Կայացել է Փաշինյան-Բլինքեն զրույց․ ո՞վ և ինչո՞ւ է նախաձեռնել հեռախոսազրույցը
Հայաստան-Ադրբեջան, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցի շուրջ տարաձայնությունների նոր ալիքին ու տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման գործընթացի շուրջ ռեգիոնալ մասշտաբի տարաձայնությունների ֆոնին ՀՀ իշխանությունների ուշագրավ շփումներ են տեղի ունենում։
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:
ՀՀ Կառավարության կարճ հաղորդագրության համաձայն, քննարկվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին և Հայաստան-ԱՄՆ երկկողմ օրակարգին առնչվող հարցեր:
Ուշագրավ է, որ ԱՄՆ Պետքարտուղարությունը հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն դեռ չի տարածել, ինչից կարելի է փորձել ենթադրել, որ հեռախոսազրույցը նախաձեռնել է հայկական կողմը։ Սովորաբար ամերիկյան կողմը պատշաճ տեղեկատվություն է տրամադրում նման շփումների մասին, հատկապես, երբ դրանք տեղի են ունենում սեփական նախաձեռնությամբ և տեղավորվում են ամերիկյան օրակարգի շրջանակում։
Սրան զուգահեռ՝ այսօր հայտնի դարձավ նաև այն, որ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին:
Քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանն առնչվող թեմաների:
Հաղորդագրությունում չկա որևէ հիշատակում, սակայն բարդ է պատկերացնել, որ Օվերչուկ-Փաշինյան զրույցի օրակարգից դուրս է մնացել ռեգիոնալ կապուղիների ապաշրջափակման թեման, որը վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է՝ ինչպես Երևան-Բաքու հեռակա դիվանագիտական բանավեճերի, այնպես էլ՝ Մոսկվա-Երևան, Մոսկվա-Թեհրան դիվանագիտական փոխհրաձգությունների ընթացքում։
Ակնհայտ է նաև, որ գարնանից սկսած ամերիկյան ակտիվությունը միջնորդական գործընթացում ավարտվել է, Նահանգներին չհաջողվեց Բաքվին ներքաշել արդյունավետ բանակցային գործընթաց համաձայնագրի ստորագրման հանգրվանով։ Եվ ըստ էության այս փուլում ամերիկյան արտաքին քաղաքականությունը թևակոխել է ընտրական տրամաբանության շրջանակ։
168.am-ի հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտն ասաց, որ ամերիկյան հետաքրքրությունը՝ ինչպես ռեգիոնի, այնպես էլ՝ Հայաստանի նկատմամբ պահպանվում է, և այդ հետաքրքրությունն ավելի սուր է, քան նախկինում, քանի որ, ինչպես աշխարհը, այնպես էլ ռեգիոնը փոփոխվում է։
Ըստ նրա, այդ փոփոխությունների ֆոնին ԱՄՆ-ի համար ՀՀ-ն առանցքային երկիր է։
«Սակայն պետք է նաև հասկանալ, որ ԱՄՆ-ը ի սկզբանե չէր ցանկանում խորապես ներգրավվել մշտական ռեժիմով բանակցային գործընթաց։ Ինչպես տեսանք վերջին տարիների ընթացքում, ԱՄՆ ներգրավվածությունը դրվագային բնույթ կրեց՝ ժամանակ առ ժամանակ ԱՄՆ-ը մասնակցեց ինչ որ բանակցությունների, առաջացան խնդիրներ՝ նահանջեց։
Սակայն սկզբունքային դիրքորոշումն այն էր, որ եթե չկա ԵԱՀԿ Մինսկի խումբը, ապա ի վերջո կողմերը ռեգիոնալ կայունության և վերջնական խաղաղության համար կարող են բանակցել ուղիղ։
Ի վերջո, նման փուլում ԱՄՆ-ի և Արևմուտքի դիվանագիտական հնարավորությունները ևս սահմանափակ են, քանի որ աշխարհը գործում է մի քանի ճակատով, և հիմնական ուշադրությունը ԱՄՆ-ի, ԵՄ-ի և այլ դերակատարների՝ Ուկրաինայի ուղղությամբ է, մնացած ռեգիոնները փոփոխվում են ըստ իրավիճակի։ Խոսքը թե Մերձավոր Արևելքի, թե Հարավային Կովկասի մասին է։ Ուստի գուցե տեղին է տպավորությունը, որ վերջին ակտիվ ջանքերից հետո ԱՄՆ-ը թողել է բանակցային գործընթացը կողմերին»,- ասաց վերլուծաբանը։
Սակայն, Ստյուարտի խոսքով, կանխատեսելի էր նաև այն, որ պետք է ակտիվանար Ռուսաստանը։ Քաղաքագետի կարծիքով, ՀՀ-ն ամենայն հավանականությամբ կցանկանար, որ ԱՄՆ-ը և հավաքական Արևմուտքը չկորցնեին հետաքրքրությունը հակամարտության այս փուլի նկատմամբ։ «Սակայն ինչպես ասացի, նման ռեգիոններում այդ ներգրավվածությունը չի կրում կայուն բնույթ»,- նկատեց նա։
Վերլուծաբանը գտնում է, որ ԱՄՆ-ը ուշադիր հետևում է զարգացումներին թե Երևան-Բաքու հարթությունում, թե Վրաստանում, որտեղ հոկտեմբերին կարևոր ընտրություններ են սպասվում, որից շատ բան կարող է կախված լինել։
«Սակայն ԱՄՆ-ը ինքը ևս նախընտրական ակտիվ փուլում է՝ ինչպես հասարակական, այնպես էլ՝ քաղաքական դաշտը տարված է դեբատներով, արշավով, հանդիպումներով, այս ընտրությունները ևս, ավելորդ է ասել, որ կարևոր են ԱՄՆ-ի և Արևմուտքի, Ուկրաինայի հակամարտության համար»,- ասաց Ստյուարտը։
Ուստի, ըստ նրա, Արևմուտքի և ԱՄՆ-ի այս զբաղվածության փուլում ակտիվ է Ռուսաստանը, ինչպես նաև Իրանը ու ՀՀ-ն, որը հայտարարել է դեպի ԵՄ ընթացքի մասին և գտնվում է Ադրբեջանի հետ բարդ բանակցությունների վերջնական փուլում, բարդ դրության մեջ է հայտնվել։