Բառախաղը կարող է լավ բանի չհանգեցնել․ Զախարովան՝ ՀՀ իշխանությունների անհասկանալի հայտարարությունների մասին

«Հայաստանի ղեկավարությունը ՀԱՊԿ-ում համագործակցությունից հեռանալու քաղաքականություն է որդեգրել»,- այս մասին այսօր իր ամենշաբաթյա բրիֆինգի ընթացքում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով ՀՀ-ի՝ ՀԱՊԿ անդամակցության սառեցման թեմային։

Նա ասաց, որ պարբերաբար կարդում է այն հայտարարությունները, որն անում է պաշտոնական Երևանը, այդ թվում՝ այս հարցի վերաբերյալ։ «Ես արդեն ուշադրություն եմ հրավիրել, որ նրանք վերջերս հայտարարում էին, թե ՀԱՊԿ-ը հեռացել է ՀՀ տարածքից, հետո սկսեցին հայտարարել, որ իրենք սառեցրել են իրենց այդ կազմակերպությունում։ Կցանկանայինք հասկանալ, թե ո՞վ որտե՞ղ է գտնվում։

Իսկապես, յուրաքանչյուր բառի, յուրաքանչյուր արտահայտության ներքո պետք է իմաստ լինի, որը չափազանց կարևոր է, բայց երբ այն նաև պետական պաշտոնյայի կողմից է ասվում, պետք է նաև պատասխանատվություն լինի ոչ միայն ասվածի, այլև հետևանքների համար»,- ասաց Զախարովան, անդրադառնալով ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչների հայտարարություններին ՀՀ-ի՝ ՀԱՊԿ անդամակցության վերաբերյալ։ Նա հիշեցրեց, որ Երևանը դե յուրե կազմակերպության անդամ է և պահպանում է իր թե իրավունքները, թե պարտավորությունները։

Նրա որակմամբ՝ ՀՀ ղեկավարությունն այդ համագործակցությունից հեռանալու քաղաքականություն է որդեգրել, որը, իրենց կարծիքով, հակասում է հայ ժողովրդի շահերին։ «Ակնկալում ենք, որ Հայաստանի և ողջ տարածաշրջանի ապագա անվտանգության շահերից ելնելով՝ ՀԱՊԿ-ում մեր գործընկերությունը Հայաստանի հետ ամբողջությամբ կվերսկսվի»,- նշեց Զախարովան, ամփոփելով՝ բառախաղը կարող է լավ բանի չհանգեցնել՝ հատկապես հաշվի առնելով հանգամանքը, որ ռեգիոնը բազմաթիվ փորձություններով է անցել։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս