Ո՞րն էր 44-օրյա պատերազմում պարտվելու պատճառը. անհրաժեշտ գործոնները չկայի՞ն, թե՞ դրանց պոտենցիալը ճիշտ պահին չի օգտագործվել
Փաշինյան-Էրդողան նյույորքյան հանդիպումից հետո Anadolu գործակալությունը փոխանցել էր Թուրքիայի նախագահի խոսքը, թե Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի շուրջ Նիկոլ Փաշինյանի մոտեցումները բացասական չեն թվում:
«Երբ մենք նայում ենք պարոն Փաշինյանի մոտեցումներին, դրանք բացասական չեն թվում: Նրանք (Հայաստանը։- Մ.Պ.) ցանկանում են, որ Թուրքիան աջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը և ապահովի, որ նրանք խաղաղ ապրեն որպես հարևաններ՝ որքան հնարավոր է շուտ: Մենք արդեն զբաղվում ենք դրանով և աշխատում ենք այդ ուղղությամբ»,- Anadolu-ի փոխանցմամբ, ասել է Էրդողանը:
Եվ ոչինչ, որ 2020թ. Արցախում տեղի ունեցած 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Նիկոլ Փաշինյանը խոսում էր Թուրքիայի անմիջական մասնակցության մասին՝ դրանում տեսնելով նաև ՆԱՏՕ-ի պատասխանատվությունը:
Ըստ էության, վերջին անգամ նա այս թեմային անդրադարձել էր օգոստոսի 31-ին հրավիրած ասուլիսում՝ նշելով 44-օրյայի ժամանակ թուրք զինվորների կռվելու փաստը, որ պատերազմի ժամանակ բազմաթիվ տեղերում հայ զինվորականները, հայկական հետախուզությունը տեսել է թուրքական դրոշներ, թուրքական զինծառայողներ, Թուրքիայի հատուկ ջոկատային, բարձրաստիճան սպաներ, պատերազմի ողջ ընթացքում Թուրքիային պատկանող F-16 ինքնաթիռները, անօդաչու թռչող սարքերը եղել են օդում, սպասարկվել են թուրքական անձնակազմի կողմից:
Այս մասին մենք մեկ անգամ չէ, որ գրել ենք՝ հիշատակելով հստակ ապացույցներ։
Այս հրապարակման մեջ, սակայն, կանդրադառնանք այն խնդրին, որ Թուրքիայի միջնորդական դերակատարումը Նիկոլ Փաշինյանն աչքի տակ է ունեցել դեռ 44-օրյայի օրերին:
Մասնավորապես, պատերազմի 5-րդ օրը՝ 2020թ. հոկտեմբերի 1-ին, Փաշինյանի ընտանեկան թերթը՝«Հայկական ժամանակը», «Բանակցային ֆորմատը փոխելու ժամանակը» վերտառությամբ խմբագրական էր հրապարակել, որտեղ, հատկապես, նշվում էր.
«Բայց հասկանալի է նաև, որ ցանկացած պատերազմ վաղ թե ուշ ավարտվում է, և սկսվում է բանակցությունների փուլը։ Իսկ այստեղ բազմաթիվ հարցեր են առաջանում, որոնցից մեկն էլ հետևյալն է, իսկ ինչո՞ւ պետք է Հայաստանը պատերազմի Թուրքիայի դեմ, բայց բանակցությունների նստի Ադրբեջանի հետ։ Եթե Ադրբեջանը դարձել է Թուրքիայի հերթական վիլայեթը (իսկ այս պատերազմը ցույց տվեց, որ հենց այդպես էլ կա՝ Ադրբեջանն այլևս անկախ ռազմաքաղաքական միավոր չէ), ժամանակը չէ՞ արդյոք, որ այդ վիլայեթն ընդհանրապես դուրս մղվի բանակցային գործընթացից, իսկ մենք ուղիղ բանակցություններ վարենք նրա «տիրոջ» հետ։
Ի դեպ՝ ժամանակին ադրբեջանցիներին հաջողվեց իրականացնել այդ հնարքը։ Նրանք հարձակվել էին Արցախի վրա, Հայաստանը պաշտոնապես պատերազմի մեջ չէր, բայց նրանք կարողացան Արցախը դուրս թողնել բանակցություններից և ամբողջ աշխարհին հարցն այնպես ներկայացնել, թե հակամարտությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև է։
Հիմա այլևս որևէ կասկած չկա, որ սա պատերազմ է Հայաստանի ու Թուրքիայի միջև, հետևաբար՝ բանակցություններն էլ պիտի այդ պետությունների միջև ընթանան։ Իսկ Ադրբեջանը, եթե շատ է ցանկանում, կարող է ուղիղ բանակցությունների մեջ մտնել ԼՂՀ-ի հետ։ Կամ էլ բանակցությունները կարող են լինել քառակողմ»:
Այսինքն, Փաշինյանն արդեն Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ժամանակ բացառե՞լ է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատը, և որոշել՝ կամ Հայաստան-Թուրքիա երկկողմ ֆորմատով հակամարտությունը կարգավորել, կամ՝ Հայաստան-Արցախ-Ադրբեջան-Թուրքիա տարբերակով:
Առաջին հայացքից կարող է տրամաբանական թվալ՝ եթե մարտի դաշտում Թուրքիան է թելադրողը, ինչո՞ւ հենց իր հետ չպայմանավորվել, խնդիրն այն է, որ Ադրբեջանը բանակցություններից դուրս չմղվեց, բայց բանակցությունների մեջ մտավ Թուրքիան, և այսօր արդեն Հայաստան-Ադրբեջան հաշտության համար, թեպետ Հայաստան-Ադրբեջան ուղիղ պատերազմ չի եղել, իսկ Արցախի հարցն էլ թուրք-ադրբեջանական տանդեմն ու ՀՀ իշխանությունները փակված են համարում: Ամեն ինչ կարծես այսօրվա համար գրված լիներ:
Ի դեպ, հոդվածում մի այսպիսի ձևակերպում կա՝ «Եթե Ադրբեջանը շատ է ցանկանում, կարող է ուղիղ բանակցությունների մեջ մտնել ԼՂՀ-ի հետ», ավելի ուշ Փաշինյանն այս ձևակերպումը մի փոքր փոխված կրկնեց, երբ Արցախը շրփաջակման մեջ էր և կանգնած էր ցեղասպանության վտանգի առաջ՝ «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է բանակցի իրեն վերաբերող հարցերով»: Եվ ոչինչ, որ ստեղծված իրավիճակի արմատները 44-օրյա պատերազմի արդյունքներում էր, բայց 2020 նոյեմբերի 9-10-ի հրադադարի եռակողմ հայտարարության տակ չկար Արցախի ստորագրությունը, ինչպես նաև նրա ճակատագրին առնչվող հետագա փաստաթղթերում:
Բայց այս հոդվածում ուշագրավ այլ նախադասություններ էլ կան:
«Պատերազմի չորրորդ օրը բացառիկ էր ոչ միայն կիրառած զինատեսակների կրակային հզորությամբ, այլև կրած կորուստներով ու հայկական ուժերի պատժիչ գործողությունների արդյունավետությամբ: Բավական է նշել միայն, որ օրվա ընթացքում հայկական ուժերը ոչնչացրել են «Սմերչ» և «Ուրագան» կայանքներ, երկու «ՏՕՍ-1» տիպի հրանետեր ու տասնյակ միավոր զրահատեխնիկա, իսկ ոչնչացված այլ զինատեսակներն ու կենդանի ուժն արդեն հաշվելն անիմաստ է»:
«Հայկական ժամանակի» խմբագրականի հեղինակն իր շարադրանքն ավարտում է այսպես. «Իսկ առայժմ հիմնական խոսքը հայոց բանակինն է, այդ բանակն է, որ հերոսաբար ապահովում է երբևէ որևէ հարցի շուրջ բանակցելու մեր իրավունքը»։
Իսկ այս խմբագրականի նախօրեին՝ 2020 թվականի սեպտեմբերի 30-ին, տեղի էր ունեցել ԱԽ նիստ, որի ժամանակ, ինչպես 2020 թվականի նոյեմբերի 17-ի իր ուղերձում հայտնել էր այդ ժամանակ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, առաջարկել էր օրերի ընթացքում կանգնեցնել պատերազմը:
«Պատերազմի չորրորդ օրը` անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ես ներկայացրեցի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»,- իր ուղերձում նշել էր գեներալը:
Այնուհետև գեներալ Օնիկ Գասպարյանն իր ուղերձ-հայտարարության մեջ շարունակել էր.
