Տխրությունն ունի տարբեր անվանումներ և աստիճաններ, ինչպես՝ տրտմություն, թախիծ, վիշտ, ցավ, կսկիծ և այլն: Երբեմն հուսահատությունը անվանում են տխրություն, սակայն իրականում դրանք տարբեր հոգեվիճակներ են: Այսօր տխրությունը հաճախ դեպրեսիա են անվանում, բայց այստեղ էլ կարող ենք տեսնել տարբեր մոտեցումներ: Այս կյանքում չկա այնպիսի մարդ, որ տխրությունը շրջանցի: Մենք չենք կարող անտարբեր լինել կյանքի ծանր ցնցումների հանդեպ:
Ձանձրույթ, թախիծ կամ տխրություն՝ դարաշրջանի վտանգավոր հիվանդություններ, որ ներքուստ ջլատում և քայքայում են մարդուն, եթե ժամանակին չկանխվի նրանց տարածումը: Եկեղեցու հայրերն իրենց խրատներում նշում են, որ մյուս կրքերի նման թախիծն ու ձանձրույթը նույնպես սարսափելի են հոգու համար: