«Հնարավո՞ր է՝ ՀՀ-ն Ադրբեջանի դեմ գործերը ետ կանչի միջազգային դատարաններից». Եղիշե Կիրակոսյանի արձագանքը

«Գործերը, իրավական ընթացքը շարունակվում է, ակնկալում ենք վճիռ։ Նման հարց այս պահին օրակարգում չունենք դրված։ Կարծում եմ՝ իրավական գործընթացները շարունակվելու են»,- Երևանում ընթացող Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է՝ Հայաստանն Ադրբեջանի դեմ գործերը ետ կանչի միջազգային դատարաններից։

Ըստ Եղիշե Կիրակոսյանի,  պետք է հասարակությունը ֆիքսի, որ միջազգային իրավական կամ դատական գործընթացները երբեք չեն կարող հակադրվել խաղաղությանը։ Եվ ցանկացած փորձ, որ միջազգային իրավական գործընթացը կհակադրի խաղաղության փորձին՝ արհեստական է։

«Պատահական չէ, որ նման հակադրությունները գալիս են մեր հարևան պետությունից, այսինքն՝ պատասխանող պետությունից, Ադրբեջանից։ Առաջին անգամ նման գաղափար հնչեցվել է Ադրբեջանի կողմից, և սա, կարծում եմ՝ շատ բանի մասին է խոսում։ Նախ, խոսում է այն բանի մասին, որ Ադրբեջանն անհանգստացած է իրավական գործընթացներով, և այն գաղափարը, կարծիքը, թե միևնույն է՝ Ադրբեջանի համար ինչ որոշումներ կլինեն, թյուր են։

Կարծում եմ՝ այս որոշումները, դատական գործընթացները շատ կարևոր ազդեցություն ունեն Ադրբեջանի վարքագծի վրա, և դրանց շարունակելիությունը շատ կարևոր է։ Կարելի է ասել, դա խաղաղության ամբողջական փաթեթի մի մասն է, որովհետև խաղաղության հարատևության տեսանկյունից իրավական գործընթացները շատ առանցքային դեր են կատարում»,- ընդգծեց Եղիշե Կիրակոսյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս