Պուտինը Փաշինյանին հասկացրեց՝ մի քիչ էլ թռվռա. վերադարձանք՝ ցավոտ է լինելու. Արթուր Մարտիրոսյան
Փաշինյանը շարունակում է սպասելիքներ ունենալ Արևմուտքից, ինքն ու Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը չեն հրաժարվել Հայաստանն Արևմուտք տանելու անվան տակ մեր երկիրը դեպի թուրքական վիլայեթ տանելու ճանապարհից, բայց, քանի որ կա հզոր գործոն՝ տնտեսություն, դրա համար որոշեցին այս անգամ գնալ Մոսկվա։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Հայաստանի իշխանության՝ մոսկովյան վերջին այցի ու ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, նման տեսակետ հայտնեց բանակցային գործի մասնագետ, կոնֆլիկտաբան Արթուր Մարտիրոսյանը։
«ՌԴ նախագահ Պուտինը պատահական չէ, որ ընդգծեց՝ եթե ամեն ինչ այսպես շարունակվի, Հայաստանի հետ առևտաշրջանառության ծավալները կհասնեն 16 միլիարդ դոլարի։ Եթե այսպես շարունակվի ձևակերպումը կարևոր է, դրանով Պուտինն ուղղակի Փաշինյանին հասկացրեց՝ մի՛ կտրեք այն ճյուղը, որի վրա նստած եք։ Հայաստանի ղեկավարը գնացել էր Մոսկվա, որովհետև տեսնում է՝ Ռուսաստանից Հայաստանի տնտեսական կախվածությունը շատ մեծ է, իսկ այլընտրանքներ իրենք չեն կարողացել ստեղծել, հետևապես պետք է հաշվարկել՝ արդյո՞ք պետք է եղածը կորցնել՝ խզելով այդ կողմի հետ հարաբերություները»,- ասաց Մարտիրոսյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի ունեցած տնտեսական կախվածությունը հաշվի առնելու համատեքստում է տեղավորվում նաև Ռուսաստանի վարած քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։
Ըստ բանակցային գործի մասնագետի՝ Ռուսաստանի համար կարևոր խնդիր չէ այն, որ իրենց սահմանապահները դուրս են գալու Մեղրիից, որովհետև իրենց համար հիմա ամենակարևոր խնդիրն ուկրաինական ճակատն է։
«Օրինակ, ռուսների հեռացումը Մեղրիից թվացյալ զիջում է. նրանք տանում են իրենց համար ցանկալի լուծումներին հասնելու քաղաքականություն՝ իրենց ազդեցության գոտիների ձևավորման համար։ Այսօր դուրս եկան, վաղը նորից կվերադառնան, նրանք ասում են՝ մենք կվերադառնանք, բայց այդ վերադարձը հայերի համար կլինի ցավոտ, որովհետև ռուսները չեն ների Փաշինյանի խաղերը, որոնք վերջինս տանում է Արևմուտքի հետ՝ անվտանգային համակարգի շուրջ, իսկ ռուսները հիմա լռում և ընդունում են, որովհետև ունեն շահեր, չէ՞ որ 8 միլիարդ դոլարի առևտրաշրջանառությունն այն մասին է, որ Հայաստանով են անցնում և Ռուսաստան հասնում պատժամիջոցների տակ հայտնված ապրանքները։ Սա է ռուսական շահը։ Այնպես որ, ռուսներն ասում են՝ թող Փաշինյանը մի քիչ էլ թռվռա, երբ Արևմուտքի հետ մեր հարցերը լուծենք՝ կա՛մ կվերադառնանք, կա՛մ կտանք թուրքին, որովհետև ՀՀ ղեկավարը դարձել ոչ թե սուբյեկտ, այլ գործիք, որը կօգտագործեն ոչ թե Հայաստանի շահի, այլ իրենց շահերի համար»,- ասաց բանակցային գործի մասնագետը՝ ընդգծելով, որ այդ ողջ ընթացքում Փաշինյանը կլուծի իշխանության մնալու հարցը՝ վտանգելով Հայաստանի շահը։
Արթուր Մարտիրոսյանը Մեղրիի անցակետից ռուս սահմանապահներին հեռացնելու մասին որոշումը դիտարկում է Հայաստանի շահը զոհելու համատեքստում, ինչը, ըստ նրա, ռազմական գործողությունների պարագայում ռուսներին ուղղակի ազատելու է պատասխանատվությունից. ասելու են՝ հետևանքները կրիր ինքդ, Հայաստան։
«Ասում են՝ վերցնո՞ւմ եք ձեր վրա ամբողջ պատասխանատվությունը, վերցրե՛ք։ Կարո՞ղ է մեկն ինձ ասել, թե ռուսի ո՞ր շահն է տուժում, ոչ մի, տուժելու է հայկական շահը։ Հարց է առաջանում՝ ի՞նչ եք անում, երբ հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին ռուսներն են մնում, բայց Մեղրիից հանում եք։ Կրկնում եմ՝ ռուսները մտել են այս խաղի մեջ, որովհետև իրենք գիտեն՝ ունեն ավելի մեծ լծակներ՝ տնտեսական ազդեցություն, անգամ Փաշինյանի ասած «Խաղաղության խաչմերուկի» սլաքները գնում են դեպի Ռուսաստան, հետևապես, եթե Իրանը, Ռուսաստանը Հայաստանի հետ չեն համագործակցում, Հայաստանը մեկուսանալու է։ Առևտուր որևէ մեկը Հայաստանի հետ այդ պարագայում չի անելու։ Ես գիտեմ՝ երկարաժամկետում ռուսներն ուզում են ունենալ լոյալ ազդեցության գոտի, որի համար երկար կսպասեն, ինչպես տեղի ունեցավ Վրաստանում։ Երկարատև հեռանկարում Հայաստանը շատ կարևոր է Ռուսաստանի համար, կարճաժամկետում՝ ոչ, կարևոր է առևտուրը»,- շեշտեց Արթուր Մարտիրոսյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։