Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգի տրագիկոմեդիկ ներկայացումը Եռաբլուրում. սուգ խաղալը հարգանքի տուրք չէ

Վերջին օրերին Նյու Յորքում ՄԱԿ-ի ամբիոնից զիջողական և թուրք-ադրբեջանական տանդեմին հաճո հայտարարություններից, Հայաստանի վարկանշային նշաձողը ևս մի քանի աստիճանով իջեցնելուց և Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հրճվալի ժամերից հետո Նիկոլ Փաշինյանը կնոջ հետ որոշել է գնալ «Եռաբլուր» և հարգանքի տուրք մատուցել 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին:

Նշենք, որ Վահագն Խաչատուրյանը, Ալեն Սիմոնյանը, Սուրեն Պապիկյանը երեկ էին այցելել Եռաբլուր, իսկ Նիկոլ Փաշինյանի անունից անգամ ծաղկեպսակ չէր եղել: Հիմա արդեն պարզ է՝ ինչո՞ւ: Իսկ թե իրականում որքանով է Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգի այս տրագիկոմեդիկ «պաստանովկան» կամ սուգ խաղալը հարգանքի տուրք, թող դատեն ընթերցողները՝ վերհիշելով այն արհավիրքը, աղետը, որ նրանց կառավարման այս 6 տարիներին ապրեց Արցախը և Հայաստանը:

Երբ ընդդիմադիր զոհվածի մայրերը հրապարակավ են իրենց ցավն ու բարկությունն արտահայտում, այդ թվում՝ «Եռաբլուրում» ակցիաներ անելով, որպեսզի թույլ չտան Փաշինյանին մոտենալ իրենց զավակների շիրիմներին, իշխանության ներկայացուցիչներն իրենց իրավունք են վերապահում բարոյական խրատներ տալ որդի կորցրած մայրերին, նրանց ընտանիքների անդամներին, թե սուգը պետք է լուռ արտահայտել: Իսկ «Եռաբլուրում» բարոյակա՞ն է պաստանովկա անելը՝ իրավապահ մարմինների և տասնյակ թիկնապահների ուղեկցությամբ՝ ֆոտոսեսիա, տեսահոլովակ, հատուկ սգացող դեմքի արտահայտություն, ծնկաչոք «պոզա»… և, իհարկե, իրենց մուտքը չփակող զոհվածների ծնողներ:

Կարդացեք նաև

Ավելին, արդյոք բարոյակա՞ն է զոհվածներին անուղղակի մասնակից դարձնել իրենց սեփական քաղաքական օրակարգի քարոզչությանը: Դատեք ինքներդ:

Փաշինյանը թաքնվում է 44-օրյա պատերազմի զոհվածների հետևում

Մարդ ու կին այցելելով Եռաբլուր, ապա ֆեյսբուքյան էջում տեսանյութի հետ Փաշինյանը հետևյալ գրառումն է կատարել.

«Միայն 44-օրյա պատերազմին հաջորդած տարիներին մենք խորությամբ և ամբողջությամբ բացահայտեցինք, թե ինչ է տեղի ունեցել մեր շուրջ՝ անկախության առաջին օրերից ի վեր։ Բացահայտվածն, ընդ որում, դեռ պետք է մարսենք, դեռ պետք է հասկանանք, դեռ պետք է կարողանանք ճիշտ հետևություններ անել, որը հեշտ չէ. ցավը շատ մեծ է, էմոցիաները շատ բուռն, և այսպիսով՝ սառը դատողության և վերլուծության համար տարածքը շատ փոքր։ Ինձ համար հետևությունը մեկն է. մեր Նահատակները մեզ համար պետություն ունենալու նոր հնարավորություն են բացել։ Այդ հնարավորությունը (չգիտակցված) սկսեցինք կորցնել Անկախության ձեռքբերումից գրեթե անմիջապես հետո, իսկ 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո կորցրինք՝ թվում է անդառնալիորեն։

Նահատակները նոր հնարավորություն ստեղծեցին մեզ համար։ Ինչու, ինչպես՝ այսօրվա խոսակցության նյութ չէ։ Այսօրվա խոսակցության նյութը մեկն է՝ Փառք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։ Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, Նահատակների զոհողության ամենախոսուն փառաբանությունը»,- Եռաբլուր այցի մասին պատմող հոլովակին կից գրել է Նիկոլ Փաշինյանը, ով, ըստ էության, կրկնել է Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի առիթով իր ուղերձում հնչեցրած միտքը՝ «2020 թվականին անկախության կորստի եզրին հասնելով՝ Իրական Հայաստանի ռազմավարությամբ ստացել ենք մեր պետության հարատևության տեսական թեզը գործնական ռելսերի վրա դնելու իրական հնարավորություն»:

Այս ամենը հարցեր է առաջացնում և եզրակացությունների տեղիք տալիս:

Բայց նախ հարց՝ բա մեր տղաները «հանուն ոչնչի չէին զոհվե՞լ», ինչպես իշխանափոխությունից հետո ասել էր Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, թե՞ այստեղ ավելի վտանգավոր բան կա՝ «նախկինների ժամանակ զոհվածներն են հանուն ոչնչի զոհվել», որովհետև, Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ, «1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո անդառնալի կորցրած անկախությունը չենք կարողացել վերականգնել», և միայն 44-օրյա պատերազմում մի քանի հազար զոհերը նման հնարավորություն տվեցին:

Իրականում 44-օրյա պատերազմի արդյունքում և դրանից հետո մենք կորցրեցինք Արցախի և Հայաստանի սուբյեկտայնությունն ու սուվեներությունը, իսկ ավելի ուշ՝ ամբողջապես Արցախը, որը ղարաբաղյան հակամարտությունը նախ հանեց ԵԱՀԿ ՄԽ ֆորմատից և տեղափոխեց Հայաստան-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների ձևաչափ՝ Թուրքիայի քավորությամբ, և ոչինչ, որ 2020 թվականի պատերազմի օրերին Հայաստանը մերժել էր Իրանի միջնորդական առաքելություն ստանձնելու առաջարկը, իհարկե, ոչ հայամետ բաներ կային այդտեղ, բայց Թուրքիայի միջնորդությամբ հայամետ որևէ բան կա՞:

Երկրորդ, 44-օրյա պատերազմի արդյունքում Նիկոլ Փաշինյանն Արցախի հարցը վերափոխեց Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտի: Ասում են՝ խաղաղության պայմանագիր, երբ Ադրբեջան-Հայաստան պատերազմ չի եղել: Ահա, թե ինչու պետք չէր Փաշինյանին կանխել պատերազմը, իսկ Աննա Հակոբյանի միտքը 2020թ. պատերազմից առաջ, թե մեր տղաները «հանուն ոչնչի են զոհվել», այս ծրագրի մի մասն էր, որ հետո ասեին՝ 44-օրյայի նահատակներն իրական Հայաստան ունենալու հնարավորություն ստեղծեցին:

Որևէ մեկը չի մոռացել նաև, թե ինչպես էր 2019թ. դեկտեմբերի 4-ին Աննա Հակոբյանը հրապարակավ Մեհրիբան Ալիևային հրավիրում մուղամ լսելու.

«Ես հիմա ուզում եմ Մեհրիբան Ալիևային հրավիրել Ղարաբաղ: Եվ նա կարող է լինել մեր հյուրը: Հայ ժողովուրդը, արցախցիները գիտեն ինչպես ընդունել հյուրին, ինչպես հարգել: Ընդունված մեր հյուրընկալության կանոններից է նաև հյուրին պատվել իր երաժշտությամբ: Մեր կարող ենք իրականացնել նրա երազանքը նա լինի մեր հյուրը և Ղարաբաղում լսի իր սիրելի մուղամը: Մենք կարող ենք ապահովել մուղամը, մենք կարող ենք իրականացնել նրա երազանքը և Ղարաբաղում նա կլսի իր սիրելի մուղամը: Սա հրավեր է և եթե նա ընդունի այդ հրավերը՝ պատրաստ եմ ինքս էլ հյուրընկալվել Բաքվում», – հայտարարել էր Փաշինյանի կինը:

Ի դեպ, 2021թ. Փաշինյանը հայտարարել էր. 

