Լուրջ մտավախություններ կան, որ Ադրբեջանը Հայաստանի հետ կապված հեռուն գնացող ռազմական պլաններ ունի․ Միրզոյան

«Հայաստանը քաղաքական կամք չի տեսնում Ադրբեջանի կողմից՝ ստորագրելու խաղաղության համաձայնագրի համաձայնեցված մասը»,- այս մասին այսօր Վարշավայի Անվտանգության միջազգային համաժողովի՝ Հարավային Կովկասին նվիրված քննարկման ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Նա նշեց, որ իրական հնարավորություն կա տարածաշրջանում փակելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության էջը և բացելու խաղաղության ու համագործակցության էջը:

«Ադրբեջանը մինչ այժմ հրաժարվում է ստորագրել խաղաղության այս համաձայնագիրը՝ առաջ քաշելով ավելի ու ավելի շատ պահանջներ։ Մենք տեսնում ենք, որ նրանք պարզապես չեն ցանկանում ստորագրել համաձայնագիրը։ Աշխարհում չկա նման պայմանագիր, որը կկարգավորի կողմերի միջև առկա բոլոր խնդիրները, մենք առաջարկում ենք ստորագրել այս փաստաթուղթը և հետո բանակցել այլ հարցերի շուրջ։ Ցավոք սրտի, մենք այս հարցում չենք տեսնում Ադրբեջանի քաղաքական կամքը»,- ասաց Միրզոյանը:

Նա նշեց, որ լուրջ մտահոգություններ կան, որ Ադրբեջանը հեռուն գնացող ռազմական պլաններ ունի Հայաստանի ու Հայաստանի տարածքների առնչությամբ։ «Օրինակ՝ ներկայումս Ադրբեջանն օգտագործում է «Արևմտյան Ադրբեջան» նարատիվը, սակայն Բաքուն «Արևմտյան Ադրբեջան» ասելով՝ նկատի ունի Հայաստանի գրեթե ողջ տարածքը։ Բաքուն վստահեցնում է, որ դա տարածքային պահանջ չէ, սակայն տպավորությունն այլ է»,- ասաց Միրզոյանը։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս