Ընդդիմադիր ուժերի մի հատված կա, որ բացի ստատուս գրելուց՝ որևէ բանի ունակ չէ. Գառնիկ Դանիելյան

Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանի մուտքը Հանրային հեռուստաընկերություն, ըստ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի, տեղի ունեցավ բացառապես հանրային ճնշման և իշխանության վախերի արդյունքում։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով հոկտեմբերի 2-ին կայացած հանրահավաքի և Բագրատ սրբազանի կողմից Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերից ուղերձ հղելու որոշմանը, նման տեսակետ հայտնեց Գառնիկ Դանիելյանը՝ ընդգծելով.

«Իշխանությունն ամեն անգամ չի կարող ժողովրդի վրա նռնակներ նետել և արգելված միջոցներ կիրառել, հետևաբար, հասկանում են, որ Հայաստանում ստեղծված թվացյալ անդորրն ամեն պահի կարող է պայթել»։

Կարդացեք նաև

Նրա դիտարկմամբ՝ շարժման առաջնորդի ուղերձը շատ կարևոր էր իր բովանդակությամբ. այն և՛ քաղաքական էր, և՛ արժեքային, որովհետև ակնհայտ է մի բան՝ այս պայքարում միայն քաղաքական բովանդակությունը բավարար չէ, քանզի գործ ունենք արժեքների դեմ պայքարի հետ։

«Սրբազանը խոսեց Փաշինյանի կողմից իշխանությունն ուզուրպացնելու մասին, հնչեցին այլ քաղաքական մտքեր ևս, հետևապես՝ Սրբազանի Հ1-ի ուղիղ եթերի հնարավորությունից օգտվելու որոշումը կարևոր քայլ է, որը, միևնույն ժամանակ, չպետք է թերագնահատել, բայց և չպետք է գերագնահատել»,- ասաց Դանիելյանը՝ ընդգծելով՝ եթե ուզում ենք հաջողություն գրանցել, պետք է նաև տեղեկատվական դաշտում պայքարել իշխանական պրոպագանդայի դեմ և, հետևապես, հոկտեմբերի 2-ին կատարվածը դրանով էր արժեքավոր։

Խոսելով այդ օրվա հանրահավաքի ոչ բազմամարդ լինելու մասին, Գառնիկ Դանիելյանն առաջարկեց թվերի վրա չկենտրոնանալ։

«Մի օր քիչ մարդ կհավաքվի, մի օր՝ շատ. դա շատ հարաբերական է. դա մեզ պետք է ոչ թե հետ պահի մեր նպատակներից, այլ հակառակը՝ փոքր և մեծ հաջողություններ արձանագրելով՝ մենք պետք է շարժվենք առաջ՝ մինչև հասնենք մեր նպատակին, հակառակ պարագայում, ստացվում է՝ այսօր ավելի շատ հարվածներ են ստանում տեսակետ ունեցող, հայրենիքի ընկալում, ինքնություն ունեցող մարդիկ։ Այդ մարդկանց ամեն ձև քարկոծում են. դա անում է նաև, այսպես կոչված, ընդդիմությունը, ուստի ստացվում է՝ կոմֆորտ վիճակում գտնվելն ավելի նախընտրելի է, քան պայքարելը։ Մենք հենց այս պատը պետք է կոտրենք»,- խոսքը եզրափակեց պատգամավորը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս