Անդրանիկ Քոչարյանը 44-օրյայում կառավարման համակարգի ձախողման պատճառ է գտել. օրենսդրական անհստակությունը պատերազմից հետո չեն փորձել վերացնել

Օրեր առաջ Հանրային հեռուստաընկերության եթերում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի եզրակացությունը պատրաստ է, և, որ հոկտեմբերին նամակով դիմելու է ԱԺ նախագահին՝ դռնփակ նիստ հրավիրելու համար, որի ընթացքում կներկայացվի հանձնաժողովի զեկույցը:

Իսկ հանրությունը կկարողանա ծանոթանալ միայն այդ ելույթի հատվածներին, այլ ոչ թե զեկույցի ամբողջական տեքստին, քանի որ այն գաղտնի տեղեկատվություն է պարունակում։

Այն, որ Քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը լրացել էր 2023 թվականի դեկտեմբերի 3-ին, թեպետ իրականում այն ավարտվել էր նոյեմբերի 3-ին, և դրանից հետո մոտ 8-9 ամիս էլ ծախսվել է զեկույցի կազմման վրա, 168.amանդրադարձել է, թե որքանով է այն համապատասխանում օրենքի պահանջին:

Պակաս կարևոր չէ այն հանգամանքը, որ Քննիչ հանձնաժողովում չեն լսել ՊԲ նախկին երկու հրամանատարներին՝ Ջալալ Հարությունյանին, Միքայել Արզումանյանին:

Կարդացեք նաև

Եվ եթե այդ պահի դրությամբ Ջալալ Հարությունյանի չհարցաքննվելը կարող է օրենքի սահմաններում հիմնավորում ունենալ, ապա Միքայել Արզումանյանի դեպքում իշխանության ցանկության բացակայությունն է պատճառը, ըստ էության, քանի որ այդ ժամանակ անազատության մեջ գտնվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի օրինակով կարող էին նաև ՊԲ նախկին հրամանատարին հրավիրել Քննիչ հանձնաժողով և լսել նրա բացատրությունները Շուշին կորցնելու հետ կապված, ինչո՞ւ չէ՝ «Արեգասար» բարձունքից նահանջի, որի շուրջ հակասական են շատ տեղեկությունները: Մի կողմ թողնենք, որ Միքայել Արզումանյանն ինքը կարող է չցանկանալ գալ, բայց իշխանությունները չեն էլ փորձել նրան լսել:

Նշենք, որ 2023 թվականի հուլիսին իր տարածած հայտարարության մեջ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը Շուշիի պաշտպանության հետ կապված նշել էր, որ 2020 թվականի հոկտեմբերի 27-ին ստանձնել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարությունը, ծայրահեղ ծանր իրավիճակ է եղել, «թշնամին արդեն իսկ մի քանի պաշտպանական գոտիներ անցնելով, մոտեցել էր Շուշիի մատույցներին, բանակում տիրում էր քաոսային իրավիճակ, թշնամին անվերապահ գերակայություն ուներ՝ ինչպես օդում, այնպես էլ՝ գետնի վրա»:

Իսկ 44-օրյայի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով չեն հրավիրել նաև պատերազմի ժամանակ Արցախի ԱԱԾ տնօրեն Կամո Աղաջանյանին, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանին, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին, Հադրութի դիվիզիայի հրամանատարին, թեպետ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ նրան ևս լսելու են:

Իհարկե, եղել են նաև հանձնաժողով գնալուն դեմ արտահայտվողներ, մասնավորապես, ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ հանձնաժողովում 2 օր անգամ կամ 2 օր լսել են Նիկոլ Փաշինյանին, ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, հարցաքննել են նաև ԳՇ գործող ղեկավար Էդվարդ Ասրյանին (ով 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետն էր), ՀՀ ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանին, Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանին, պատերազմի ժամանակ Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանին:

Այս ընթացքում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի շրջանակում ժամանակ առ ժամանակ պատերազմի պարտության մեղքը փորձել է գցել նախկինների վրա, բանակի վրա, «անորակ հրթիռների», երբ վերջինին առնչվող դատարանը համապատասխան որոշում չի կայացրել դեռ:

Այս առումով, թերևս, բան չի կարող փոխված լինել նաև, այսինքն, զեկույցում ավելի շատ շեշտադրվելու են նախկինները, բանակի թերացումները, կառավարման խնդիրները, բայց ոչ երբեք Նիկոլ Փաշինյան վարչապետի և գերագույն հրամանատարի թերացումները, մեղավորության, պատասխանատվության չափը:

Ինչպես սեպտեմբերի 9-ին «Ֆակտորի» հետ զրույցում նշել է Անդրանիկ Քոչարյանը, Քննիչ հանձնաժողովը դատախազական կառույց չէ, այնուհետև խոսելով կառավարման ընդհանուր համակարգից, կառավարման օղակներից, և առանձնացրել է հենց զինված ուժերին:

Այնուհետև, ըստ էության, առաջին անգամ Անդրանիկ Քոչարյանը 44-օրյա պատերազմի պատճառների մասին խոսելուց հիշեցրել է օրենսդրական բացերը:

«Երբ 2016 թվականին Սահմանադրությունը փոխում էին (ՀՀ Սահմանադրության փոփոխությունները կատարվել են 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեով.- Մ.Պ.), այնտեղ հստակ չէին ՀՀ պաշտպանության նախարարի, Գլխավոր շտաբի պետի, երկրի փաստացի թիվ մեկ ղեկավարի իրավասությունները որոշակի ռեժիմներում, ռազմական դրության պայմաններում»,- մանրամասնել է Քոչարյանը:

Իսկ ՀՀ սահմանադրության 155-րդ հոդվածը սահմանում է.

«1. Զինված ուժերը Կառավարության ենթակայության ներքո են: Զինված ուժերի կիրառման մասին որոշումն ընդունում է Կառավարությունը: Անհետաձգելի անհրաժեշտության դեպքում զինված ուժերի կիրառման մասին որոշումը, պաշտպանության նախարարի առաջարկությամբ, կայացնում է վարչապետը և այդ մասին անհապաղ տեղեկացնում Կառավարության անդամներին:

2. Պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները սահմանում է Անվտանգության խորհուրդը: Պաշտպանության նախարարն այդ հիմնական ուղղությունների շրջանակներում իրականացնում է զինված ուժերի ղեկավարումը:

3. Զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, որին վարչապետի առաջարկությամբ նշանակում է Հանրապետության նախագահը՝ օրենքով սահմանված ժամկետով: Ոչ պատերազմական ժամանակ գլխավոր շտաբի պետը ենթակա է պաշտպանության նախարարին:

4. Պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն հրամանատարը վարչապետն է:

Զինված ուժերի ենթակայության, ղեկավարման, ինչպես նաև այլ մանրամասներ սահմանվում են օրենքով»:

Ի՞նչ է գրված «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում՝ 

Զինված ուժերի ղեկավարման մասին հոդված 16-ում նշվում է.

«1. Զինված ուժերը գտնվում են Հայաստանի Հանրապետության կառավարության ենթակայության ներքո:

2. Զինված ուժերի ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը:

3. Զինված ուժերի անմիջական հրամանատարը զինված ուժերի գլխավոր շտաբի պետն է, որը հանդիսանում է զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը: Ոչ պատերազմական ժամանակ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ենթակա է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին: Պատերազմի ժամանակ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ենթակա է զինված ուժերի գերագույն հրամանատարին: Այդպիսի ուղիղ ենթակայությունը չի ձևափոխում զինված ուժերի գերագույն հրամանատարի կողմից չկարգավորված հարցերում զինված ուժերի ղեկավարումն իրականացնող և դրանց նկատմամբ քաղաքացիական վերահսկողությունն ապահովող Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ենթակայությունը»:

Այստեղ, իհարկե, անհստակություն կա՝ ի՞նչ է նշանակում՝ «որոշ հարցերով»:

«Մեծ հաշվով, գործող կարգը վատը չի, ուղղակի պետք է որոշակի հստակություն մտցնել գործառույթների մեջ: Այսինքն, պետք է յուրաքանչյուր օղակի պարտականությունները և պատասխանատվությունները հստակ տարանջատվեն՝ խաղաղության և պատերազմի պայմաններում: Օրինակ, պատերազմի ժամանակ ԳՇ պետը ենթարկվում է գերագույն գլխավոր հրամանատարին, բայց որոշ հարցերով՝ պաշտպանության նախարարին: Հիմա ի՞նչ է նշանակում՝ «որոշ հարցերով»: Օրենքը չպետք է երկակի մեկնաբանության տեղիք տա, մանավանդ նման հարաբերություններում»,- 2021 թվականի փետրվարին 168.am-ի հետ զրույցումասել էր ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը, երբ արդեն խոսակցություններ կային բանակի մոդելը փոխելու ՀՀ իշխանությունների մտադրության մասին:

«Մեդիամաքսի» հետ զրույցում էլ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն էլ ասել էր.

«Չկարողացա հաղթահարել պատերազմի պայմաններում վարչապետ-պաշտպանության նախարարություն-Գլխավոր շտաբ հրամանատարական ուղղահայացին վերաբերող անհստակությունը և դրանից առաջացող խոչընդոտները։ Մասնավորապես, այն հարցերում, որոնք վերաբերում էին զորահավաքին, Անվտանգության խորհրդի դերակատարությանը և գործառույթներին, Հայաստանի Զինված ուժեր-ՊԲ-Արցախի նախագահ գործառույթներին և պաշտոնեական փոխհարաբերություններին, Արցախում ինքնապաշտպանության կազմակերպմանն ու բնակչության տարհանմանը։

2015 թ. ընդունված նոր Սահմանադրությամբ պատերազմի ժամանակ պաշտպանության նախարարը փաստացի դուրս է մնում ռազմական գործողությունների պլանավորման և վարման գործընթացից, քանի որ այդ լիազորությունները վերապահվում են Գերագույն հրամանատարին և Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետին։ Սահմանադրական փոփոխություններից հետո «Պաշտպանության մասին» օրենքում փորձ արվեց կարգավորել այդ անհստակությունը, որը, ինչպես կյանքը ցույց տվեց, այնուամենայնիվ, բավարար չէր»:

Խնդիրն այն է, որ 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այս ամենը հաշվի առնելով՝ չի վերացրել օրենսդրական անհստակությունը, ինչը հիմա պատճառ է «բռնում» Անդրանիկ Քոչարյանը:

Ավելին, 44-օրյայից հետո գործող իշխանությունները հակասահմանադրական քայլի գնացին, փոխեցին բանակի կառավարման մոդելը և սահմանադրությամբ զինվորական ամենաբարձր պաշտոնյան համարվող ԳՇ պետին դարձրեցին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ՝ չվերապահելով նրան ՀՀ պաշտպանության նախարարին փոխարինելու իրավունք: Արդյո՞ք այսօր հնարավոր ռազմական գործողությունների դեպքում երկիրը, բանակը չի բախվելու նույն խնդիրներին, ինչ 44-օրյայի ժամանակ և դեռ ավելի վատ, ու էլի սկսվելու է մեղավորների փնտրտուքը:

Ի դեպ, Անդրանիկ Քոչարյանը կարո՞ղ է ասել՝ զեկույցում անդրադարձ կատարվելո՞ւ է Նիկոլ Փաշինյանի գերագույն հրամանատար լինել-չլինելու հարցին, այսինքն՝ պատերազմի ժամանակ ինչ գործառույթ է կատարել՝ վարչապետի՞, գերագույն հրամանատարի՞, մոդերատորի՞, թե՞…

Քննիչ հանձնաժողովում իր հարցաքննության ժամանակ Դավիթ Տոնոյանը նման հարցադրում էր արել «Ռազմական գործողությունների ընթացքում արդյո՞ք այդ ժամանակաշրջանը գնահատվում է որպես պատերազմ, թե՞ ոչ՝ իրավական և դրանից բխող գործողությունների առումով: Կառավարման համակարգի թերություններին բախվեցինք և՛ ես, և՛ ԳՇ-ն, և՛ վարչապետը»:

Իհարկե, օրենքի անկատարությունը դերակատարում ունի պատերազմի ժամանական կառավարման համակարգի թերացումների հարցում, բայց կառավարման համակարգի ձախողման պատճառ չի կարող միայն դա լինել: Դա նաև չի կարող «մաքրել» գերագույն հրամանատարին, որն իրավասու է պատերազմի ժամանակ կայացնել ռազմական և քաղաքական որոշումներ, ուստի նաև պատասխանատվություն է կրում դրա հետևանքների համար:

Կրկնում ենք, եթե դրա ազդեցությունն այդքան մեծ է եղել պատերազմի ընթացքում  կառավարման ժամանակ, ապա ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի ձեռնարկել օրենսդրական այդ անկատարության վերացման ուղղված քայլեր, որ հետո մանևրելու կամ արդարանալու տեղ ունենա…

Ի դեպ, արդյո՞ք քննության առարկա է դարձել պատերազմից հետո Փաշինյանի որոշումների օրինականությունը, օրինակ, որպես ի՞նչ է նա Սյունիքից զորքի հետքաշման հրաման տվել՝ որպես վարչապե՞տ, թե՞ գերագույն հրամանատար:

Իսկ թե 44-օրյային առնչվող ինչ զեկույց են գրել, ովքեր են թիրախները, ըստ էության, ենթադրելի է:

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքներին, իսկ կմասնակցի՞ զեկույցի ներկայացմանը, թե՞ ոչ, պարզ չէ դեռ:

 

Տեսանյութեր

Լրահոս