Բացառել չի կարելի. Փաշինյանը` Բաքու մեկնելու մասին

«Շանթ» հեռուստաընկերության ներկայացուցիչը Նիկոլ Փաշինյանի հրավիրած ասուլիսի ժամանակ նրանից հետաքրքրվել է՝ հաշվի առնելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը սահմանված ժամկետից ուշ ստորագրեցին, իսկ փաստաթուղթն էլ դեռ չի հրապարակվել, արդյո՞ք այս գործընթացը շարունակվելու է Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, և որտե՞ղ է լինելու սահմանազատման գործընթացի հաջորդ փուլը, ինչպես նաև՝ Հայաստանը մասնակցելո՞ւ է արդյոք Բաքվում կայանալիք COP 29-ին, և ի՞նչ ներկայացվածություն է լինելու, նախատեսվա՞ծ է արդյոք Հայաստան-Ադրբեջան փաստաթղթի ստորագրում:

Այս հարցադրումներին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նախ կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ստորագրած արձանագրությունը՝ նշելով, որ առաջին անգամ է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրենց հարաբերություններում իրավական բազա են ստեղծում, իհարկե, միայն սահմանազատման գործընթացում:

«Շատ կարևոր է, որ փաստաթուղթը, որը կհրապարակվի, նաև վավերացման գործընթաց է անցնելու և այդ նպատակով նաև ՍԴ է ուղարկվելու, և այնտեղ համապատասխանությունը ստուգելուց հետո ԱԺ-ում տեղի կունենան քննարկումներ»,- նշել է Փաշինյանը և շեշտել, որ Ալմա Աթայի հռչակագիրը ֆիքսվելու է՝ որպես սահմանազատման բազային սկզբունք:
Փաշինյանի խոսքով, եթե մենք խոսում ենք խաղաղության օրակարգի մասին, ապա նման դեպքերում հարցը չպետք է դնենք՝ այս փաստաթղթի ստորագրմամբ Ադրբեջանը հաղթեց, Հայաստանը պարտվեց, կամ՝ հակառակը:

«Որովհետև խաղաղության օրակարգի իրական և անկեղծ իրացումը նշանակում է, որ մենք դուրս ենք գալիս այդ հաղթելու-պարտվելու ռեժիմից և փորձում ենք հասնել համաձայնության: Այն փաստաթուղթը, որը ստորագրվել է, դա համաձայնության արդյունք է»,- շեշտել է Փաշինյանը:

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է «COP 29»-ին մանակցությանը, Փաշինյանը նշել է, որ այս պահին դեռ որոշում չունեն:

«Եթե հիմա տեսական խոսենք, որևէ որոշում բացառել չի կարելի՝ նայած, թե վերջնական որոշման կայացման ժամկետում ինչ իրադրություն կլինի։ Իրադրության գնահատմամբ կկայացնենք որոշում»,- հավելել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս