ՊՆ պաշտոնյան եվրոպական կարևոր պետություններ մեկնում է «Խաղաղության խաչմերուկը» ձեռքին. Լոնդոնում ներկայացրել էր, Բեռլինում՝ անձամբ կարևորել

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել հոկտեմբերի 9-10-ը Բեռլինում տեղի ունեցած ՀՀ-ԳԴՀ երկկողմ պաշտպանական խորհրդակցությունների մասին, որոնց մասնակցել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը։

Ուշագրավն այս հաղորդագրության մեջ հետևյալ ձևակերպումն է.

«Լևոն Այվազյանը ներկայացրել է Հայաստանի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակն ու դրա զարգացման միտումները և այդ համատեքստում կարևորել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ կերպափոխման ընթացքը»:

Այլ խոսքերով ասած՝ գնահատական է տվել կամ գովերգել Նիկոլ Փաշինյանի քաղաքական նախագծին:

Կարդացեք նաև

Այն դեպքում, երբ սեպտեմբերի սկզբին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել էր Վրաստան, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպման մասին պաշտպանության նախարարության հաղորդագրություններում չկար մի տող, որ նախարար Պապիկյանը քննարկել կամ գնահատական է տվել «Խաղաղության խաչմերուկին»:

Գուցե երբ «ընդգծել են տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղության հաստատման կարևորությունը», շոշափել են այդ թեման, բայց հաղորդագրություններում հստակ բան չկա այդ մասին, թեև Պաշտպանության նախարարը քաղաքական պաշտոն է։

Իսկ ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի հետ կապված՝ 2023 թվականին 168.am-ը նմանօրինակ դեպք ևս արձանագրել էր։ 

Մասնավորապես, 2023 թվականի նոյեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել,  որ Լոնդոնում տեղի են ունեցել հայ-բրիտանական 6-րդ պաշտպանական ռազմավարական խորհրդակցությունները, և, որ հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը։

Եվ հաղորդագրության մեջ նշվում է.

«Լևոն Այվազյանը բրիտանացի գործընկերներին ներկայացրել է Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը և տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանն ուղղված հայկական կողմի քայլերը, այդ թվում՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Ներկայացվել են նաև ՀՀ զինված ուժերում ընթացող լայնածավալ բարեփոխումները»:

Այդ ժամանակ մենք ստիպված էինք Լևոն Այվազյանին հիշեցնել իր պաշտոնական գործառույթները, ինչը ստիպված ենք նորից անել:

Վարչությունն իր նպատակներին և խնդիրներին համապատասխան իրականացնում է հետևյալ գործառույթները.

1. նախարարությանը վերաբերող մասով մշակում, համաձայնեցնում և անվտանգու­թյան խորհրդի հաստատմանն է ներկայացնում պաշտպանության ոլորտի քաղաքա­կա­­նության հիմնական ուղղությունները և նպատակները,

2. համակարգում է ներպետական և միջազգային մակարդակներում պաշտպանության ոլորտի գերակայությունները, խնդիրները և առաջնահերթությունները սահմա­նող հայե­ցակարգային և ծրագրային բնույթի փաստաթղթերի մշակման, համաձայ­նեց­ման, հաս­տատման և իրականացման գործընթացները,

3. կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով պլանավորում, կազ­մա­կերպում և համակարգում է երկկողմ ու բազմակողմ ձևաչափով բոլոր ուղղություն­­ներով ՀՀ պաշտպանության նախարարության միջազգային համագործակցու­թյունը, ապահովում է պաշտպանության ոլորտում ՀՀ դաշնակցային ու գործ­ընկերային հարա­­բերությունների համաչափ և հավասարակշռված————

4. մշակում է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների համապատասխան կառույցների հետ համագործակցության վերաբերյալ հայեցա­կարգային դրույթներ և մոտեցումներ, ուսումնասիրում և առաջարկներ է ներ­կա­յաց­նում միջազգային համագործակցության զարգացման ուղղությամբ,

5. ապահովում է ՀՀ պաշտպանության ոլորտի քաղաքականության և միջազգային համագործակցության իրականացման հետ կապված փոխգործակցությունը ՀՀ պետական կառավարման մարմինների, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների համապատասխան կառույցների և և պաշտոնատար անձանց հետ,

6. համակարգում է ՀՀ զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումների` միջազգային չափանիշներին համապատասխանեցման, այդ թվում` միջազգային զորավար­ժություններին և վարժանքներին մասնակցության աշխատանքները,

7. համակարգում է սպառազինությունների վերահսկման և պաշտպանության ոլորտի թափանցիկության ուղղությամբ ՀՀ կողմից ստանձնած պարտավորությունների կատա­րում:

Այսինքն, ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչությունը ՀՀ պաշտպանության նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում է, որի գործունեությունն ուղղված է ապահովելու նախարարության իրավասության շրջանակներում Հայաստանի Հանրապետության պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունների և նպատակների, դրանց հիման վրա համապատասխան ծրագրերի մշակման և իրականացման, պաշտպանության ոլորտի քաղաքականությանը համահունչ միջազգային համագործակցության պլանավորման և միջազգային պարտավորությունների կատարման, ինչպես նաև պաշտպանության ոլորտի միջազգային իրավապայմանագրային դաշտի ձևավորման գործընթացների համակարգումը:

Հիշեցնենք, որ նախագիծը վերաբերում է նոր ենթակառուցվածքների ստեղծմանը կամ գոյություն ունեցողների որակի բարելավմանը: Հայաստանը պատրաստ է ճանապարհային ենթակառուցվածքների համար հինգ անցակետ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին՝ Կայանի, Սոթքի, Քարահունջի, Անգեղակոթի և Երասխի մոտ, երկու անցակետ էլ՝ Հայաստանի և Թուրքիայի սահմանին՝ Ախուրիկում և Մարգարայում։

Կառավարության պնդմամբ՝ «Խաղաղության խաչմերուկը» հնարավորություն կտա անխափան կապ հաստատել Պարսից ծոցի, Օմանի ծոցի, Սև, Կասպից և Միջերկրական ծովերի միջև՝ միավորված տարածաշրջանային երկաթուղային ցանցի միջոցով և հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք ճանապարհներով:

Հիմա եթե ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության նախարարությունն իրեն իրավունք է վերապահում ներկայացնել «Խաղաղության խաչմերուկ» քաղաքական նախագիծը և գնահատական տալ, այդ դեպքում ինչո՞ւ է Պաշտպանության նախարարությունը խուսափում խոսել Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների ստորագրած կանոնակարգի ռիսկերից, հատկապես, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խմբում ՊՆ-ն և ԳՇ-ն ունեն ներկայացուցիչներ, և սա, ըստ էության, շատ ուղիղ առնչվում է սահմանին, դիրքային պատկերային և ռազմական անվտանգությանը:

Տեսանյութեր

Լրահոս