«Պատերազմը որոշակի փուլում կանգնեցնելու բոլոր փորձերը և առաջարկությունները Թուրքիայի և Ադրբեջանի կողմից մերժվել են, և մենք պարտադրված շարունակել ենք մարտական գործողությունները`փորձելով թշնամուն հասցնել մեծ կորուստներ ու ստիպել նստել բանակցային սեղանի շուրջ»:
168.am-ն իր՝ «Օնիկ Գասպարյանի սառը հաշվարկը և նախազգուշացումները՝ ՀՀ քաղաքական ղեկավարությանը» վերտառությամբ հոդվածում նկատել էր, որ չնայած պատերազմի առաջին օրն ունեցած մեր մարդկային, ռազմատեխնիկական և տարածքային որոշակի կորուստներին, Օնիկ Գասպարյանի այս առաջարկի հիմքում, ըստ էության, առաջին հերթին հաշվի է առնվել աշխարհաքաղաքական իրավիճակը, մեր նկատմամբ դաշնակիցների և գործընկերների տրամադրվածությունը և մեր դիվանագիտական կարողությունները:
Այսինքն, ԳՇ պետը զգուշացրել է՝ ամեն մեկ օրն աշխատելու է ի վնաս բանակցային գործընթացի: Եվ բանակը 44 օր շարունակ կարողացել է լավ կամ վատ դիմակայել, մեր տեղեկություններով, ԳՇ-ն նույնիսկ աչքի տակ է ունեցել նաև պատերազմի երկարաձգման հանգամանքը:
Նշենք, որ պատերազմից հետո ոչ մեկ անգամ, այդ թվում՝ Քննիչ հանձնաժողովում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հաստատել էր՝ պատերազմի 4-րդ օրը նման առաջարկ Օնիկ Գասպարյանն արել է: Ավելին, Տոնոյանն ակնարկել էր, որ այստեղ դեր է ունեցել Թուրքիայի անմիջական ներգրավվածությունը պատերազմին:
«Ես հաստատ հիշում եմ, որ այդպիսի խոսակցություն Անվտանգության խորհրդում եղել է, այդպիսի խոսակցություն եղել է նաև այլ ձևաչափերով, և դրա վերաբերյալ առաջին զեկույցը ստացել եմ ես: Դուր է եկել ինձ այդ զեկույցը, դուր չի եկել, բայց մենք պարտավոր էինք վարչապետին և Անվտանգության խորհրդին ներկայացնել մեր մոտեցումը, քանի որ դրա հիմնական պատճառն այն էր, որ կար երրորդ կողմի անմիջական ներգրավվածություն, որը մեզ համար անմիջական տեսանելի էր: Երրորդ կողմը, կարծում եմ, հասկանում եք, որ Թուրքիան է»,- 2023թ. օգոստոսի 1-ին Քննիչ հանձնաժողովում հայտարարել էր Տոնոյանը:
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը սկզբում չէր հերքել Օնիկ Գասպարյանի՝ պատերազմը կանգնեցնելու առաջարկ անելու փաստը: Մասնավորապես, 2020թ. դեկտեմբերին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադարձ եղել է այս թեմային, ընդ որում, գեներալի առաջարկը մի քանի անգամ է հիշեցվել, և ԳՇ պետի զգուշացումները, բայց դրանք չեն հերքվել:
Բայց, երբ ավելի ուշ ԱԽ քարտուղար-Օնիկ Գասպարյան տարաձայնություն սկսվեց այս թեմայի շուրջ, Նիկոլ Փաշինյանը սկսեց հայտարարել, որ պատերազմը 4-րդ օրը կանգնեցնելու առաջարկ չի արվել ԱԽ նիստում:
Ընդ որում, ԱԽ գրասենյակը 2020 թվականի սեպտեմբերի 30-ի նիստի արձանագրությունն էր գաղտնազերծել՝ «մոնտաժված»՝ ապացուցելու, թե բանակը հաջողություններ էր գրանցում, հակառակորդն էլ այդ պահին առաջընթաց չուներ, ինչո՞ւ պիտի նման առաջարկ արվեր:
Իսկ ԱԽ հրապարակած արձանագրությունից, որի մեծ մասը սևացված է, անհնարին է իրական պատկերացում կազմել, քանի որ ԳՇ պետի ամբողջական խոսքը չէր ներկայացվել:
Ի դեպ, Օնիկ Գասպարյանը պահանջել էր իր և ՀՀ նախագահի ելույթն ամբողջությամբ հրապարակել, համապատասխան թույլտվություն Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չտվեց:
Իսկ 2020 թ. սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
Աշնան այս ամիսներին հնարավոր է՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը փակ նիստում ներկայացվի, արդյո՞ք այս օրվա նիստը և պատերազմի 4-րդ օրը առաջարկ անել-չանելու հարցը քննարկվելու է, երբ այդ նիստին ներկա ոչ բոլորն են հարցաքննվել:
Իսկ եթե իրավացին ոչ թե Օնիկ Գասպարյանն է, այլ Արմեն Գրիգորյանը և Նիկոլ Փաշինյանը, գուցե նաև այդ օրվա Օնիկ Գասպարյանի և Արմեն Սարգսյանի ամբողջական խոսքը գաղտնազերծվի՞, միևնույն է՝ այդ նիստի արձանագրությունից որոշ հատվածներ արդեն գաղտնազերծվել են, և ոչ միայն այդ նիստից: Այսինքն, գաղտնի փաստաթղթերի գաղտնիությունը մասնակի խաթարվել է:
Իսկ գուցե նաև ՀՀ սահմաններից դուրս գտնվող 44-օրյայի ժամանակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյա՞նը խոսի, հաստատի կամ հերքի Օնիկ Գասպարյանի կողմից պատերազմի 4-րդ օրը ռազմական գործողությունները կանգնեցնելու առաջարկ անելու փաստը:
Եթե խոսում են 44-օրյայի արդյունքներից, ապա սա կարևոր հանգամանք է, թե՞ ճշմարտության բացահայտմանը ամեն դեպքում պետք է սպասել միայն իշխանափոխությունից հետո, ինչպես 168.am-ի հետ զրույցում ասել էրգեներալ Գասպարյանը. «Վստահ եմ, որ, եթե նույնիսկ հրապարակեն, մոնտաժված է լինելու, ճշմարտությունը կարող է բացահայտվել միայն իշխանափոխության դեպքում»:
Նշենք, որ 2024թ. մայիսին հրավիրված ասուլիսի ժամանակ Փաշինյանը չէր անտեսել այդհայտնի նիստը:
«Մի դրվագ կա, որի մասին ես ամբողջապես չեմ ասել, այդ թվում՝ պատկերն ինձ համար ամբողջապես չլինելու պատճառով: Դա 7-րդ օրը (Օնիկ Գասպարյանը 44-օրյա պատերազմի 4-րդ օրն էր ԱԽ նիստում առաջարկել կանգնեցնել պատերազմը։- Մ.Պ.) պատերազմը դադարեցնելու մասին էդ հայտնի խոսակցությունն էր, թե դա ինչի մասին էր, ինչ էր նշանակում, որտեղից էր գալիս և ուր էր գնում, ինչ նպատակով»,- նշել էր նա՝ առանց փակագծեր բացելու:
Սպասենք իրադարձությունների զարգացումներին, թե ով ավելի շուտ փակագծեր կբացի այս թեմայով:
Իսկ մինչ այդ հիշեցնենք, որ Փաշինյանն Օնիկ Գասպարյանից առաջ էր դաշտ նետել պատերազմը 4-րդ օրը կանգնեցնելու հնարավորության թեման: Մասնավորապես, 2020թ. նոյեմբերի 10-ին տեղի ունեցած քաղաքացու հետ զրույցում նա նշել էր.
«Հաջորդ հարցադրումը հետևյալն է, եթե այսպես էր, ինչո՞ւ, օրինակ, պատերազմի 3-րդ օրը, 4-րդ օրը, 5-րդ օրը, 6-րդ օրը չեն փորձել կանխել դրա հետագա զարգացումը: Նախ սկզբնական շրջանում պատերազմը բավականին հաջող էր ընթանում հայկական կողմի համար, և երկրորդը՝ պատերազմը կանխելու պայմանը նույնն էր, ռազմաճակատից իրավիճակը չէր փոխվում: Այսինքն, եթե մենք մեծ հաջողություն չէինք ունենում, ռազմաճակատի իրադրությունից դա ամենևին չէր փոխվում: Այսինքն, պայմանը նույնն էր՝ 5 տարածքի վերադարձ առանց ԼՂ կարգավիճակը ճշգրտելու և կարգավիճակի ճշգրտման հստակ մեխանիզմ չունենալու: Ինչո՞ւ չեմ եկել և դա չեմ ասել: Որովհետև ես հավատում էի, որ մենք կարող ենք պայքարել, և դրա համար փորձում էի անել ինձանից կախված առավելագույնը»:
Կրկնենք, որ Օնիկ Գասպարյանն այս մասին հայտարարել էր 2020թ. նոյեմբերի 17-ին:
Իսկ Փաշինյանը, ըստ էության, հաստատում է, որ 2020թ. պատերազմի 4-րդ, 5-րդ օրը կարելի էր կանգնեցնել պատերազմը:
Ի դեպ, 2020թ. հոկտեմբերի 25-ին «Հայկական ժամանակը» անանուն խմբագրական էր հրապարակել, որտեղ նշվում է.
«Պատերազմում հաղթելու համար անհրաժեշտ է 3 գործոն. հզոր բանակ, ամուր թիկունք և դաշնակիցներ, որոնց պոտենցիալը պետք է կարողանալ օգտագործել ճիշտ պահին»:
Այս գործոնները չե՞ն եղել, թե՞ դրանց պոտենցիալը ճիշտ պահին Փաշինյանը չի կարողացել օգտագործել…