Հիմա ո՞վ է երկիրը դատարկում
Ոչ վաղ անցյալում Նիկոլ Փաշինյանը նախկին իշխանություններին մեղադրում էր Սյունիքը դատարկելու մեջ։ Բայց, որ ինքը ոչ միայն Սյունիքն է դատարկել, այլև Հայաստանի մյուս սահմանամերձ մարզերն ու բնակավայրերը, այդ մասին չի խոսում։
Պաշտոնական տվյալներով՝ վերջին 6 տարում Հայաստանի սահմանամերձ երեք՝ Սյունիքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի մշտական բնակչությունը կրճատվել է ավելի քան 41 հազարով։ Ընդ որում՝ ամենաշատը հենց Սյունիքի բնակչությունն է կրճատվել։
2018թ. հուլիսի 1-ի դրությամբ Սյունիքի մշտական բնակչությունը հասնում էր 138,3 հազարի։ Մինչդեռ՝ այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 117,2 հազար։ Փաշինյանի կառավարման այս 6 տարում կրճատվել է 21,1 հազարով։
Գեղարքունիքի մարզի բնակչության թիվը Փաշինյանի կառավարման այս 6 տարիների ընթացքում կրճատվել է 14,3 հազարով։ 2018թ. 229,3 հազար էր, դարձել է 215 հազար։
Սյունիքի ու Գեղարքունիքի համեմատ, Տավուշում կրճատումն այդ նույն ժամանակահատվածում համեմատաբար քիչ է եղել. միջինը տարեկան գրեթե հազար մարդով մշտական բնակչությունը պակասել է՝ 123,2 հազարից իջել է 117,5 հազարի։ Բայց դա դեռ սկիզբն է։
Սահմանազատման անվան տակ Տավուշի գյուղերն Ադրբեջանին հանձնելուց ու ադրբեջանցիներին տավուշցիների քթի տակ նստեցնելուց հետո, ոչ մի կասկած չկա, որ առաջիկայում այս մարզում տեղաշարժերը շատ ավելի ակտիվ են լինելու։ Ոչ մեկը չի կարող երաշխավորել, թե սահմանազատումից հետո, վաղը ինչ կարող է լինել։
Անվտանգության հետ կապված մտահոգություններն այս միակողմանի սահմանազատումից ոչ միայն չեն փարատվել, այլև ավելացել են։ Ադրբեջանցի զինվորն այսօր կանգնած է Կիրանցի դպրոցի հենց կողքին։
Փշալար անցկացնելը կամ պատ շարելն անվտանգության երաշխիք չէ։ Դրանով մարդիկ իրենց ավելի պաշտպանված չեն կարող զգալ, ինչպես նախկինում էին զգում, երբ Տավուշի սահմաններն անհամեմատ ամուր էին, իսկ սահմանագիծը գտնվում էր բնակավայրերից կիլոմետրերով հեռու։
Անգամ այդ պայմաններում Տավուշի մարզի մշտական բնակչությունը Նիկոլ Փաշինյանի իշխանության 6 տարիներին նվազել է 5,7 հազարով։ Երեք սահմանամերձ մարզերում՝ ընդհանուր առմամբ 41,1 հազարով։
Բայց դա ամբողջ պատկերը չէ։ Իրականում նվազումը շատ ավելի մեծ է։ Վերջին 1 տարում այդ մարզերի մշտական բնակչության թիվը որոշ չափով ավելացել է, բայց ավելացել է ոչ թե բնական աճի, այլ Արցախից տեղահանված մեր հայրենակիցների վերաբնակեցման հաշվին։
Եթե նրանց հանենք, ապա սահմանամերձ այս երեք մարզերի մշտական բնակչության թվի նվազումը կարող է հասնել ընդհուպ 50 հազարի։
Մինչև 2023թ. հուլիսի 1-ը, երբ դեռևս տեղի չէր ունեցել արցախցիների էթնիկ զտումը, Սյունիքի մարզի մշտական բնակչությունը, 2018թ. հուլիսի 1-ից հետո, նվազել էր 23,3 հազարով, Գեղարքունիքինը՝ 19 հազարով, Տավուշինը՝ 8 հազարով։ Արցախցի մեր հայրենակիցների վերաբնակեցման հաշվին վերջին մեկ տարում սահմանամերձ այս մարզերի մշտական բնակչության քանակը որոշ չափով ավելացել է, բայց շարունակել է 41,1 հազարով պակաս լինել, քան մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը։
Հիմա ո՞վ է դատարկում մեր երկիրը, Հայաստանի սահմանամերձ բնակավայրերը, եթե ոչ հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։
Քանդել են անվտանգային բոլոր համակարգերը, թուլացրել ու բարոյազրկել բանակը, երկրի սահմանները թողել անպաշտպան թշնամու առաջ։ Մարդիկ իրենց պաշտպանված ու անվտանգ չեն զգում, տագնապած են։ Բնակավայրերը հայտնվել են թշնամու ուղիղ թիրախի տակ, ենթարկվում են գնդակոծության։
Պատճառներ շատ կան, բայց գլխավոր պատճառը դա է, որ վերջին տարիներին տասնյակ-հազարավոր մարդիկ լքել են սահմանամերձ բնակավայրերը։
Սահմանամերձ բնակավայրերը լքելու պատճառները նաև սոցիալական են ու տնտեսական։ Մարդիկ զրկվել են անասնապահությամբ ու հողագործությամբ իրենց հացը վաստակելու տարրական պայմաններից։ Թշնամուն բերել նստացրել են մեր բնակավայրերի գլխին ու տեղի բնակչությանը զրկել սեփական հողերն ու արոտավայրերը տնօրինելու հնարավորությունից։ Այլ ելք չունենալով՝ մարդիկ հեռանում են։
Շատերը նաև երկրից են հեռանում, արտագաղթի ծավալներն օր-օրի մեծանում են։
Նիկոլ Փաշինյանի իշխանության առաջին 5 տարիներին Հայաստանի մշտական բնակչությունը նվազել է ավելի քան 24 հազարով. Եթե 2018թ. հուլիսի 1-ին շուրջ 2 մլն 969 հազար էր, 2023թ. հուլիսի 1-ին եղել է 2 մլն 945 հազար։
Սրանք պաշտոնական ցուցանիշներ են։ Բայց դա չի նշանակում, որ 5 տարում հենց այդքան մարդ է լքել Հայաստանը։ Լքողները շատ ավելին են, քան մշտական բնակչության թվի նվազումն է։ Այս ցուցանիշներում ներառված է նաև բնակչության բնական հավելաճը։ Դրանով հանդերձ՝ անգամ 2018թ. հաջորդած 5 տարիներին Հայաստանի մշտական բնակչության քանակը նվազել է։
Վերջին մեկ տարում արտաքուստ իրավիճակը փոխվել է. բնակչության քանակն առաջին հայացքից 112 հազարով ավելացել է՝ 2 մլն 945 հազարից դարձել է 3 մլն 57 հազար։ Բայց դա տեղի է ունեցել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների՝ Հայաստանում հաստատվելու հաշվին։
Ժամանակին, երբ Փաշինյանը և նրա վարչախումբը հայտարարում էին, թե Հայաստանի բնակչության թիվը պետք է ավելացնենք ու մինչև 2050թ. հասցնենք 5 միլիոնի, հավանաբար նաև Արցախի հայաթափումն ու Հայաստան բռնագաղթելը նկատի ունեին։
Միայն անցած տարվա սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ արդրբեջանական վայրագությունների հետևանքով շուրջ 120 հազար արցախցի հարկադրված տեղափոխվեց Հայաստան։ Գրեթե 30 հազար էլ ավելի վաղ էր տեղափոխվել։
Արցախը դատարկելու հաշվին է, որ Հայաստանի բնակչությունը վերջին մեկ տարում ավելացել է։ Դա բնակչության բնական աճի, արտագաղթի ծավալների կրճատման կամ ժամանակին խոստացած «մեծ հայրենադարձության» հետ կապ չունի։
Բնակչության բնական աճի պատկերն այս տարի նույնիսկ վատացել է։
Եթե անցած տարվա առաջին կեսին բնակչության բնական հավելաճը եղել էր ավելի քան 4,5 հազար, այս տարի նույնիսկ 2,5 հազարի չի հասել։ Հավելաճը կտրուկ նվազել է այն պատճառով, որ մի կողմից՝ ծնունդներն են կրճատվել, մյուս կողմից՝ մահերն են ավելացել։
Արտագաղթը շարունակվում է։ Տարվա առաջին կեսին գրեթե 23 հազարով ավելի շատ Հայաստանի քաղաքացի է հեռացել երկրից, քան վերադարձել է։
Այս վարչախմբի հայտարարած «մեծ հայրենադարձության» մասին, բնականաբար, անիմաստ է խոսել, դա մեծ սուտ է, հերթական կեղծիքը, որն օգտագործում էին քարոզչական նպատակներով։ Այս իշխանությունների ներկայացուցիչները վաղուց են խոստովանել, որ Հայաստանի մշտական բնակչությունը պատրաստվում են ավելացնել այլազգիների հաշվին, ինչն արդեն անում են։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