Ծուլության, ձանձրույթի և թախիծի մասին
Ձանձրույթ, թախիծ կամ տխրություն՝ դարաշրջանի վտանգավոր հիվանդություններ, որ ներքուստ ջլատում և քայքայում են մարդուն, եթե ժամանակին չկանխվի նրանց տարածումը: Եկեղեցու հայրերն իրենց խրատներում նշում են, որ մյուս կրքերի նման թախիծն ու ձանձրույթը նույնպես սարսափելի են հոգու համար:
«Ձանձրույթը հոգու թուլացում է, մտքի հոգնություն: Ձանձրույթի ժամանակ է երևում հոգևոր կյանքում առաջադիմողը, և ոչինչ այնքան պսակների չի արժանացնում, ինչպես ձանձրույթի ոգուն հաղթելը: Պատերազմենք այս տանջարարի դեմ մեր մեղքերի հիշողությամբ, նաև՝ աղոթքով և ծնրադրումներով, հալածենք աշխատանքով և ապագա երանությունների մասին մտածելով»,- խրատում է Հովհաննես Սանդուղքը:
Ամբրոսիոս Անապատականը ձանձրույթի առաջացման պատճառներից նշում է փառամոլությունը, ուժերից վեր բաներ անելը, ծուլանալը պետքականի մեջ, չափից ավելի ջանքերը և խորհուրդ է տալիս ամուր բռնել երեք բաներից. Աստծո հանդեպ ունեցած երկյուղից, խոնարհությունից և մշտապես ապաշխարությունից:
Ուստի եկեղեցու հայրերի հորդորն է՝ ոչ մի դեպքում և ոչ մի իրավիճակում մի ընկեք ձանձրույթի մեջ: Ձանձրույթը դահիճ է, որը ոչնչացնում է եռանդը և կորովը, իսկ դրանք հարկավոր են, որպեսզի մարդն իր սրտում ստանա Սուրբ Հոգին: Քանի որ ձանձրացողը կորցնում է աղոթքը և մահանում է հոգևոր սխրանքների համար:
Մտապահենք` «Բարին գործելուց չձանձրանաք, որովհետև հարմար ժամանակին պիտի հնձենք, եթե չթուլանանք» (Գաղատացիներ 6:9):
Ձանձրույթից թախիծ մեկ քայլ է
Կյանքի ծանր հանգամանքների դեպքում մարդու սովորական էմոցիոնալ արձագանքն է լացը, ցավը, տրտմությունը, և քչերն են, որ նման դեպքում կարող են անտարբեր լինել: Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, լաց եղավ, երբ եկավ իր ընկեր Ղազարոսի գերեզմանի մոտ: Նա հոգեպես խռովվեց և հուզված ասաց, թե որտեղ թաղեցիք նրան: Նրանք ասացին, թե՝ արի և տես: Հրեաները միմյանց ասում էին. «Տեսե՛ք ինչքան էր սիրում նրան» (Հովհաննես 11:35-36): Մենք չենք կարող սառնասիրտ կամ անտարբեր լինել ծանր իրավիճակների դեպքում: Մեր հույզերը օգնում են մեզ առաջինը հաղթահարելու սթրեսը, երկրորդ՝ ուժ հավաքելու դժվարությունների դեմ պայքարելու համար:
Սբ. Նեղոս Սինայեցին, նկարագրելով այս մեղքն, ասում է. «Թախիծն առյուծի երախ է, որ կուլ է տալիս թախծողին: Թախիծը բթացնում է մտքի ինքնախոհականությունը: Կրքերից գերվածը կապվում է թախծոտությամբ»: Իսկ մեկ ուրիշ տեղում սուրբը նշում է, որ թախիծը չի տիրապետում նրանց, ովքեր հաղթել են կրքերին և նա է հաճախ ընկնում տխրության մեջ, ով սիրում է աշխարհը:
Տխրության հիմքում կարող է լինել բարկությունը, որից ծնված վեճերի արդյունքն է տխրությունը, մռայլ տրամադրությունը: Շատ հաճախ կարելի է հանդիպել մարդկանց, ովքեր կարծում են, որ բոլորն իր շրջապատում մեղավոր են և պարտավոր են իրեն: Իսկ քրիստոնեական մտածելակերպ ունեցողի մոտ հակառակ պատկերն է՝ ոչ ոք ինձ պարտավոր չէ և ոչ ոք մեղավոր չէ, որ ես խնդիրներ ունեմ: Այս կերպ մտածողը հեշտությամբ է հաղթահարում հուսահատությունը, փոխվում է իր կյանքը և հարթվում են մարդկանց հետ իր փոխհարաբերությունները:
«Կա նաև մի այլ՝ շատ վատ տեսակի տրտմություն, երբ այն մեղանչողի հոգում ներդնում է ոչ թե կյանքը փոխելու և կրքերից մաքրվելու նպատակաուղղվածություն, այլ՝ միայն կործանարար հուսահատություն: Սա էր, որ ոչ Կայենին թողեց ապաշխարել եղբայրասպանությունից հետո, ոչ էլ Հուդային թողեց մատնությունից հետո միջոց գտնել, այլ՝ հուսահատությամբ մղեց խեղդամահ լինելու» (Հովհաննես Քասսիանոս):
Տխրության մեջ երկար մնացողին շատ քիչ ճանապարհ է մնում հասնելու դեպրեսիային՝ հոգու հիվանդությանը: Այս դեպքում տխրությունը դառնում է կախվածություն, մարդը սկսում է նրան ծառայել: Նման դեպքում մարդն ի վիճակի չէ համապատասխան կերպով գնահատել կյանքը, մարդկանց և ինքն իրեն: Այդ հոգեվիճակում մարդն ոչ միայն չի կարողանում աղոթել, այլ ի վիճակի չէ ոչինչ անելու: Տխրությամբ տառապող մարդը հետևյալ մտքերն է ունենում՝ ամեն ինչ վատ է և անիմաստ, ոչ մի լավ բան չկա իմ կյանքում: Տխրությունն ու հուսահատությունը թուլացնում են մարդու կամքը, իսկ այն կոփելը դա հենց տվյալ մարդու անելիքն է, քանի որ ըստ եկեղեցու հայրերի՝ Աստված չի փրկում մեզ առանց մեզ:
Հետևյալ վիճակագրությունը ցույց է տալիս, որ դեպրեսիան կախված չէ կյանքի հանգամանքներից, այլ ունի ներքին պատճառ: Ամենամեծ աստիճանը դեպրեսիայի և ինքնասպանության ոչ թե աղքատ երկրներում է գրանցվել, այլ առավել զարգացած և հարուստ երկրներում, որտեղ շատ բարձր է կյանքի մակարդակը: Աշխարհի մեծահարուստ մարդկանց յուարաքանչյուր հինգերորդը տառապում է դեպրեսիայով: Եվ ինչն է հետաքրքիր, որ ամենաղքատ երկրներում համարյա թե չի լինում ինքնասպանություն:
Ինչո՞ւ է տխրությունն ու անհանգստությունն այդ աստիճան տարածված ժամանակակից աշխարհում: Այս ամենի քննությունը տանում է նրան, որ երբ նվազում է մարդու հավատը, ապա հնարավոր է նա հայտնվի վերոհիշյալ մեղքերի սարդոստայնում: Անհավատ մարդու կյանքում վաղ թե ուշ այցելում է տխրությունը, քանի որ իրական հույսը նրա կյանքում բացակայում է: Երբ մարդու մոտ բացակայում է իրական հավատը Աստծո հանդեպ և չկա այն գիտակցումը, որ Աստված հոգ է տանում և պահպանում է իրեն՝ «Ձեր գլխից մի մազ անգամ չպիտի կորչի: Եվ ձեր համբերութեամբ պիտի շահեք ձեր հոգիները» (Ղուկաս 21:18), ապա նրա սրտում առաջ է գալիս անհանգստություն, մտավախություններ, ինչն էլ անվստահության մթնոլորտ է ստեղծում: Հավատավոր մարդը վստահ է, որ Աստված երբեք չի թողնի իրեն, որ նա մենակ չէ իր դժվարությունների մեջ:
Տխրությունը, դեպրեսիան բուժվում են Աստծո հանդեպ երախտագիտության, հավատի, վստահության դեպքում, ինչպես նաև բարեգործությամբ: Առանց Աստծո հանդեպ հավատի անհնար է հաղթահարել այս մեղքը:
Ե՞րբ է տրտմությունն օգտակար
Ըստ եկեղեցու հայրերի՝ տրտմությունը կարող է օգտակար լինել միայն այն ժամանակ, երբ այն լինում է մեղքերի զղջման համար, կամ կատարելության հասնելու ջերմ ձգտման դեպքում, կամ գալիք երանությունների ցանկության: Այդ մասին երանելի Պողոսն ասում է. «Որովհետև տրտմությունը, ըստ Աստծո ուզածի՝ ապաշխարություն է առաջ բերում փրկության համար, որը զղջում չի պատճառում, իսկ աշխարհի տրտմությունը մահ է առաջ բերում» (Բ Կորնթացիներ 7:10), սրանցից բացի մյուս բոլոր տեսակի տրտմությունները, ինչպես աշխարհի համար եղողը, որ մահ է ծնում, պետք է արմատախիլ անել և մի կողմ նետել, ինչպես՝ շնությունը, արծաթսիրությունը և բարկությունը:
Այս մասին Սբ. Նեղոս Սինայեցին հետևյալ օրինակն է բերում՝ ինչպես հալեցնող վառարանը մաքրում է անմաքուր արծաթը, այնպես էլ Աստծո հանդեպ ունեցած տխրությունը մաքրում է սիրտն ամեն տեսակ պղծությունից, նորոգում է հոգին, նրանում բնակեցնում մոտալուտ մահվան և դատաստանի վերաբերյալ հոգալու պատրաստությունը, և կամաց-կամաց սովորեցնում է սպասել այդ օրվան:
Իսկ Սբ. Հովհան Ոսկեբերանն ասում է, որ չկա ավելի քաղցր բան, քան Աստծո հանդեպ ունեցած տխրությունը:
Այսպիսով, զերծ մնանք այն տխրությունից, որ վնասում է մարմնին և հոգուն, հաղթահարենք այն՝ հուսալով առ Աստված, մեր դժվարություններն ու անհանգստությունները հանձնելով Նրան. «Հոգսդ դի՛ր Տիրոջ վրա, ու նա քեզ կկերակրի և չի թողնի, որ արդարը հավիտյան սասանվի» (Սաղմոս 54:23):
Կարինե Սուգիկյան