Արեն Մկրտչյան, բա Տիգրան Ավինյանի ի՞նչն են կողոպտել ծովահենները

2018թ. ապրիլ-մայիսյան արհավիրքից, ավելի ստույգ՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի իշխանազավթումից հետո մայիսի 26-ին երևի անձրև էր եկել: Դե, երևի էլի նախկիններն էին անձրևը բերել:

Այդ օրը Նիկոլ Փաշինյանի թիմակից, կայքերից մեկում երբեմնի սպորտային լուրեր թարգմանող լրագրող, իշխանազավթումից հետո պատգամավոր ու Ալավերդու «նայող» դարձած Արեն Մկրտչյանը մի լուսանկար հրապարակեց , որին կից գրեց՝ «Ծովակալ Իսակովի պողոտայում ծովահենները կողոպտել են Տարոն Մարգարյանի ծառայողական սուզանավը»:

Ինչ խոսք, ՔՊ-ականների մակարդակում բավականին լավ հումոր ունի Արեն Մկրտչյանը: Բայց անձրևն այնպիսի բան է, որը սովորություն ունի գալ նաև «թավշյա» իշխանազավթումից հետո: Եվ 6 տարվա ընթացքում անձրևը նույն կերպ եկել ու հեղեղել է Երևանի ոչ միայն՝ փողոցները, այլ նաև՝ արդեն իսկ գետնանցումներն ու մետրոյի կայարանները:

Կարդացեք նաև

Երեկ գիշեր Երևանում տեղացած անձրևից այնպես էր հեղեղվել Մաշտոցի պողոտայի նորակառույց գետնանցումը, որի ժապավենը, ի դեպ, Տիգրան Ավինյանը մի քանի անգամ կտրեց, որ մարդիկ սոցիալական ցանցերում կատակում էին՝ երբ դու չես գնում ծով, ծովն է գալիս քեզ մոտ:

Արեն Մկրտչյանի ուշադրության կենտրոնում եղած Ծովակալ Իսակովի պողոտան ևս դժվարանցանելի էր: Եվ առհասարակ հեղեղից հետո Երևանում կատարվողի տեսանյութերը բազմաթիվ են: Սոցցանցերը ողողված են նաև գիշերվա հեղեղի հետևանքները պատկերող լուսանկարներով, տեսանյութերով:

Երևանի քաղաքապետը հիմա Տարոն Մարգարյանը չէ, այլ Արեն Մկրտչյանի թիմակից Տիգրան Ավինյանը: Հետաքրքիր է՝ ծովահենները Տիգրան Ավինյանի ի՞նչն են կողոպտել:

Իսկ հետաքրքիր է՝ Արեն Մկրտչյանը հիմա ինչո՞ւ չի անդրադառնում իր սիրելի թեմային՝ տեսողության խնդիր ունի՞, թե՞ մեկ այլ, ավելի լուրջ խնդիր, օրինակ՝ հիշողության կորուստ:

Դե հա, իրենց քվեարկողների ուղեղները լվանում են՝ էս անձրևները, ձյունը, կայծակը, կարկուտը, բոլորը նախկիններն են իրենց գլխին բերում, Լևոն Տեր-Պետրոսյանն է մեղավոր, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Պուտինը, Բայդենը, Թրամփը, Սի Ծինփինը, թե չէ՝ խեղճ Նիկոլն ի՞նչ անի…

Դատարկախոսությամբ զբաղվելու, ցոփ ու շվայտ կյանքով ապրելու, պոռոտախոս ու կեղծիք տարածող ելույթների, ֆեյսբուքներում ախմախ գրառումներ անելու փոխարեն՝ ՋՐԱՏԱՐՆԵՐԸ ՄԱՔՐԵՔ: Ջրատարները աղբով լցվելու հատկություն ունեն, գործ արեք, պետական բյուջեն քամուն մի տվեք, ձեր շեֆին մի նմանակեք՝ իմիտացիայով քիչ զբաղվեք: Ճիշտ է, երեկ ձեր շեֆը Հայաստանի «հպարտ քաղաքացուն» ասաց, որ ձմռանը քաղաքացիներն իրենք պետք է ձյունը, սառույցը մաքրեն, և ոչ թե՝ կառավարությունը կամ քաղաքային իշխանությունը, բայց նրան մի լսեք: Ով՝ ով, բայց դուք հո գիտեք՝ նա մի օր էս կասի, վաղը մի ուրիշ բան կասի:

Տեսանյութեր

Լրահոս