Մոսկվան Հարավային Կովկասում իր հաշվարկներում մի քանի անգամ սխալ է դուրս եկել, և վակուումը լրացրել են այլ դերակատարներ. Ի՞նչ հաշվարկ է արվել այս անգամ, դեռ պարզ չէ. Շիրազ Խաչատրյան
Հոկտեմբերի 7-8-ը Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Մոսկվա՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին, այցի շրջանակում նա հանդիպել էր ՌԴ նախագահ Պուտինի հետ։ ՌԴ նախագահն առանձին-առանձին հանդիպել էր Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ:
Ի դեպ, եռակողմ հանդիպում՝ Պուտին-Փաշինյան-Ալիև, Մոսկվայում տեղի չունեցավ, Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը պարզաբանել էր. «Եղել է այդպիսի գաղափար, սակայն ինչ-որ մեկը դրան հավանություն չի տվել»: Թե ո՞ւմ մասին է խոսքը, չի գաղտնազերծվել:
Իսկ ավելի ուշ Փաշինյանի մամուլի խոսնակը հայտնել էր, որ 2025թ. հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը ռուս սահմանապահների հետ համատեղ՝ կմասնակցեն նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը, իսկ Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ուժերով։
Չմոռանանք, որ ամիսներ առաջ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարել էր, թե հայկական կողմը խնդրել է, որ ռուս սահմանապահները մնան Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Իրան սահմանին։ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հերքել էր սա: Թե հիմա այս որոշման կամ համաձայնության հետևում ի՞նչ է թաքնված, ժամանակը ցույց կտա:
168.am-ի հետ զրույցում «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը ևս դեռ դժվարացավ հստակ պնդումներ անել, թե ինչ պայմանավորվածություններ և գործընթացներ են իրականում տեղի ունենում, ինչ հաշվարկներ են դրված երկկողմ այդ պայմանավորվածություններում, իրականում ինչո՞ւ է Մոսկվան այսպես հեշտությամբ գնում անվտանգային նոր սխեմայի ստեղծման, և, թե ինչ հաշվարկներ ունեն Հայաստանի իշխանություններն այս իրավիճակում:
«Դեռ վաղ է խոսել, և ժամանակի ընթացքում ամեն բան ավելի հասկանալի կդառնա: Միաժամանակ կարող ենք ասել, որ Մոսկվան առանձնակի հետաքրքրություն ու շահագրգռվածություն չի ցուցաբերում և՛ հայ-իրանական, և՛ հայ-թուրքական սահմանին սպասվող այդ փոփոխությունների, ինչո՞ւ չէ՝ «Զվարթնոցից» ռուս սահմանապահների դուրսբերման գործընթացների հանդեպ, իսկ հայկական իշխանություններն էլ հերթական անգամ քարոզչական հնարքներով փորձում են և՛ ներքին լսարանին, և՛ արտաքին դերակատարներին հրամցնել իրենց ինքնիշխանության ապահովման, հակառուսականության կեղծ սցենարները:
Այն, որ մեր տարածաշրջանում գործընթացներ են «եփվում», խոշոր դերակատարները տարբեր ստրատեգիական հաշվարկներ են դնում իրենց իրականացրած քայլերում, այդ թվում՝ խիստ ռիսկային, վերահսկողությունից դուրս գալու ռիսկեր պարունակող թելի վրա խաղալով, դա միանշանակ է: Եվ մնում է հասկանալ՝ ինչ իրավիճակում որ խաղացողն ինչ կարող է շահել և ինչ՝ կորցնել: Մոսկվան Հարավային Կովկասում վերջին ժամանակաշրջանում իրականացրած իր հաշվարկներում փաստացի սխալ է դուրս եկել, այն էլ՝ մի քանի անգամ, և նրա իրականացրած քաղաքականության պատճառով առաջացած վակուումը լրացրել են այլ դերակատարներ:
Հիմա թե ի՞նչ հաշվարկ է արվել և ի՞նչ «պայմանավորվածություն» է ձեռք բերվել այս անգամ, կարճ ժամանակահատվածում պարզ կլինի»,- նշեց փորձագետը՝ պարզունակ համարելով ՌԴ-ի կողմից այս տարբերակով մարդկային ռեսուրսի խնդիր լուծելու հանգամանքը ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում:
Այսինքն, կան չերևացող պրոցեսներ, և հնարավոր է՝ Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Իրան սահմանին ՀՀ սահմանապահների ներգրավումը հայ-ռուսական պայմանավորվածության արդյունք լինի։ Մնում է պարզել՝ ով և ինչ խնդիր է իրականում սրանով լուծում, ինչ գին է վճարվում, որքանով է փարատվելու Իրանի հնարավոր մտավախությունը, որ ռուս սահմանապահներին հետագայում կարող է այլ դերակատար փոխարինել այդ հատվածներում:



