Պարտքի ժամկետայնության «կարմիր լույսը» վառվելու վրա է
Կառավարության պարտքի ժամկետայնության «կարմիր լույսը» վառվելու վրա է։
Սահմանված է, որ ռիսկերից խուսափելու համար, կառավարության պարտքի՝ մինչև մարումը մնացած միջին կշռված ժամկետը պետք է լինի 7-10 տարի։
Այս պահին այն ընդամենը 7,1 տարի է։ Եվս 1-2 ամսով նվազելու պարագայում մտնում է ռիսկի գոտի։
Վերջին տարիներին կառավարությունն այնքան կարճաժամկետ պարտքեր է վերցրել, որ ժամկետայնությունը հասցրել է սահմանված չափանիշի նվազագույն մակարդակին։
Տարիներ առաջ այդպիսի խնդիր ընդհանրապես չկար։ Պարտքի ժամկետայնությունը գրեթե միշտ գտնվել է վերին սահմանին մոտ։ Հիմա հակառակն է։
Այդ խնդիրը ծագել է Նիկոլ Փաշինյանի վարչախմբի իշխանության գալուց հետո։
Մինչ 2018թ. պարտքի միջին ժամկետայնությունն 9 տարի էր՝ սահմանված առավելագույն 10 տարվա փոխարեն։ Վեց տարում ժամկետայնությունը 23 ամսով կրճատել են։
Հիշեցնենք՝ որքան պարտքի ժամկետայնությունը կարճ է, այնքան մեծանում է մարման ծանրաբեռնվածությունը։ Այն, ինչ հատկապես վերջին տարիներին տեսնում ենք պարտքի սպասարկման առումով։ Տարեկան հարյուրավոր միլիոն դոլարներ են հատկացվում պետական բյուջեից՝ կառավարության պարտավորությունները սպասարկելու համար։
Վերջին տարիներին պարտքի ժամկետայնությունն անընդհատ կրճատվել է։
Կրճատվել են՝ ինչպես արտաքին, այնպես էլ՝ ներքին պարտքի մարման ժամկետները։
Մինչև այս մարդկանց իշխանության գալը, կառավարության արտաքին պարտքի միջին կշռված ժամկետն անցնում էր անգամ 10 տարուց։ Հիմա 7,1 տարի է։ Միայն այս տարվա ընթացքում այն հասցրել է նվազել 3 ամսով։
Նվազել է նաև ներքին պարտքի մարման ժամկետայնությունը։ Տարեսկզբին դրամով թողարկված պետական գանձապետական պարտատոմսերի մարման միջին ժամկետը 8 տարի էր, հիմա 7 տարի 7 ամիս է։
Վեց տարի առաջ պարտքի կառուցվածքում ոչ միայն թանկ գանձապետական պարտատոմսերի կշիռն էր անհամեմատ փոքր, այլև ժամկետայնությունն էր անհամեմատ երկար՝ հասնում էր 9,5 տարվա՝ այսօրվա 7,7 տարվա փոխարեն։ Այնքան նոր պարտատոմսեր թողարկեցին, ներքին պարտք ավելացրին, որ ոչ միայն պարտքի կառուցվածքը փոխվեց, այլև սպասարկման ծանրաբեռնվածությունն ու ժամկետայնությունը։
Պարտք վերցնելու համար խելքներն իրենցը չէ։ Պետք չեղած դեպքում էլ են պարտք վերցնում։ Հավելյալ պարտատոմսեր են թողարկել, գումարներ ներգրավել, բանկում ավանդ են դրել՝ ավելի ցածր տոկոսով, քան պարտք են վերցրել։
Ինչի՞ համար են պարտատոմս տեղաբաշխել, բարձր տոկոսներով գումարներ ներգրավել, եթե դրա կարիքը չի եղել։ Բյուջեն անտեղի դրել են պարտքի ու պարտքի սպասարկման ծանրության տակ։ Արել են՝ ի վնաս պետության։
Նաև այսպիսի անիմաստ գործողությունների հետևանք է, որ կրճատվել է ոչ միայն պարտքի ժամկետայնությունը, այլև ավելացել են սպասարկման ծախսերը։
Մարման ժամկետայնության բավական կտրուկ կրճատում է տեղի ունեցել հատկապես արտարժութային գանձապետական պարտատոմսերի պարագայում. Յոթ ամսում 5,5 տարվանից այն իջել է 4,9 տարվա։
Կառավարության բոլոր վարկային պրոդուկտների առումով մարման ժամկետները կրճատվել են, ինչի հետևանքով էլ պարտքի ժամկետայնության «կարմիր լույսը» մոտ է վառվելուն։ Դրան նպաստել են՝ ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին կարճաժամկետ պարտքերի ներգրավումը։
Ի՞նչ է մտածում կառավարությունն այս ռիսկը չեզոքացնելու ուղղությամբ, պարզ չէ։
Ռիսկը չեզոքացնելու փոխարեն՝ անհագուրդ նոր պարտքեր են վերցնում։
Այս տարի արդեն հասցրել են ավելի քան կես միլիարդ դոլարով ավելացնել պարտքը։
Ավելացրել են գերազանցապես ներքին կարճաժամկետ պարտքի հաշվին։ Հիմա արդեն ներքին պարտքը 324 մլն դոլարով գերազանցում է արտաքինին։
Արտաքին պարտքն այս տարի նույնիսկ նվազել է ավելի քան 200 մլն դոլարով։ Անցած տարվա վերջին 5,9 մլրդ դոլար էր, դարձել է 5,7 միլիարդ։
Սա շատերին գուցե տարօրինակ թվա՝ ինչպե՞ս կարող է այդքան նոր վարկեր ներգրավելուց հետո արտաքին պարտքը նվազել։ Կարող է, որովհետև պարտքի մարումն է մեծացել՝ ավելի շատ փակում են, քան վերցնում։
Սրանով է պայմանավորված, որ արտաքին պարտքը նվազում է, չնայած անընդհատ նոր պարտքեր են վերցնում՝ ավելի կարճաժամկետ ու թանկ։
Միայն այս տարի պարտքը 0,3 տոկոսային կետով թանկացել է՝ հասնելով 7,3 տոկոսի։ Սա աստղաբաշխական բարձր գին է պարտքի համար։
Պարտքը թանկացնում են, ժամկետները՝ կրճատում։ Դրա համար էլ սպասարկումը ծանրանում է։
Հաջորդ տարի խնդիրն ավելի է սրվելու։ Միայն 300 մլն դոլարի եվրոպարտատոմսերի միանվագ մարում պիտի իրականացվի։ Չհաշված մյուս վարկային ծրագրերի ու գանձապետական պարտատոմսերի թողարկումից ներգրավված գումարների սպասարկումը։ Եվ սա՝ այն պարագայում, երբ տեսնում ենք, թե գնալով ինչպիսի խնդիրների է բախվում պետական բյուջեն։ Արտաքին գործոնները, որոնք մի պահ լուրջ միջոցներ էին ապահովում բյուջեի համար, աստիճանաբար թուլանում են, դրանց ազդեցությունները նվազում են, նվազում են նաև բյուջե մտնող գումարները։
Հարկերն արդեն չեն հավաքվում, ու այդ խնդիրը կարող է հաջորդ տարի ավելի սրվել։
Հաջորդ տարի մի կողմից՝ պարտքերի սպասարկման գումարներն են ավելանալու, մյուս կողմից՝ ահագնանում են բյուջեի ռիսկերն ու ֆինանսական դժվարությունները։ Դրանք կարող են կառավարությանը մղել նոր արկածախնդրության՝ ինչպես մեծածավալ նոր պարտքերի ներգրավման, այնպես էլ՝ հարկային բեռի ու ճնշման ավելացումների միջոցով ֆինանսական ճեղքերն ինչ-որ կերպ լցնելու համար։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