Ձեր պատասխանը ցրողական է. Լևոն-Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Հայաստանում լիարժեք անկախ դատական համակարգ դեռ չկա։ Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությունն արեց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հարցին, թե ինչ է փոխվել ՀՀ դատաիրավական համակարգում։
Պատգամավորը հիշեցրեց, որ ուղիղ 6 տարի առաջ այս օրը համացանցում հրապարակվեց Նիկոլ Փաշինյանի, այդ ժամանակ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի զրույցների գաղտնալսումները, որոնք վերաբերում էին նրան, թե ինչպես են կալանքի տանում մարդկանց, ինչպես են այդ մասին տեղեկանում դատավորները, և ինչ պետք է նրանք անեն, ինչ ցուցումներ են ստանում։
«2018 թվականին շատ խոստումներ տրվեցին, սակայն այս գաղտնալսումներն ամենացցուն փաստն էին, թե ինչքան կեղծ են եղել ՀՀ ներկայիս իշխանությունների շատ խոստումներ` ժողովրդավարության բաստիոնի, դատավորներին զանգեր չլինելու մասին։ Հարցս հետևյալն է` նույն ձև՞ է ամեն ինչ արվում հիմա, թե՞ ինչ–որ սխեմա է փոխվել»,– հետաքրքրվեց Քոչարյանը։
Փաշինյանը պատասխանեց, որ այդ ժամանակների բարձրաստիճան շատ անձինք հիմա ընդդիմության շարքերում են, պատգամավորը նրանցից կարող է հետաքրքրվել, թե ինչն ինչպես է եղել։
«Ես կարծում եմ, որ այսօր ՀՀ–ում մենք դեռ չունենք լիարժեք անկախ դատական համակարգ։ Դուք էլ շատ լավ գիտեք, որ դուք և ձեր խմբակցությունը, էլի բազմաթիվ մարդիկ իրենց նախկին լծակները հիմա էլ են օգտագործում դատական համակարգի վրա»,- հայտարարեց նա։
Ըստ նրա` անկախ դատական համակարգ ունենալը մեկքայլանի գործողություն չէ. անկախ դատական համակարգի բացակայության սոցիալ–հոգեբանական արմատները գտնվում են իրավաբանական կրթության տիրույթում։
«Ձեր պատասխանը ցրողական է»,- արձագանքեց Քոչարյանն` ավելացնելով, որ Փաշինյանը հիմա խոսում է այնպես, կարծես այդ գաղտնալսման ժամանակ որևէ մասնակցություն չի ունեցել։
Փաշինյանը վստահեցրեց, որ այդ գաղտնալսման ժամանակ ինքը որևէ գիծ չի անցել, որը կհակասեր օրինականությանն ու տրամաբանությանը։
Հիշեցնենք, որ 2018թ. սեպտեմբերի 11-ին համացանցում հայտնվեց Վանեցյանի և այն ժամանակ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի աղմկահարույց հեռախոսազրույցի ձայնագրությունը։
Նրանք 8-րոպեանոց հեռախոսազրույցի ընթացքում քննարկում էին Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և ՊՆ նախկին ղեկավար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերը։
Վանեցյանը հատուկ քննչական ծառայության ղեկավարին պատմում էր դատավորի հետ զրույցի մասին, որին հրահանգ էր տրվել ամեն գնով «նստեցնել» Քոչարյանին։ Այնուհետև անցնում էին Խաչատուրովին։ ԱԱԾ պետն ասում էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ոչ մի դեպքում չի կարելի ձեռք տալ, քանի որ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու վտանգ կա։