Երևանն՝ առանց տրոլեյբուսների․ Վոյաժներ ու շռայլ ծախսեր` տրասնպորտային պարկի թարմացման փոխարեն

Երևանի քաղաքային տրանսպորտի բարեփոխումների ծրագրի տապալումն արդարացնելու համար քաղաքապետարանը սկսել է մեղավորներ փնտրել։ Հայտարարում է, թե փող չկա բարեփոխումների շրջանակներում նախատեսված 45 տրոլեյբուսները ձեռք բերելու համար։ Ինչպես միշտ, բոլորը մեղավոր են, բացի իրենցից։

«Փետրվար ամսից մեր ընդդիմադիր գործընկերների ջանքերով հասարակական տրանսպորտում ստեղծվեց մի անհասկանալի և ինչ-որ չափով նաև անկառավարելի վիճակ։ Դա բերել հասցրել է մի կետի, որ արդեն ներկայիս 5 ամիսների ընթացքում, փաստացի Երևանի քաղաքապետարանի, այսինքն՝ Երևանի ավտոբուս ՓԲԸ, Մետրոպոլիտեն, նաև էլեկտրական ավտոբուս ՓԲԸ-ների կողմից, ընդհանուր հաշվով հավաքագրվել է շուրջ 6 միլիարդ 30 միլիոն դրամ։ Այս թվերն առաջին հայացքից ոչինչ չեն ասում, բայց հաշվի առնելով այն պատկերը, որ մենք ունենք և արդեն պատկերացնում ենք, թե հետագայում ինչ է լինելու, կասեմ հետևյալը՝ այդ ակցիաների արդյունքում, երբ մարդիկ ամեն կերպ համոզում էին, որ չվճարեն, ասելով, թե գինը անիմաստ է բարձրացնել, 100 դրամ պետք է մնա, մենք հիմա ունենք մի վիճակ, երբ այս տարի Երևանի քաղաքապետարանը նախատեսել էր և հայտարարել, որ ձեռք է բերելու շուրջ 45 տրոլեյբուս, բանից պարզվում է, որ արդեն այդ 45-ից առնվազն 30-ը հնարավորություն չի լինելու առնել, որովհետև թերհավաքագրումները բերել են նրան, որ այդ գումարը, որպես այդպիսին, չկա։

Նման տեմպերով եթե շարունակվեն հավաքագրումները, չի բացառվում, որ մնացած 15 տրոլեյբուսն էլ Երևանի քաղաքապետարանը չկարողանա ձեռք բերել»,- իր խոսնակի բերանով երևանցիներին հաթաթա է տալիս Տիգրան Ավինյանը։

Այն Տիգրան Ավինյանը, որը մինչև վերջերս հայտարարում էր, թե տրանսպորտի թանկացման դեմ քաղաքացիների բոյկոտը տապալվել է։ Եթե տապալվել է, ինչպե՞ս եղավ, որ փող չկա նախատեսված տրոլեյբուսները ձեռք բերելու համար։

Կարդացեք նաև

Իրականում խնդիրը ոչ թե բոյկոտի, այլ բարեփոխումների տապալման մեջ է։ Ի սկզբանե էլ պարզ էր, որ համակարգը պատրաստ չէ դրան։ Բարեփոխում կոչվածը միայն վարկերով ու պարտքերով ավտոբուսներ բերելու մեջ չէ։ Բարեփոխումների համար չեն ստեղծվել բավարար պայմաններ ու տեխնիկական հնարավորություններ։ Այսօր էլ բազմաթիվ ուղևորներ բախվում են տրանսպորտի դիմաց վճարումներ կատարելու խնդիրների հետ։ Ստացվել է այնպես, որ քաղաքապետարանն իր անկազմակերպ աշխատանքի ու անպատրաստ լինելու հետևանքով ուղղակի խրախուսում է բոյկոտը։

Այս իրավիճակի պատասխանատուն ոչ թե ընդդիմությունն է, այն հազարավոր քաղաքացիները, որոնք արդարացի բոյկոտ են հայտարարել տրանսպորտի չհիմնավորված ու չպատճառաբանված թանկացմանը, այլ քաղաքապետարանը, որը մինչև հիմա էլ չի կարողանում տեխնիկական պայմաններ ապահովել։ Սրա հետևանքով միլիոնավոր դրամներ կորում են, բայց քաղաքապետն ու քաղաքապետարանի ոչ մի պաշտոնյա դրա համար պատասխանատվություն չի կրում։

Հեշտ է սեփական ձախողումներն ուրիշների վրա բարդել և քաղաքական հաշվարկներից ելնելով՝ հայտարարել, թե ընդդիմադիրների հայտարարած բոյկոտի ու քաղաքացիների կողմից տրանսպորտի դիմաց վճարումներ չկատարելու պատճառով՝ փող չկա նախատեսված տրոլեյբուսները ձեռք բերելու համար։ Երբ ուղեվարձը կտրուկ բարձրացնում էին, ասում էին՝ անում ենք, որ նոր տրանսպորտային միջոցներ ձեռք բերենք, շարժակազմը թարմացնենք, դարձնենք անընդհատ պրոցես։ Ուղեվարձը բարձրացրին, հիմա ասում են՝ փող չկա նոր տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու համար։

Տրոլեյբուսների գնման համար քաղաքապետարանը փող չունի, բայց Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի բյուջեից աջ ու ձախ փող է բաժանում։

Վերջերս մանկական գրքի փառատոնի կազմակերպման նպատակով 39 մլն դրամ կամ 100 հազար դոլար հատկացրեց մի ընկերության, որը ոչ քաղաքապետարանի հետ կապ ունի, ոչ էլ պետության։ Ինչո՞ւ է մասնավոր ընկերության նկատմամբ Տիգրան Ավինյանն այդքան առատաձեռն։ Քաղաքային բյուջեից հսկայական գումար է տալիս՝ մանկական գրքի փառատոն անցկացնելու համար, երբ այն կարող էր ուղղել նույն տրոլեյբուսների ձեռքբերմանը, որոնք, իրենց մեղքով, չեն կարողանում գնել։

Եթե սա միակ օրինակը լիներ, գուցե կարելի էր անտեսել։ Բայց առաջին դեպքը չէ, երբ Տիգրան Ավինյանը Երևանի բյուջեի հաշվին իրեն նման շռայլություններ է թույլ տալիս, տարօրինակ ծախսեր է կատարում։ Ամիսներ առաջ էլ 10 մլն դրամ էր հատկացրել անհայտ ինչ-որ ֆիլմի պրոդյուսերին։

Քաղաքային բյուջեի հաշվին միլիոններ են վճարում մասնավոր ընկերություններին՝ տարբեր փառատոներ կազմակերպելու համար. Ջազի փառատոն, գինու փառատոն, բալետի փառատոն, ու այդպես շարունակ։ Օրինակ՝ ջազի փառատոնի անցկացման համար վճարել են 34 մլն դրամ։

Ամեն տարի Երևանում գինու տոն են անում։ Միջոցառումը կազմակերպում է մասնավոր ընկերությունը, բայց դրա համար քաղաքային բյուջեից միլիոնավոր դրամներ են վճարում։ Այս տարի էլ կվճարեն՝ գրեթե 14 մլն դրամ։

Եթե մասնավոր ընկերությունը նպատակ ունի Երևանում մանկական գրքի, ջազի կամ գինու փառատոն կազմակերպել, թող ինքն էլ կատարի դրա կազմակերպման ծախսերը, ինչո՞ւ պիտի քաղաքապետարանը վճարի, իսկ կազմակերպիչն էլ փող աշխատի։

Երևանում բալետի փառատոնի կազմակերպման համար անգամ տասնյակ-միլիոններով չեն բավարարվել, հարյուրավոր միլիոններ են հատկացրել։ Խոսքն ավելի քան 596,6 մլն դրամի մասին է։

Վերջերս էլ որոշեցին Նոր Նորք համայնքի հիմնադրամի օրը նշելու համար 8 մլն դրամ հատկացնել։

Դժվար չէ հաշվել, թե այս գումարներով քանի տրոլեյբուս կարելի էր գնել, եթե Երևանի քաղաքապետն աջ ու ձախ չբաժաներ քաղաքապետարանի փողերը։ Դեռ չենք ասում այն միլիոնները, որոնք վատնում են անորակ ասֆալտապատման, մանկապարտեզների կառուցման ու վերանորոգման, այգիների ու պարտեզների բարեկարգման անվան տակ։ Տրոլեյբուսներ գնելու փոխարեն՝ Տիգրան Ավինյանը նախընտրում է քաղաքային բյուջեի փողերն այս ու այն կողմ շաղ տալ, իսկ տրոլեյբուս գնելու համար փող չլինելը որոշել է դնել քաղաքացիների վրա, որոնք դեմ են տրանսպորտի անհիմն թանկացմանը։

Այնպիսի մեթոդներով, որ քաղաքապետը փորձում է բարեփոխել քաղաքային տրանսպորտը, հեռուն չի գնալու։ Այսօր հայտարարում են, որ փող չկա նոր տրոլեյբուսներ ձեռք բերելու համար, վաղն էլ ասելու են՝ փող չկա նոր ավտոբուսներ ձեռք բերելու համար։ Արդյունքում ստացվելու է այնպես, որ քաղաքային տրանսպորտի «բարեփոխումներից» երևանցիներին մնալու է միայն տրանսպորտի թանկացումը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս