Պատանդներին հայրենիք վերադարձնելու երկու տարբերակ կա. եթե Փաշինյանը որևէ հարց ունի Ռուբեն Վարդանյանին, թող ապահովի նրա վերադարձը. Արտակ Բեգլարյան
Ադրբեջանում Արցախի Հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ հարուցված շինծու քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, նյութերն առաջիկայում կներկայացվեն դատարան։
Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը հայտարարել է, այս պահին գործի նյութերին «ծանոթանում են՝ ինչպես մեղադրյալները, այնպես էլ՝ տուժածները»։
Արցախի նախկին պետնախարար, մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանի կարծիքով՝ Բաքվում պահվող գերիներին, պատանդներին հայրենիք վերադարձնելու երկու հիմնական ձև կա՝ միջազգային ճնշմամբ, որը գործնական ճնշում պետք է լինի, որից խուսափելու համար, նաև COP-29-ին ընդառաջ «կրեդիտ» ստանալու համար Ալիևը կարող է պատանդներին բաց թողնել։
«Երկրորդ տարբերակը Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև բանակցություններն են և այդ բանակցությունների ժամանակ կոնկրետ գործողությունների դիմաց՝ ինչ-որ հարցերի շուրջ փոխհամաձայնեցում և այլն, պատանդների վերադարձ։ Մենք պետք է խոսենք ոչ միայն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին, այլև Բաքվում պահվող առնվազն հաստատված պատանդների մասին, քաղաքացիական և զինվորական անձանց մասին, որոնք ընդհանուր 23 հոգի են։ Իհակե, ամենաանհանգստացնողն 8-ն են, այսինքն՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, բայց մնացածն էլ ստվերում չպետք է մնան»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արտակ Բեգլարյանը։
Ըստ նրա, մինչև COP-29-ը, հայկական կողմն ունի հնարավորության լրացուցիչ պատուհան և՛ միջազգային ճնշում գործադրելու համար, և՛ վեր հանելու մարդու իրավունքների ընդհանուր ոտնահարումը, որի վրա միջազգային հանրությունը լրացուցիչ ուշադրություն է դարձնում։
«Մենք, նաև սփյուռքի մեր հայրենակիցները, ունենք որոշակի միջոցներ միջազգային ճնշումը մեծացնելու համար, ազդելու կառավարությունների վրա, տեղեկատվական արշավներ անելու, ուշադրություն գրավելու, ունեցած կապերով տարբեր կազմակերպությունների հայտարարությունների հասնելու և այլն։ Սակայն այստեղ գլխավոր անելիքը ՀՀ իշխանություններինն է և՛ միջազգային ճնշումը բարձրացնելու, և՛ Ադրբեջանի հետ բանակցություններում խնդիրը դարձնելու հրատապ հարցերից մեկը։ Պետք է Ադրբեջանն այս հարցն անվերապահ լուծի, որպեսզի հայկական կողմը պատրաստ լինի բանակցությունների շուրջ հետագա զարգացումներին»,- շեշտեց Արտակ Բեգլարյանը։
Արցախի նախկին ՄԻՊ-ը նաև խոսեց օգոստոսի 31-ին Նիկոլ Փաշինյանի հրավիրած ասուլիսի ժամանակ նրա արած հայտարարության մասին՝ Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ, շեշտելով, որ խոշոր առումով Ադրբեջանը կարող է այդ հայտարարությունը ևս օգտագործել Հայաստանի դեմ։ Ադրբեջանը վաղուց նման շահարկումներ անում էր, նույնիսկ Ռուբեն Վարդանյանի՝ նոր Արցախ գնացած ժամանակ։
«Իհարկե, իրավական ու քաղաքական առումով դա վտանգավոր հայտարարություն էր, բայց այստեղ կարևոր է բարոյական տեսանկյունը, որ երկրի ղեկավարը, ում քաղաքացին գտնվում է թշնամական երկրի բանտում, իրավունք չունի որևէ բացասական բան ասելու տվյալ անձին։ Հատկապես որ, պատահական մարդ չէ, քաղաքական գործիչ է, բավականին մեծ վաստակ ունի և՛ Արցախում, և՛ Հայաստանում, հնարավորություն չտալով այդ անձին որևէ մեկնաբանություն կատարել։ Եթե ինքը որևէ հարց ունի, թող ապահովի Ռուբեն Վարդանյանի վերադարձը հայրենիք և հավասար պայմաններում հանրային ձևով բանավիճի»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Հարցին՝ ինչո՞ւ կոնկրետ գերիների հարցի շուրջ չի մոբիլիզացվում գոնե սփյուռքը, Արտակ Բեգլարյանը պատասխանեց, որ այնպես չէ, որ սփյուռքը միշտ մոբիլիզացված է եղել։
«Տարբեր առիթներով, հատվածական մոբիլիզացիա եղել է, բայց ոչ միասնական։ Գլխավոր դերակատարը, ուզենք թե չուզենք, պետությունն է, եթե իշխանությունը խզվում է, սփյուռքին սխալ մեսիջներ է տալիս, երբեմն նույնիսկ խրախուսում է պառակտվածությունը, սա լուրջ կերպով ջլատում է մեր ներուժը։ Հիմա պետությունը ոչ միայն չի մոբիլիզացնում սփյուռքի ներուժը, այլև շատ դրվագներով նույնիսկ խանգարում է և՛ հրապարակային գործունեությամբ, և՛ նպատակային տարբեր քայլերով։ Սփյուռքում կան կազմակերպված կազմակերպություններ, բավականին ուժեղ, այդ կազմակերպությունները որոշ չափով մոբիլիզացվում են, բայց նրանց ներուժը թույլ չափով է օգտագործվում»,- եզրափակեց Արտակ Բեգլարյանը։
Նշենք, որ Ադրբեջանը հաստատում է իր մոտ 23 հայ գերու առկայությունը:
Բաքվում ապօրինի պահվող անձանց թվում են նաև Արցախի Հանրապետության նախկին նախագահները՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, ինչպես նաև ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Իշխանյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, որոնց Ադրբեջանն ապօրինի ձերբակալել և կեղծ մեղադրանքներ է առաջադրել 2023 թվականի սեպտեմբերին Արցախի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիայից հետո։