Իշխանությունը սկսում է ընդունել՝ Ադրբեջանին խաղաղություն հարկավոր չէ․ ո՞րն է պլան Բ-ն
Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերություններում միակողմանիորեն խաղաղության ձգտող, պատերազմի ժամանակաշրջանում, այսպես կոչված, խաղաղության օրակարգն արտաքին քաղաքական միակ այցեքարտ դարձրած ՀՀ իշխանությունները սկսել են խոստովանել՝ Ադրբեջանը հակված չէ ստորագրել խաղաղության համաձայնագիր, և կան լուրջ կասկածներ, որ ռազմական հետագա մտադրություններ ունի։
Սա այն է, ինչի մասին հայաստանյան հասարակության ստվար հատվածը, հայկական Սփյուռքը, ընդդիմությունը և քաղաքական այլ ուժեր, ռազմական գործիչներ անընդհատ խոսում էին հետպատերազմական շրջանում, որ ադրբեջանաթուրքական տանդեմի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ խաղաղություն հաստատելն է, այլ Հայաստանին վերջնական կապիտուլյացիայի ենթարկելը՝ իր բոլոր հետևանքներով ՀՀ պետականության համար։
Սրա վառ ապացույցն այն հայտարարություններն են, որոնք անում են Ադրբեջանի իշխանությունները։ Միջամտելով ՀՀ ներքին խնդիրներին և պահանջելով ՀՀ սահմանադրական փոփոխություններ, և գլխավորապես ՀՀ Անկախության հռչակագրի չեղարկում, ԵԱՀԿ Մինսկի խմբի պաշտոնապես լուծարում, խոսելով, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի», միջանցքի մասին, ադրբեջանական կողմն ավելի հեռուն է գնում և միջամտում ՀՀ ռազմական գնումներին, ներքին որոշումներին։
Օրերս La Repubblica թերթին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ասել էր՝ Հայաստանի ռազմականացումը պետք է լինի պատասխանատու և համաչափ՝ մտահոգություն հայտնելով Երևանի կողմից Ֆրանսիայից հեռահար հրթիռների գնման առնչությամբ։ «Հայաստանի համար լավագույն լուծումը կլինի չեզոքությունը, այլ ոչ թե Ադրբեջանի դեմ ռազմական դաշինքների ստեղծումը»,- նշել էր Հաջիևը։
Իսկ ահա Ալիևը Բաքվում անցկացվող «Անհայտ կորածների խնդրի լուծում» միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում հայտարարել է, որ՝ եթե Հայաստանն իսկապես ցանկանում է խաղաղության հասնել Ադրբեջանի հետ, «պետք է» դատապարտի «ադրբեջանցիների դեմ իրականացված վայրագությունները» և «պատժի մեղավորներին»։
Նրա խոսքով՝ այժմ Ադրբեջանում պատասխանատվության են ենթարկվում «ռազմական հանցագործությունների որոշ մեղավորներ» (նկատի ունի օկուպացված Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին, որոնք ապօրինաբար պահվում են Բաքվի բանտերում:- Ա․Մ.), սակայն Հայաստանում ոչ մի «հանցագործ» պատասխանատվության չի ենթարկվել, այլ ընդհակառակը, հերոսացվել է։ Եվ սա ասում է ադրբեջանցի ռազմական հանցագործներին, այդ թվում՝ տարիներ առաջ Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանած Ռամիլ Սաֆարովին հերոսացրած, հրապարակավ ագրեսիվ ու ռազմատենչ հայտարարություններ անող Ալիևը։
Չնայած ՀՀ-ին ուղղվող պահանջներին, որ ՀՀ-ն չպետք է զինվի, Ադրբեջանը շարունակում է ինտենսիվորեն զինվել, ինչպես նաև զորավարժություններ անցկացնել։ Վերջին զորավարժությունները նախօրեին էին Նախիջևանում, որտեղ հրետանային ստորաբաժանումները մարտավարական զորավարժություն էին անցկացրել։
Նախօրեին Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ Ադրբեջանն այնքան էլ հակված չէ ստորագրել խաղաղության պայմանագիրը, սակայն միևնույն է՝ Հայաստանը պետք է հետևողականորեն առաջ տանի խաղաղության օրակարգը։
«Այն, որ Ադրբեջանը նոր թեմաներ է բերում դաշտ, նշանակում է, որ այո, ինքն այնքան էլ հակված չէ խաղաղության պայմանագիր ստորագրելու։ Եվ մեր քաղաքական խնդիրն է՝ փոխել ընդհանուր միջավայրը և մթնոլորտը, որպեսզի խաղաղության պայմանագրի ստորագրումը դառնա իրատեսական»,- ասել է Փաշինյանը՝ շարունակելով, որ ՀՀ-ն Ադրբեջանի ամեն ասածից իր ռազմավարությունը չպետք է փոխի։
Նույն օրը Վարշավայի Անվտանգության միջազգային համաժողովի ընթացքում էլ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, թե լուրջ մտահոգություններ կան, որ Ադրբեջանը ՀՀ տարածքի հետ կապված հեռուն գնացող ռազմական պլաններ ունի։ «Իրապես լուրջ մտահոգություններ կան, որ Ադրբեջանը կփորձի նոր ռազմական ծրագրեր իրականացնել Հայաստանի և մեր տարածքների դեմ:
Օրինակ, ադրբեջանական կողմն այժմ օգտագործում է «Արևմտյան Ադրբեջանի» նարատիվը, որը, ինչպես գիտեք, հիմնականում համընկնում է Հայաստանի Հանրապետության գրեթե ողջ տարածքին։ Նրանք պնդում են, որ դա տարածքային պահանջ չէ, սակայն, ցավոք, տպավորությունը բոլորովին այլ է: Դուք հարցնում եք, թե ինչպես ես՝ որպես արտաքին գործերի նախարար, կամ իմ կառավարությունը, կարող ենք վստահություն ներշնչել: Ցավոք, չեմ կարող վստահություն հայտնել, քանի որ ես վստահ չեմ Ադրբեջանի խաղաղ ծրագրերի հարցում»,- ասել էր Միրզոյանը Վարշավայում։ Չնայած արդեն իսկ ստեղծված բանակցային բարդությանը Ադրբեջանի հետ, ՀՀ իշխանությունները, ըստ Թուրքիայի նախագահ Էրդողանի, իրեն դիմել են, որպեսզի միջնորդի ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացին և նպաստի խաղաղությանը։ Եվ այսօր հայտնի դարձավ, որ Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվելու է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հարցը։
Ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը 168.am–ի հետ զրույցում ասաց, որ պատերազմի տրամաբանությունն ավարտված չէ, քանի դեռ չկա հաշտություն, ստորագրված խաղաղության համաձայնագիր։
Ըստ նրա, այս գործընթացում Ադրբեջանը թե ռազմական, թե արտաքին քաղաքական ճակատում օգտվում է իր հետպատերազմյան ավելի կայուն դիրքերից, ինչպես նաև աշխարհաքաղաքական իրավիճակներից ու դրա հետևանքներից, որոնցից մեկը նաև հայ-ռուսական հարաբերությունների էական վատթարացումն է, ՀԱՊԿ-ում ՀՀ անդամակցության սառեցումը և ՀՀ արտաքին քաղաքական ուղղությունը դեպի Արևմուտք։
«Քանի դեռ հակամարտությունը կարգավորված չէ նման բարդ ռեգիոնում և քանի դեռ համաշխարհային պատերազմի և այլ ռեգիոնալ հակամարտային օջախներ կան, միջադեպեր կլինեն, վտանգներ կլինեն, սակայն, չեմ կարծում, թե այս ռեգիոնում որևէ մեկին մեծ պատերազմ պետք է, այդ թվում՝ Իրան, Թուրքիա և Ռուսաստան։ Կարծում եմ՝ այս երկրների դիրքորոշումն առանցքային է։ Բնականաբար, Ադրբեջանը պետք է փորձի միջամտել զենքի վաճառքի հարցին, պետք է փորձի հնարավորինս շատ բան ստանալ մինչ համաձայնագրի ստորագրումը, սակայն դա հետպատերազմյան տրամաբանությունն է։
Նման փուլերում հարկավոր է գերճկուն դիվանագիտություն և անվտանգության ոլորտի ճիշտ վերակազմավորում պատերազմից հետո, որովհետև դա բանակցություններում ազդեցություն է ունենում»,- ասաց նա։
Վերլուծաբանը գտնում է, որ ընդհանրապես արտաքին քաղաքականությունն իրադարձությունների տարաբնույթ զարգացումների համար միշտ սցենարներ է ունենում։ «Ուստի, տարբերակ Ա-ից բացի, որն այս դեպքում խաղաղություն հաստատելն է, պետք է լինեն նաև այլ տարբերակներ, այս դեպքում թե ինչ կլինի՝ չեմ կարող ասել»,- նկատեց նա։
Խոսելով Թուրքիայի հնարավոր միջնորդության մասին՝ Ֆելգենգաուերն ասաց, թե չի պատկերացնում՝ կոնկրետ ինչ կարող է անել Թուրքիան, թեև, ըստ նրա՝ Թուրքիան միշտ եղել է գործընթացի ստվերային մասնակից, ազդելով Ադրբեջանի դիրքորոշումների վրա կամ համակարգելով իր քայլերն Ադրբեջանի հետ։
«Գուցե ՀՀ իշխանությունները որոշակի պատկերացում ունեն, թե ինչ սպասել»,- ասաց Ֆելգենգաուերը։
Մերձավոր Արևելքում կատարվողը ևս, նրա խոսքով, մարտահրավեր է Հարավային Կովկասի համար, ինչպես մարտահրավեր է Ռուսաստան-Ուկրաինա-Արևմուտք գլոբալ դիմակայությունը։