Փաշինյանը մատաղ է արել «Եռաբլուրի» մեր տղերքին միայն մի նպատակի համար. Հայկ Մամիջանյան

Չորս տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 27-ին, սկսվեց Արցախյան երկրորդ պատերազմը, որը տևեց 44 օր: Այս պատերազմի հետևանքով Ադրբեջանը կարողացավ օկուպացնել, տիրանալ Արցախի մոտ 10 հազար քառակուսի կիլոմետր տարածքի, որի 50 տոկոսից ավելին Ադրբեջանի նախագահ Ալիևը ստացավ Նիկոլ Փաշինյանից՝ թղթով՝ ռազմական գործողությունների դադարից հետո։

Նոյեմբերի 9-ին հայտարարվեց կրակի դադարեցման վերաբերյալ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից 9 կետից բաղկացած եռակողմ հայտարարության ստորագրման մասին։

Ադրբեջանի վերահսկողության տակ անցան Արցախի 7 շրջանները, Շուշին ու Հադրութը։

44-օրյա պատերազմից երեք տարի անց՝ սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանը ևս մեկ հարձակում իրականացրեց Արցախի վրա։

Կարդացեք նաև

10 ամիս շարունակվող շրջափակումից հետո այս հարձակմամբ Ադրբեջանն օկուպացրեց ամբողջ Արցախը։

168 TV «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, խոսելով Արցախյան 44-օրյա պատերազմի մասին, նախ շեշտեց՝ ցավալի է, որ պատերազմից 4 տարի անց, Արցախը հանձնած իշխանությունն իր համարժեք պատիժը դեռ չի կրել։

«Փոխել է (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին։- Ա.Ս.) մեր իշխանության կողմից թողնված սպառազինություննների գնման պլանը, դրա միջից հեռացրել 2500 ԱԹՍ գնելու կետը։ ԱԹՍ-ներ, որոնց մեծ մասը Հայաստան էր գալու մինչև 2020 թվականը. պայմանագրերը կնքված էին, գումարը՝ տրված։ Ապա գնել է ՍՈւ-եր, արել սելֆիներ, Տավուշի մարտերը հռչակել երրորդ համաշխարհային պատերազմ, ասել՝ Արցախը Հայաստան է, և վերջ՝ Ադրբեջանին այս ամենով տալով առիթ՝ սկսել արյունալի ագրեսիա՝ 44-օրյա պատերազմ, որի ժամանակ Հայաստանի Զինված ուժերի 50 տոկոսից պակասն է ներգրավվել, իսկ ինքը Սարդարապատի մասին էր խոսում՝ մարդկանց առաջարկելով կասկաներ գտնել ու գնալ մարտի։

Իհարկե, մեր հայրենիքը մենք վաղ թե ուշ կազատագրենք, բայց ամենադավաճանական կետն այն է, որ Եռաբլուրում ննջողներին, որոնք ավելի լավն էին, քան ես, քան բոլոր ՔՊ-ականները, միայն այն փաստով, որ այս երկրին տվել են ամենաթանկը՝ կյանքը, հետ բերել հնարավոր չէր։

Ինքն այդ տղաներին մատաղ է արել միայն մի նպատակով, որ կարողանա նորից վերընտրվել։ Հոկտեմբերին կարող էր կանգնեցնել պատերազմը, բայց չի արել, որ իրեն դավաճան չասեն։ Հետևապես, ինքն իր կյանքում մի բան է լավ արել՝ եթե ժամանակին լավ հոդված էր ծախում, ապա հիմա՝ երկիրը»,- ասաց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը։

 Հ.Գ. Նշենք, որ Հայկ Մամիջանյանի հետ հարցազրույցը տեսագրվել է 26.09.2024-ին՝ նախքան Նիկոլ Փաշինյանի՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի ելույթը։

 Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս