Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափը արդյունավետ է. Փաշինյանը հրաժարվում է ռուսական միջնորդությունից

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման միջնորդություն ստանձնելու՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին՝ նշելով, որ տևական ժամանակ է՝ Ադրբեջանի հետ աշխատանքը տեղի է ունենում երկկողմ ձևաչափով, և ըստ Փաշինյանի՝ ճիշտ կլինի՝ այդ ձևաչափով շարունակել:

«Երկկողմ այդ ձևաչափն այս ընթացքում որոշակի արդյունավետություն է ցույց տվել՝ սկսած նախորդ տարվա դեկտեմբերի համատեղ հայտարարությունից, շարունակած սույն թվականի ապրիլի 19-ի հայտարարությամբ: Երեկ էլ սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգը ստորագրվեց: Մենք կարծում ենք, որ նաև պետք է կողմնորոշվենք այս հարցում, որովհետև ընդհանուր ըմբռնումը եղել է այն, որ այս փուլում մենք աշխատում ենք երկկողմ ձևաչափով, և քանի դեռ այդ ձևաչափով կարողանում ենք առաջ գնալ, ճիշտը հենց այդ ձևաչափն է»,- ասաց Փաշինյանը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բաքու կատարած այցի ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին առաջարկել էր ՌԴ միջնորդությունը: Ադրբեջանի նախագահը դրական էր արձագանքել, Հայաստանից՝ Փաշինյանի մակարդակով, որևէ հրապարակային արձագանք չէր եղել: Փաշինյանի դիրքորոշման վերաբերյալ որևէ խոսք չկար նաև Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրության մեջ: Սակայն Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ուղիղ և անկեղծ ասել է՝ այս պահին նախընտրում է առանց միջնորդների ուղիղ բանակցել Ալիևի հետ:

«Ես այդ մասին ուղիղ և անկեղծ ասել եմ նաև ՌԴ նախագահին՝ մեր վերջին հեռախոսազրույցի ընթացքում: Մյուս կողմից՝ էլի երկկողմ ձևաչափով աշխատելու արձանագրումն անելով՝ չեմ կարող ասել, թե բացառում եմ որևէ այլ ձևաչափով աշխատանք՝ այն ընդգծմամբ, որ ամեն դեպք առանձին վերցրած ժամանակաշրջանում, առանձին վերցրած հարցի համատեքստում պետք է դիտարկել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Կարդացեք նաև

Փաշինյանը նկատեց՝ Լոնդոնի հայտնի դեպքերի ժամանակ փորձ արվեց տպավորություն ստեղծել, թե ինքը հրաժարվել է Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից:
«ՀՀ-ն չի հրաժարվել հանդիպումից, ես ինքս Ադրբեջանի նախագահին առաջարկել եմ՝ դիվանագիտական խողովակներով որպեսզի տեղի ունենա հանդիպում երկկողմ ձևաչափում, որովհետև նախկին շրջանում այդ ըմբռնումը փոխադարձաբար եղել է, որ այս շրջանում մենք աշխատում ենք երկկողմ ձևաչափում, և ես կարծում եմ, որ կարող ենք այս տրամաբանությունը շարունակել, որովհետև այս պահի դրությամբ արդյունավետ է: Երբ հասունանա պահը՝ բարձրագույն մակարդակում հանդիպում անցկացնելու, չբացառելով որևէ ձևաչափ, կարծում եմ՝ դա կարող է նաև Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղի ունենալ, այնտեղ, որտեղ սահմանազատման հանձնաժողովներն են հանդիպում: Ես պատրաստ եմ նաև այդպիսի շփումներին: Ինչ վերաբերում է եռակողմ ձևաչափերին, էլի, չբացառելով որևէ տարբերակ, տվյալ ժամանակաշրջանում, տվյալ իրադրության մեջ պետք է դրա նպատակահարմարությունը գնահատվի՝ արդյունքին միտված լինելու տրամաբանությամբ»,- ասաց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս