Պետք է օգտագործվի COP-29-ի համաժողովը և աշխատանքներն իրականացվեն պետական մակարդակով. Արմեն Կապրիելյան

Մի քանի օրից կլրանա մեկ տարին՝ ինչ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը գտնվում է ադրբեջանական պատանդառության մեջ, նրանց հետ՝ նաև բազմաթիվ հայ գերիներ, ռազմագերիներ, որոնց մի մասի տվյալները մինչ օրս Ադրբեջանը չի հաստատում։

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Բաքվի դատախազությունը մի քանի անհիմն մեղադրանքներ է առաջադրել՝ նրանց կալանքի ժամկետն անընդհատ երկարացնելով։

Բազմաթիվ անհատներ, բնապահպանական ու իրավապաշտպան կազմակերպություններ կոչ են արել նոյեմբերին Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի հարցերով գագաթնաժողովին՝ COP-29-ին ընդառաջ ճնշումներ գործադրել Ադրբեջանի իշխանությունների վրա, որպեսզի համաժողովին ընդառաջ կամ դրանից հետո հայ գերիներն ու պատանդներն ազատ արձակվեն։

Միջազգային քրեական դատարանի նախկին առաջին դատախազ Լուիս Օկամպոն էլ ողջ հայությանը բաց նամակ հղել՝ համախմբման կոչ էր արել, նշելով, որ COP-29-ին ընդառաջ պետք է մեդիաարշավ սկսել Բաքվում պահվող գերիներին վերադարձնելու համար։

Կարդացեք նաև

168.am-ի հետ զրույցում Հայաստանի ռազմագերիների հարցերի հանձնաժողովի աշխատանքային խմբի նախկին ղեկավար Արմեն Կապրիելյանն ասաց, որ միանշանակ իրատեսական է, որ Հայաստանն օգտագործելով COP-29-ը, կարող է Բաքվում պահվող անձանց վերադարձնել հայրենիք, եթե, իհարկե, աշխատանքներն իրականացվեն պետական մակարդակով։

«Ես ոչ միայն դրա հնարավորությունը տեսնում եմ, այլև կարծում եմ, որ COP-29-ի համաժողովը միանշանակ հայկական կողմից պետք է օգտագործվի, որովհետև համաժողովին սևեռված է ամբողջ աշխարհի ուշադրությունը։ Սակայն աշխատանքները պետք է իրականացվեն պետական մակարդակով, իհարկե, կան նաև հասարակական կազմակերպություններ, որոնք նույնպես պետք է իրենց ձայնը լսելի դարձնեն միջազգային հանրությանը։ Այսպես ասած՝ կոնսոլիդացված աշխատանքներ և՛ Կառավարության, և՛ քաղհասարակության ու հասարակական կազմակերպությունների կողմից, Հայաստանի, հայության անունից պետք է մեր ձայնը լսելի դարձնենք միջազգային հանրության կողմից»,- նշեց Արմեն Կապրիելյանը։

Նա դժվարացավ ասել, արդյո՞ք հայկական կողմից պետական մակարդակով կօգտագործվի համաժողովն ու դրա հարթակը, շեշտելով՝ հարցի հասցեատերը պետական կառույցներն ու Կառավարությունն են։

«Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով կա, այն գործում է, կոնսոլիդացնողի դերն այդ հանձնաժողովը պետք է ստանձնի։

Ի դեպ, այս հանձնաժողովը կառավարական, միջգերատեսչական հանձնաժողով է, ի վերջո, պետական մարմին է, որը լիազորված է ռազմագերիների, անհայտ կորածների, պատանդների ճակատագրով զբաղվելու համար։ Առհասարակ այս ոլորտի հետ առնչվող բոլոր հարցերով զբաղվում է տվյալ հանձնաժողովը՝ պետական մարմին է և պետք է զբաղվի»,- եզրափակեց Արմեն Կապրիելյանը։

Նշենք, որ նախորդ շաբաթվա վերջին Նիկոլ Փաշինյանի հրավիրած ասուլիսի ժամանակ լրագրողը նրանից հետաքրքրվել էր՝ հայկական կողմը մասնակցելո՞ւ է COP-29-ի համաժողովին, ինչին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ այս պահին դեռ որոշում չունեն:

«Եթե հիմա տեսական խոսենք, որևէ որոշում բացառել չի կարելի՝ նայած, թե վերջնական որոշման կայացման ժամկետում ինչ իրադրություն կլինի։ Իրադրության գնահատմամբ կկայացնենք որոշում»,- նշել էր նա։

Նույն ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն https://168.am/2024/08/31/2091114.html անդրադարձել էր նաև Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, ասել էր, որ դա իրոք խնդիր է, իրոք լուրջ խնդիր է, որով պետք է զբաղվեն ու զբաղվում են։

«Ուզում եմ ասել, որ խաղաղության օրակարգի հաջող իրացումը նաև այդ հարցի համար է կարևոր։ Կարևոր է հաջող աշխատանքային ընթացքը, մթնոլորտը, փոխվստահության քայլ առ քայլ ձևավորումը»,- նշել էր նա և Արցախի նախկին պետնախարար և կրկին Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ էլ տվել հետևյալ մեկնաբանությունը.

«Այստեղ էլ շատ կարևոր հարցեր կան, իսկ ի՞նչ տեղի ունեցավ, որ Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց ՌԴ քաղաքացիությունից, ո՞վ նրան խորհուրդ տվեց կամ հանձնարարեց անել այդ քայլը, ո՞վ նրան գործուղեց Հայաստան ու Լեռնային Ղարաբաղ, ի՞նչ նպատակով, հավաստիացումներով, խոստումներով։ Ո՞վ ասաց, որ մենք այդքան էլ լավ չգիտենք՝ նա ով է, կարծես թե այլ երկրի քաղաքացի է։ Մենք ուզո՞ւմ ենք այս հարցերի պատասխանն ունենալ, թե՞ չենք ուզում»։

Ի դեպ, վերջերս 168.am-ի հետ զրույցում «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն, իրավապաշտպան Նազելի Վարդանյանն ասել էր, որ Հայաստանը որևէ մակարդակով չպետք է մասնակցի Բաքվում կայանալիք համաժողովին։

ՀՀ բնապահպանական կազմակերպություններով միջազգային մի շարք կազմակերպությունների արդեն նամակներ ենք ուղարկել, մոտ երկու ամիս առաջ։ Մենք ներկայացրել ենք, թե Ադրբեջանն ինչ երկիր է, որ այդ երկիրն ագրեսոր է, այնտեղ կան հայ գերիներ, որոնք անօրինական մինչև օրս պահվում են։ Ներկայացրել ենք, որ Ադրբեջանը բնությունն աղտոտող երկիր է, նավթի ու գազի արդյունքում աղտոտում են և հսկայական ազդեցություն ունեն կլիմայի փոփոխության վրա, չեն պահպանում բնապահպանական որևէ նորմ։ Ադրբեջանը դեմոկրատական երկիր չէ, և այնտեղ անցկացնել COP-29-ը՝ անթույլատրելի է։ Կոչ ենք արել, որպեսզի բոյկոտեն համաժողովը և գոնե բարձր մակարդակով այնտեղ մասնակցություն չապահովեն։ Նաև իրենց պահանջները դնեն, որպեսզի գերիներն ազատվեն՝ պահանջելով, որպեսզի որոշակի փոփոխություններ արվեն այդ երկրում՝ թե՛ բնապահպանական, թե՛ քաղաքական առումով»,- ասել էր Նազելի Վարդանյանը։

Տեսանյութեր

Լրահոս