Ադրբեջանի փոխվարչապետի հետ հանդիպմանն Իրանի նախագահի դիտողությունները վերաբերում են Երևանին ու Բաքվին․ իրանցի վերլուծաբան

Թեհրանում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ հանդիպմանն ուշագրավ ուղերձներ է հնչեցրել։ IRNA պետական լրատվական գործակալության փոխանցմամբ, նախագահ Փեզեշքիանն ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյայի հետ հանդիպմանը հայտարարել է, որ որևէ երկրի ինքնիշխանություն չպետք է անտեսվի։ Նա պնդել է՝ տարածաշրջանում երրորդ երկրների ներկայությունը հակասում է տարածաշրջանային երկրների շահերին։ Փեզեշքիանը չի հստակեցրել, թե որ երկրներին նկատի ունի։ Աղբյուրի համաձայն, Իրանի նախագահը դժգոհել է նաև ադրբեջանա-իրանական ցամաքային սահմանը փակ պահելու որոշումից։ Ավելի քան չորս տարի է՝ Ադրբեջանի կառավարությունը շարունակում է փակ պահել հարևանների հետ ցամաքային սահմանները՝ որոշումը պայմանավորելով COVID 19-ի համաճարակով։

«Իսլամական երկրները պետք է բացեն իրենց շուկաները միմյանց առաջ, որպեսզի գործարարները կարողանան հեշտությամբ աշխատել միասին»,- հայտարարել է Փեզեշքիանը։

Միաժամանակ, ըստ IRNA գործակալության, Իրանի նախագահը կարևորել է Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցության ընդլայնումը և ողջունել երկու երկրների միջև երկաթուղային և ավտոմոբիլային երթուղիների ստեղծումը։

Իր հերթին, ադրբեջանցի պաշտոնյան, ըստ IRNA-ի, հայտնել է իր երկրի ցանկությունը՝ ամրապնդել հարաբերություններն Իրանի հետ տնտեսական, առևտրային, էներգետիկ, մշակութային, տարանցիկ և անվտանգության տարբեր ոլորտներում, ինչպես նաև ավարտել և ընդլայնել երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտը։ Մուստաֆաևն ասել է, որ Ադրբեջանը տարածքային պահանջներ չունի որևէ երկրի նկատմամբ, և չի ընդունի որևէ տարածքային պահանջ իր նկատմամբ։

Կարդացեք նաև

Ուշագրավ է նաև այն փաստը, որ գրեթե զուգահեռ կայացել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի և նախագահ Փեզեշքիանի հանդիպումը, որի ընթացքում ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացումը կառավարության առաջնահերթություններից է: «Իրանի հետ ռազմավարական համագործակցության ձգտող երկրների, այդ թվում՝ Չինաստանի, ՌԴ, Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Պակիստանի, Աֆղանստանի և Իրաքի հետ համագործակցության ընդլայնման հարցը կառավարության ուշադրության կենտրոնում է»,- ասել է նախագահը և հավելել, որ հարևանների հետ հարաբերությունների ընդլայնման համար կառավարությունը լավ նախագծեր է մշակել:

168.am-ի հետ զրույցում իրանցի վերլուծաբան Ալի Սալամին ասաց, որ հանդիպումը տեղի ունեցավ նախագահի ու փոխվարչապետի մակարդակով, ինչը հավելյալ կշիռ ու կարևորություն է տալիս այս երկխոսությանը։

Ըստ նրա, խոսակցության հիմնական շեշտադրումները եղել են առևտրատնտեսական կապերը, կոմունիկացիաները, այդ ոլորտներում առկա խնդիրների լուծումը։

Սալամիի խոսքով, այս մակարդակով հանդիպման ժամանակ, բնականաբար, Ադրբեջանի ու Իրանի պաշտոնյաների օրակարգից չէին կարող դուրս մնալ ռեգիոնալ ապաշրջափակման թեմաները, որոնց վերաբերյալ Իրանն ունի առանձնահատուկ դիրքորոշում ու կարծիք։

«Ուստի չէր կարող չնշվել, որ Իրանը կողմ է ապաշրջափակմանը, սակայն ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարգման շրջանակում։ Բայց ասել, որ այդ հարցը նման մակարդակում է մշակվում, սխալ կլիներ, քանի որ ռեգիոնալ ապաշրջափակման հարցը քննարկվում է ռեգիոնալ դերակատարների միջև։ Այդ տեսանկյունից կարևոր էր օրերս Թուրքմենստանում կայացած Ռուսաստանի ու Իրանի ղեկավարների հանդիպումը։ Թեման վստահաբար քննարկվում է նաև ՌԴ-Թուրքիա, Իրան-Թուրքիա հաղորդակցությունների ժամանակ։ Երբ վերջերս Ռուսաստանը փորձեց վերականգնել իր ջանքերը՝ որպես միջնորդ Երևանի ու Բաքվի միջև, Իրանը Ռուսաստանին այս հարցով ներկայացրեց իր մոտեցումները»,- ասաց վերլուծաբանը։

Նա, սակայն, գտնում է, որ այս հարցով ավելի հեշտ է հասնել կոնսենսուսի Ռուսաստան-Իրան- Թուրքիա ձևաչափով, քան արտատարածաշրջանային ուժերի ներգրավմամբ։

«Ուստի, կարծում եմ, որ քննարկումներն այս թեմայով շարունակվում են, և որևէ կողմ հակված չէ սրել իրավիճակը, քանի որ շատ ավելի լուրջ հարցեր կան»,- նկատեց վերլուծաբանը։

Ըստ Ալի Սալամիի՝ չպետք է մոռանալ, որ Իրանն ու Ադրբեջանը շարունակում են քննարկել Իրանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող երթուղու հարցը, այն օրակարգից դուրս չի եկել, թեև հրապարակայնորեն վերջին մեկ տարվա ընթացքում քիչ է քննարկվում։ «Արևմուտքը դեմ է այս երթուղուն, սակայն Իրանն առաջարկել է, ու կողմերն այս հարցը ևս քննարկում են, ի դեպ, ոչ միայն այս, այլև նախարարությունների մակարդակով։ Թեման փակված չէ»,- ասաց փորձագետը։

Ինչ վերաբերում է արտատարածաշրջանային ուժերի մասին Իրանի նախագահի ձևակերպմանը, ապա, իրանցի վերլուծաբանի խոսքով, դա կարող է վերաբերել թե Երևանին, թե Բաքվին։

«Կարծում եմ՝ այդ դիտարկումն իսկապես վերաբերում է ռեգիոնալ երկու երկրներին, որոնցից մեկում Արևմուտքը փորձում է հաստատվել, նպատակուղղված աշխատելով Ռուսաստանի ու Իրանի դեմ, իսկ մեկ այլ երկրում կա Իսրայելի որոշակի ներկայություն, ինչն էլ իր հերթին՝ ենթադրում է ազդեցություն։ Այս երկու երկրներում էլ նշածս ներկայություններն իրենց բնույթով թշնամական կարող են դիտարկվել Իրանի կողմից, քանի որ այդ երկրները նման վերաբերմունք ունեն Իրանի նկատմամբ»,- ասաց Սալամին։

Նա հիշեցրեց, որ Իսրայելն ուղիղ սպառնում է Իրանին, ապակայունացնում իրավիճակը Մերձավոր Արևելքում, որի գործողություններն արդեն իսկ հարյուր-հազարավոր անմեղ զոհերի պատճառ են դարձել։

«Ինչպես տեսնում ենք, իրավիճակն է՛լ ավելի անկայուն կարող է լինել Մերձավոր Արևելքում, քանի որ սպառնում են թիրախավորել Իրանի ռազմական օբյեկտները։ Եթե այդ սպառնալիքն իրագործվի, Իրանի պատասխանը չի ուշանալու։ Թեև Իրանը հակված չէ հետագա լուրջ էսկալացիայի, բայց չի կարող չկասեցնել այս ամենը, չի կարող չպատասխանել, ինչն իր մեջ ունի է՛լ ավելի ընդլայնման և խորացման վտանգներ։ Ցավալիորեն, սա անդրադառնում է նաև Հարավային Կովկասի ու այլ ռեգիոնների վրա, ինչպես Ուկրաինայի պատերազմը, որն աշխարհում տիրող կարգի տապալման հետևանքներից է»,- ասաց վերլուծաբանը։

Տեսանյութեր

Լրահոս