Վրացական երազանք և հայկական իրականություն

Հոկտեմբերի վերջին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները հայաստանյան փորձագիտական և քաղաքական համայնքներում գնահատվում է որպես վճռորոշ իրադարձություն ամբողջ Հարավային Կովկասի և մասամբ` տարածաշրջանի համար:

Բնականաբար, վրացական գործընթացների աշխարհաքաղաքական կոնտեքստը վաղուց որևէ գաղտնիք չի պարունակում: Իշխող «Վրացական երազանքը» և նրա առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին, որդեգրելով գերպրագմատիկ, ռացիոնալ և իր բովանդակությամբ ազգային շահի գերակայությունը կարևորող քաղաքականությունը, փորձում է իրականացնել բալանսավորված արտաքին քաղաքականություն:

Այս առումով վրացական իշխանությունների քաղաքականությունը, թերևս, զգալիորեն նմանվում է Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին իրականացվող քաղաքականությանը, որը թեպետ լուրջ  աշխարհաքաղաքական ճնշումների էր ենթարկվում, սակայն, այսպես կոչված, «և-և»-ի բանաձևը դարձել էր իրականություն:

Վրաստանի պարագայում դրա ամենացայտուն դրսևորումները երևացին ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից անմիջապես հետո, երբ ընդգծված արևմտամետ և եվրամիութենական հավակնություններ ունեցող Վրաստանը, իր պետական և ազգային անվտանգությամբ դրդված, փաստացի հրաժարվեց միանալ Ռուսաստանի հանդեպ կիրառվող գրեթե բոլոր սահմանափակումներին:

Կարդացեք նաև

Բնականաբար, Արևմուտքի ճնշումները վրացական «և-և» մոդելի նկատմամբ իրենց երկար սպասել չտվեցին, սակայն Վրաստանի գործող իշխանությունները մինչ այս պահն էլ լրջագույն  դիմադրողականություն են ցուցաբերում արևմտյան քաղաքական և բյուրոկրատական իսթեբլիշմենթի լայնածավալ, իսկ երբեմն՝ սանձարձակ գործողությունների և ճնշումների հանդեպ: Այս առումով առաջիկա խորհրդարանական ընտրությունները, թերևս, իրոք վճռորոշ ակտն են Վրաստանի հետագա զարգացման վեկտորի հստակեցման բարդ գործընթացում:

Հասկանալի պատճառներով` ընտրություններին առավել ուշադիր են նաև Ռուսաստանում, Իրանում և Թուրքիայում: Փորձագետների գնահատմամբ, Ռուսաստանը վերջին տարիներին հետևողականորեն փոխում է Հարավային Կովկասում իր ներկայության և ազդեցությունների կոնֆիգուրացիաները:

Գործընթացը, որը սկսվեց դեռևս 2010-ականների սկզբից, իր ռազմավարական դաշնակից Հայաստանի հակառակորդ Ադրբեջանին բազմամիլիարդանոց զենքի վաճառքով, թերևս, իր քաղաքական և իրավական վերջնակետին հասավ 2022թ. փետրվարին, երբ Ռուսաստանն Ադրբեջանի հետ ստորագրեց (ի դեպ, Ուկրաինայի հետ պատերազմի սկզբից բառացիորեն մի քանի օր առաջ) ռազմավարական դաշնակցային հարաբերությունների մասին փաստաթուղթը:

Հետագա զարգացումները ցույց տվեցին, որ, առավել ևս, Ռուսաստանի հարաբերական մեկուսացման պայմաններում, այդ մերձեցումը Ռուսաստանի և Ադրբեջանի համար որոշակի փոխշահավետ և համապարփակ բովանդակությամբ լցվեց, որի արդյունքում Ադրբեջանը վերացրեց Արցախի պետականությունը և նրա բնակչությանը ենթարկեց էթնիկ զտումների: Դրան առաջին հերթին նպաստեց Հայաստանում Արևմուտքի կողմից իշխանության բերված Նիկոլ Փաշինյանը, որն առաջին իսկ օրից սկսեց հակառուսական քաղաքականություն վարել: Ռուսաստանը, հաշվի առնելով աշխարհաքաղաքական իր մարտահրավերները, Ադրբեջանի միջոցով հնարավորություն ստացավ դիվերսիֆիկացնել էներգակիրների և այլ որոշ ապրանքատեսակների լոգիստիկ խնդիրները՝ շրջանցելով արևմտյան «խիստ պատժամիջոցները»:

Այս առումով, Ռուսաստանը Հարավային Կովկասում թեպետ ունեցավ որոշակի քաղաքական և ռեպուտացիոն կորուստներ «հետհեղափոխական» Հայաստանում, սակայն ստացավ կոմֆորտային զոնա հարավկովկասյան մեկ այլ երկրում` Ադրբեջանում, իր համար ամենաբարդ և զգայուն ժամանակաշրջանում:

Այսպիսով, Ռուսաստանը նաև ակամա փաստեց, որ իր համար բավականին ընդունելի է նաև Ադրբեջանի ղեկավարության կողմից արտաքին քաղաքականության մեջ որդեգրած «և-և» բանաձևը, ինչին, ի դեպ, լրջորեն դիմադրում էր մինչև 2018 թվականը՝ «մինչհեղափոխական» Հայաստանի պարագայում: Այն դեպքում, երբ հաշվի առնելով այդ զարգացումները, հնարավոր էր շարունակել «և-և» բանաձևի շրջանակներում համագործակցությունը՝ առանց նման խնդիրների առջև կանգնելու:

Հետևաբար, քաղաքական պրոցեսները պրագմատիկ հարթությունում ապացուցեցին Սերժ Սարգսյանի վարած պրոդուկտիվ արտաքին քաղաքականության և Հարավային Կովկասում բալանսավորված այդ մոդելի արդյունավետությունը:

Ինչևէ, փաստենք, որ վրացական թնջուկը, շատ փորձագետների կարծիքով, ռուս-վրացական նորացված հարաբերություններում, տարիներ շարունակ փորձ է արվում լուծել կուլիսային պայմանավորվածությունների և անգամ տարածքային սակարկությունների միջոցով:

Վերջին շրջանում դրանց բովանդակությունը հիմնականում ուղղորդված կերպով արտահոսեց հանրային մեդիադաշտ, ըստ որի՝ ռուսաստանյան վերնախավը դիտարկում է Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ Վրաստանի հարաբերությունների նորմալացման հարցը, իսկ կոնկրետ Աբխազիայի հետ՝ անգամ կոնֆեդերատիվ պետության տարբերակը:

Հետաքրքրական է, որ այս ֆոնին «Վրացական երազանքի» առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին, թերևս, անսպասելի հայտարարություն արեց, որ առաջիկա ընտրություններում հաղթելուց հետո, Վրաստանը պետք է ներողություն խնդրի նախկին ավտոնոմ հանրապետությունների ժողովուրդներից անցյալում կատարվածի համար:

Ինչևէ, պայքարը Վրաստանի համար բավականին թեժ է: Ու թեպետ փորձագետների համոզմամբ՝ «Վրացական երազանքի» հաղթանակի պարագայում խոսք չի գնում Վրաստանի միանշանակ ռուսական ուղու մասին, սակայն ակնհայտ է, որ ռուսաստանյան նորացված ռազմավարական կոնֆիգուրացիայում Վրաստանը վերջինիս համար կլինի ևս մեկ հարավկովկասյան կոմֆորտային զոնա:

Այս պարագայում, իբր պրոարևմտյան ուղղությանն ապավինող ու նախորդ իշխանության կողմից որդեգրված «և-և» արտաքին քաղաքական դոկտրինից հրաժարված Հայաստանն անմիջապես կարող է հայտնվել յուրահատուկ մեկուսացման մեջ, գտնվելով առնվազն բալանսավորված և Ռուսաստանի հանդեպ լոյալություն ցուցաբերող Վրաստանի և Ադրբեջանի կողքին:

Այս ամենին ավելանում է նաև Արևմուտքի հետ բարդ հարաբերություններ ունեցող Իրանի հարևանությունը և Ռուսաստանի հետ սիտուացիոն գործընկերային հարաբերություն ունեցող Թուրքիան:

Հնարավոր կանխատեսվող իրավիճակում՝ փորձագետները չեն բացառում, որ Ռուսաստանը կփորձի վերջնականապես լրացնել հարավկովկասյան փազլը Հայաստանում՝ լուծելով «գլխացավ» հանդիսացող իշխանության պրոբլեմը:

Ռուսաստանի համար Հայաստանն ավելի մեծ խնդիր կդառնա, եթե Վրաստանում արևմտյան ուժերը պարտվեն, և այդ ռեսուրսն այլ տեղ չունենա «գաղթելու», քան հարևան արևմտամետ Հայաստան: Բայց կա նաև այլ կարծիք, որը, թերևս, բխում է ռուսական իսթեբլիշմենթի ավանդական մտածելակերպից, որը, ի դեպ, նկատելի էր նաև 4-5 տարիների ընթացքում, համաձայն որի՝ ձևավորված այս կոնֆիգուրացիայում Հայաստանի ցանկացած իշխանություն այլ ճանապարհ չի ունենալու, քան դիրքավորվել Ռուսաստանի գրկում. ինչպես իրենք սիրում են ասել՝ «Куда они денутся?»: Այս տեսակետը հիմնավորվում է նաև վերջին 3-4 տարիների ընթացքում  Հայաստանի ահռելի չափերի հասած  տնտեսական կախվածությամբ անմիջապես Ռուսաստանից: Մինչդեռ, եթե Հայաստանի գործող իշխանություններն իրականություն դարձնեին դեռևս 2017թ. վերջում, հանրապետականների օրոք Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»՝ CEPA-ն, ապա աշխարհաքաղաքական և, առավել ևս, տնտեսական տարբեր աստիճանի կախվածությունների ազդեցությունը զգալիորեն հավասարակշռված կլիներ:

ԳԱՐԵԳԻՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս