Գալակտոբուրեկո
Բաղադրիչները՝
- 500 գ ֆիլո խմոր
- 150-180 գ կարագ
Կրեմի համար
- 1 լ կաթ
- 300 գ շաքարավազ
- 1 բաժակ սպիտակաձավար
- 4 ձու
- 50 գ կարագ
- 2 ճ. գ. վանիլային շաքարավազ
- 1 կիտրոնի կեղև
Սիրոպի համար
- 700 գ շաքարավազ
- 2 կիտրոնի կեղև ու հյութ
Պատրաստման եղանակը
Պատրաստեք կրեմը: Կաթսայի մեջ կաթ լցրեք, ավելացրեք շերտերով կտրտած կիտրոնի կեղևը: Միջին ուժգնության կրակի վրա կաթը հասցրեք եռման աստիճանի, կիտրոնի կեղևը հանեք կաթսայից:
Կրակը թուլացրեք՝ անընդհատ խառնելով, կաթի մեջ բարակ շիթով ավելացրեք սպիտակաձավարը: Խառնելով եփեք մինչև խտանալը՝ մոտ 7-10 րոպե: Կրակի վրայից հանեք, ավելացրեք կարագը, խառնեք ու մի փոքր հովացրեք:
Ձվերը հարեք սովորական ու վանիլային շաքարավազի հետ և ավելացրեք սպիտակաձավարի կրեմին, լավ խառնեք: Կրեմը ծածկեք կերակրի թաղանթով: Մոտ 1 ժամ թողեք այն, որ լրիվ հովանա:
Կարագը հալեցրեք: Խոնավ սրբիչ պատրաստեք. դրանով ծածկելու եք խմորը, որով աշխատելու եք (ֆիլո խմորը «քմահաճ» է ու շուտ է չորանում): Կարագով պատեք 26-28 սմ տրամագծով տապակը: Դրա մեջ շերտ առ շերտ տեղադրեք ֆիլո խմորի կեսը՝ յուրաքանչյուր շերտը առատ պատելով կարագով: Խմորի ծայրերը թող կախվեն տապակի կողքերից:
Խտացած կրեմը լցրեք խմորի վրա, հարթեցրեք, խմորի ազատ մնացած ծայրերը թեքեք դեպի ներս: Նորից շերտ առ շերտ կրեմի վրա տեղադրեք ֆիլո խմորի մյուս կեսը՝ չմոռանալով շերտերը պատել կարագով: Տապակի կողքից կախված խմորը նորից թեքեք դեպի ներս ուղղությամբ:
Շատ սուր ու բարակ դանակով խմորի վերին շերտի վրա շեղանկյունաձև կտրվածքներ արեք՝ փորձելով չհասնել կրեմին: Կարկանդակի երեսը պատեք մնացած կարագով և տապակը 25-35 րոպեով տեղադրեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:
Քանի դեռ կարկանդակը ջեռոցում է, պատրաստեք օշարակը: Կաթսայի մեջ 500 մլ ջուր լցրեք, ավելացրեք շաքարավազը, կիտրոնի կեղևն ու կիտրոնի հյութը, հասցրեք եռման աստիճանի և մոտ 10 րոպե եփեք:
Տաք կարկանդակի վրա լցրեք տաք օշարակը և մոտ 2 ժամ թողեք՝ հովանա:
Մատուցելուց առաջ կարկանդակը շեղանկյունաձև կտրատեք:
Աղանդերն սկսեք պատրաստել մատուցելուց 4 ժամ առաջ:
Խորհուրդ: Օշարակը կարող եք պատրաստել՝ կիտրոնի կեղևի փոխարեն նարնջի կամ մանդարինի կեղև, ինչպես նաև դարչինի փայտիկ, մի քիչ մեխակ կամ պարզապես մի պատյան վանիլ ավելացնելով: