Բաժիններ՝

ԱՄՆ-ում նավահանգիստների աշխատողները դադարեցրել են գործադուլը

Նավահանգստային բեռնակիրների միջազգային ասոցիացիան և ԱՄՆ-ի նավագնացության ճյուղի ներկայացուցիչները ձեռք են բերել նախնական համաձայնություն աշխատավարձերի հարցի շուրջ, որն ԱՄՆ-ում տասնյակ հազարավոր նավահանգստային բանվորների թույլ կտա վերադառնալ աշխատանքի: Այդ մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրների։

Ըստ հրապարակման՝ եռօրյա գործադուլը կկասեցվի մինչև հունվարի 15-ը։ Այդ ընթացքում կողմերը ժամանակ կունենան բանակցություններ վարելու նոր պայմանագրի շուրջ։ Գործադուլը դադարեցնելու պայմանագիրը դեռ պաշտոնապես ստորագրված չէ, պարզաբանել է գործակալության աղբյուրներից մեկը։

Ակնկալվում է, որ այն կնքելուց հետո նավահանգստային բանվորներն անմիջապես կվերադառնան աշխատանքի, իսկ նրանց աշխատավարձերը կբարձրանան։ԱՄՆ-ի Ատլանտյան ափի նավահանգստային բեռնակիրները հոկտեմբերի 1-ի վաղ առավոտյան գործադուլ էին սկսել, քանի որ Նավահանգստային բեռնակիրների միջազգային ասոցիացիան և ԱՄՆ-ի նավագնացության ճյուղի ներկայացուցիչները չէին կարողացել համաձայնեցնել աշխատանքային պայմանների և աշխատավարձերի վերաբերյալ նոր պայմանագիրը։

Ակցիայի մեկնարկը նշանակում էր, որ բեռները չեն կարող դատարկվել Ատլանտյան օվկիանոսի ափի և Մեքսիկական ծոցի ափի նավահանգիստներում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս