2023թ. դեկտեմբերից ի վեր մենք դրական տեղաշարժ չունենք․ իրավապաշտպանը՝ գերիների վերադարձի և COP-29 հարթակն օգտագործելու հնարավորության մասին

«Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիներին վերադարձնելու խնդրի առաջնային հասցեատերը հենց պետությունն է, որովհետև իր քաղաքական պաշտպանության տակ գտնվող անձանց վերադարձի հարցն է, և քանի որ խնդիրը նաև միջազգային հարաբերություններին է առնչվում»,- 168am-ի հետ զրույցում նշեց «Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիր, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը՝ արձագանքելով մեր այն արձանագրմանը, որ այս օրերին հնչում են տեսակետներ, ինչով փորձ է արվում կառավարության կոնկրետ պարտականությունն անորոշաբար դնել հայ ժողովրդի ուսերին: 

Սիրանուշ Սահակյանը, սակայն, չթերագնահատեց նաև հասարակության և, մասնավորապես, քաղհասարակության դերը՝ նկատելով, որ այդ հարթակում ևս անելիք կա․ պետք են ակտիվ աշխատանքներ միջքազգային կառույցների, հանրային դիվանագիտական շրջանակների հետ, որպեսզի նաև հանրային ճնշումը հանգեցնի գործողությունների կատարման։

«Կարծում եմ՝ միջոցները պետք համատեղվեն»,- ամփոփեց նա։

Հարցին, թե պետությունն արդյո՞ք բավարար չափով աշխատանքներ տանում է գերիների վերադարձի ուղղությամբ, իրավապաշտպանն արձագանքեց վստահեցմամբ, որ իրավական առումով իրավիճակը գրեթե անթերի է։

Կարդացեք նաև

«Մնացյալն արդեն քաղաքական հարթությունն է՝ բանակցություններ, որոնք նաև լիարժեք թափանցիկ ու հրապարակային չեն, ուստի չգիտենք՝ ինչ արդյունավետությամբ են ընթանում,- հավելեց նա՝ այնուամենայնիվ շեշտելով, որ որոշակի արդյունքներ եղել են,- Շուրջ 200 անձ է հայրենադարձվել, սակայն վերջին հայրենադարձումը տեղի է ունեցել 2023 թվականին․ 2023 թվականի դեկտեմբերից ի վեր՝ մենք դրական տեղաշարժ չունենք»։

Օրերս Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի հետ կապված լրագրողների հարցադրումներին ի պատասխան՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել էր, որ բանակցություններ և խոսակցություններ կան բոլոր ձևաչափերով։

«Բոլոր հնարավոր տեղերում մենք այդ խոսակցությունն անում ենք»,- ասել էր Ալեն Սիմոնյանը։

Նրա խոսքով, սակայն, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի մեջ այդ հարցը ներառված չի, այլ ներառված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, որտեղ նշված է, որ Ռուսաստանը և Ադրբեջանը պարտավորվում են գերիներին և այլ պահվող անձանց վերադարձնել։

Սիրանուշ Սահակյանը հիշեցրեց՝ այս պահին պաշտոնապես հաստատված 23 գերիներ կան, սակայն իրենց կազմակերպության հավաքագրած տվյալների համաձայն՝ նրանց թիվը 80 է, ինչը ևս սպառիչ թիվ չէ։

Արդյո՞ք ՀՀ իշխանությունները պետք է մասնակցեն ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանին («COP29»), և ի վիճակի՞ են այդ հարթակն օգտագործել նաև հայ գերիների վերադարձի հարցը բարձրաձայնելու համար՝ մեր վերջին հարցադրմանն ի պատասխան՝ իրավապաշտպանը հիշեցրեց, որ դեռ 2023 թվականին այդ միջոցառումն արդեն իսկ դրական ազդեցություն ունեցել է այս համատեքստում։

«Նաև նման միջոցառումները կապված են մարդու իրավունքների հիմնախնդիրների բարձրաձայնման հետ։ Ես այն տեսակետի կողմնակից եմ, որ ՀՀ-ն չի կարող բոյկոտել, քանի դեռ այդ բոյկոտը համընդհանուր չէ։ Եվ եթե միջոցառումն իրականացվում է, ապա Հայաստանը պետք է պատճաշ ներկայացված լինի և այդ հարթակն օգտագործի՝ այնտեղ առկա մարդու իրավունքների հիմնախնդիրները բարձրաձայնելու և հավելյալ քաղաքական ճնշում գեներացնելու նպատակով»,- մանրամասնեց նա՝ հիշեցմամբ, որ 2023 թվականին գերիների վերադարձը կապված է եղել գործոնի հետ՝ ՀՀ-ում գտնվող երկու ադրբեջանցի հանցագործների վերադարձի և Բաքվում այս միջոցառման անցկացմանը՝ ՀՀ աջակցության։

Հիշեցնենք՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովն Ադրբեջանում անցկացնելու որոշումը կայացվել է անցած դեկտեմբերին՝ Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական լայնածավալ հարձակումից, Արցախի հայաթափումից ընդամենը երեք ամիս անց․ որոշումն ընդունվել էր նաև պաշտոնական Երևանի աջակցության շնորհիվ, ինչի դիմաց Բաքուն համաձայնել էր ազատ արձակել 32 հայ ռազմագերիների։

Միջազգային իրավապաշտպան կառույցները, Ալիևի վարչակազմի ընդդիմախոսները քննադատել են հեղինակավոր միջոցառումը Բաքվում անցկացնելու որոշումը։

Տեսանյութեր

Լրահոս