«Շատ կլինեն հարցեր՝ ի վերջո, մեր տղերքը ինչի՞ համար զոհվեցին: Ես ուզում եմ շատ կոնկրետ պատասխանել այս հարցին, մեր տղերքը զոհվեցին այն բանի համար, որ երբ Ադրբեջանի նախագահը հայտարարի, որ Ղարաբաղի հարցը լուծված է, մենք կարողանանք ասել, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ, որովհետև Ադրբեջանի պլանը հենց դա էր, որ Ղարաբաղի հարցը լուծեր, որ ֆիզիկապես Ղարաբաղում ոչ մի հայ չմնար: Բայց այսօր Արցախը կա, արցախահայությունը կա, դա մեր զոհված եղբայրների, մեր զինվորների և մեր բանակի շնորհիվ է: Այո, դառը պատերազմ ենք անցել, բայց այն, ինչ ունենք, ունենք մեր տղաների շնորհիվ»:

Եվ հիմա, երբ Արցախում հայ չկա, և Փաշինյանն Արցախի հարցը փակված է համարում, տղաների զոհվելու նոր պատճառ է գտել: Իսկ իրականում տղաները զոհվել են հանուն իրենց վստահված դիրքի, սահմանի, որովհետև այդտեղից է սկսվում հայրենիքը, հանուն հզոր բանակի, հանուն հայրենիքի, հանուն Արցախի հայկական և անկախ մնալուն, հանուն պատմական և ազգային Հայաստանի, որն ավելի քան իրական է, քան Նիկոլ Փաշինյանի՝ «իրական Հայաստանը»: Եվ ոչ թե հանուն այն պարտադրված պարտության, որի մասին Փաշինյանը խոսում էր 44-օրյայի առաջին օրը՝ «Եկեք պայմանավորվենք, որ մենք երբեք մեզ, այլևս ինչ էլ լինի, եթե նույնիսկ բոլորին թվա, թե մենք պարտվել ենք վերջնական և անշրջելիորեն, մենք մեզ պարտված չենք ճանաչի»,- մեջբերում ենք նրա խոսքերը:

Ահա, այսօր էլ նույն ուղերձն է՝ մի փոքր ավելացումով, այն է՝ եկեք մեզ պարտված չզգանք խաղաղության օրակարգի, սահմանազատման գործընթացի համատեքստում, որովհետև դա պարտություն չէ:

Ի դեպ, 2020թ. նոյեմբերի 29-ին Փաշինյանը խոստովանել էր, որ ոչ միայն 44-օրյայից առաջ արդեն ակնհայտ էր, որ պատերազմ է սկսելու և կարող էր բանակցությունների միջոցով այն հետաձգեր առնվազն, այլ, ըստ էության, Թուրքիայի հետ պիտի բանակցեր, ով անմիջական մասնակցություն է ունեցել 2020 թվականի պատերազմի ժամանակ:

«Որևէ փուլում, այդ թվում՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունների շրջանում գնայի թուրքերին ասեի՝ եկեք առանց պատերազմի լուծենք հարցը, պիտի ասեին՝ կոնկրետ ժամանակացույց տուր, երբ ես տարածքները հանձնում: Ստորագրեի՝ պիտի ասեին՝ «Նիկոլ դավաճան», չստորագրեի՝ պատերազմը սկսվելու էր»,- 2020 թվականի նոյեմբերի 29-ին Ֆեյսբուքում գրել էր Փաշինյանը:

44-օրյա պատերազմի ընթացքում նա մերժել էր նաև ՌԴ նախագահ Վ. Պուտինի կողմից արված առաջարկները: Հետագայում, 2022թ. ապրիլին նա ԱԺ-ում հայտարարեց. «Ասում են՝ կարո՞ղ էիք կանխել պատերազմը: Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն այս վիճակը, իհարկե, առանց զոհերի»:

Հավելենք, որ 2020-ի հուլիսի 29-ից օգոստոսի 10-ն ընկած ժամանակահատվածում նախատեսվել էր Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ նախատեսված զորավարժություններ, որոնց ընթացքում օդուժի կիրառմամբ վարժանքներ են անցկացվել Բաքվում, Գյանջայում, Քյուրդամիրում, Եվլախում ու Նախիջևանում:

Ցամաքային զորքերի մասնակցությամբ զորավարժությունները կայացել էին օգոստոսի 1-5-ը Բաքվում և Նախիջևանում։

Ի դեպ, հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը նախատեսված զորավարժությունները փաստացի երկարաձգվել էին, և օգոստոսի 12-ին Ադրբեջան էին ժամանել Թուրքիայի Հանրապետության Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերը, զորքերի հրամանատարները և այլ բարձրաստիճան սպաներ:

Այս ամենից հետո, դատեք ինքներդ՝ որքանո՞վ է առհասարակ բարոյական Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգի կողմից Եռաբլուրում տասնյակ թիկնապահներով շրջապատված և բեմադրված տրագիկոմեդիկ այս շոու-ներկայացումը:

Տեսանյութեր

Լրահոս