոնավարման հարցը քննարկել ՔՊ վարչության նիստում:
Իսկ արդեն երեկոյան Քյարամյանի դեմ պետք է մոբիլիզացվեր ՔՊ-ական ազդեցությունների ոլորտը, ուժեղները պիտի ներդնեին իրենց ողջ ռեսուրսները ՔԿ նախագահին ոչնչացնելու համար, այդ թվում՝ նաև թմրակախյալ չկայացած դերասաններին:
Show must go on…